Եկող տարվանից՝ 2020 թվականից, առողջապահության նախարարությունը նախատեսում է պետպատվերով մատուցվող որոշ ծառայությունների համար բուժհիմնարկներին տրվող ֆինանսավորումը հատկացնել ոչ թե նախօրոք, ինչպես որ տարիներ ի վեր եղել է, այլ հետո, այսինքն՝ հետվճարային համակարգով: Այս մասին նոյեմբերի 30-ին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատվաստումների թեմայով լրագրողների համար Աղվերանում կազմակերպված դասընթացի ժամանակ:
Նախարարի կարծիքով, պետպատվերի միակ թերությունը մինչեւ հիմա եղել է այն, որ գումարը տրվել է նախօրոք. «Մենք 2020-ից որոշ ծրագրերի համար անցնում ենք հետվճարային ֆինանսավորման: Դրանք են ծննդօգնությունը, սրտի անհետաձգելի ստենտավորման ծառայությունները եւ զինվորականներին մատուցվող ծառայությունները»:
Ըստ նրա, գործող համակարգով քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար բուժհիմնարկին տալիս են օրինակ՝ 1 միլիարդ դրամ, որը գերազանցելու հնարավորություն չկա: Իսկ ապահովագրության դեպքում գործում է հետվճարային սկզբունքը. «Ապահովագրության գումարն ի սկզբանե շատ է եղել, իսկ պետպատվերին տրված գումարը՝ քիչ: Հիմա հակառակ իրավիճակն է լինելու, պետպատվերին տրված գումարը բավականին շատ է՝ բյուջետային աճերի շնորհիվ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից