Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախագծեր չեք բերում, որպեսզի Արթուր Ջավադյանին, Մամիկոն Ասլանյանին, Տիգրան Մուկուչյանին, Սամվել Բալասանյանին «փուռը տաք». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 02,2019 14:49

Երբ ասում եք, որ ժողովուրդը չի վստահում այս ՍԴ-ին, Հրայր Թովմասյանին, իշխանությունը եւ ժողովուրդը վստահո՞ւմ են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին. այս հարցն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, հանձնաժողովում այսօր քննարկվում է ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու անվանումը ստացած նախագիծը:

«Ձեր իշխանությունը վստահո՞ւմ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հաշվեքննիչ պալատի նախագահ Սերժ Սարգսյանի ընկեր Լևոն Յոլյանին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Գյումրիում բոնուսներով և կեղծիքներով ընտրված Սամվել Բալասանյանին… այս ցանկը կարող եմ շարունակել: Կա երկու տարբերակ՝ կամ ասում եք, որ այդ մարդկանց վստահում եք, կամ ինչո՞ւ նախագծեր չեք բերում, որպեսզի իրենց էլ «փուռը տաք» գնան, որպեսզի նրանց տեղերում նորմալ, ժողովրդի վստահությունը վայելող մարդիկ նշանակվեն»,-շարունակեց Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը տեղից արձագանքեց Էդմոն Մարուքյանի հարցադրումներին`իր զարմանքը հայտնելով գործընկերոջ հարցերից. «Իմ գնահատմամբ, սա նախագծի քննարկման հետ կապ չունի, կոնկրետ նախագիծ ենք քննարկում, որի հիմնավորումները կցված են դրան»:

Էդմոն Մարուքյանը իշխանական գործընկերոջ համար հստակեցրեց` խորհրդարանը քաղաքական մարմին է, որտեղ ցանկացած քննարկվող հարց ունի քաղաքական ենթատեքստեր ու հիմնավորումներ, իսկ այս նախագծի եւ ՍԴ խնդրի հետ կապված եղել են բազմաթիվ քաղաքական հայտարարություններ. «Զարմանում եմ, որ թիրախավորել ենք ՍԴ և ասում եք, թե այնտեղ ճգնաժամ կա ու ժողովուրդը չի վստահում և այլն: Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և մեր մյուս գործընկերներին դատապարտող դատավորները հենց հիմա աշխատում են: Թիրախավորել ենք կոնկրետ ՍԴ-ին, որտեղ քաղաքական որևէ հիմնավորում չկա: Այս նախագիծը վստահությանն ուղղված կարկատան է: Ավելի կարևոր ինստիտուտներ կան, որոնց վստահությունը պետք է վերականգնել: ՍԴ-ում ճգնաժամ չկա»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր Տարոն Սիմոնյանի կարծիքով էլ, եթե ՍԴ դատավորներն անվստահություն են ներշնչում, ինչպես կարծում են իշխող խմբակցության պատգամավորները, ապա նրանց ոչ թե պետք է վաղաժամ թոշակի ուղարկեն, այլ առաջնորդվեն օրենքով նախատեսված նորմերով:

«Ցանկացած իրավախախտում պետք է առաջացնի իրավական հետևանքներ, այլ ոչ թե խրախուսում: Եթե անձը իրավախախտում է կատարել, նա ճիշտ դատավոր չէ, այդ մարդուն պետք է հեռացնեն իր պաշտոնից, այլ ոչ թե փող տան ու ասեն՝ գնա վայելիր քո երիտասարդությունը: Ինչո՞վ եք հիմնավորում կամ տրամաբանում այն փաստը, որ ֆիքսում ենք, թե անձինք վստահության պակաս ունեն, ու ասում եկեք նրանց գումար տանք գնան կյանքը վայելեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Նախագիծը հավանության արժանացավ եւ ընդգրկվեց առաջիկա քառօրյայի օրակարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031