ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը դատավորների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող նախագիծ է. այս հարցն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Գեւորգ Պետրոսյանն ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Պատգամավորին նաեւ հետաքրքիր էր, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվել հենց ՍԴ դատավորները, ինչո՞ւ, օրինակ, նույն կանոնը չեն ցանկանում կիրառել Վճռաբեկ, Վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ: «Հիմա, օրինակ, ես էլ կուզեի իմ չորս տարիների աշխատավարձը միանգամից տային ու ես գնայի ըմբոխշնեի ձմեռային Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել: Եվ չե՞ք կարծում, որ սրանով մենք աղճատում ենք կենսաթոշակի ինստիտուտը: Որ ասում ենք «Սահմանադրական դատարանի ճգնաժամ», խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը»,- շարունակեց Գևորգ Պետրոսյանը:
«Ճգնաժամ ասելով հասկանում ենք, որ մենք սահմանադրական փոփոխությունները քննարկելիս 2015 թվականին ասել ենք, որ ՍԴ-ի մոդելը սխալ է, ուստի անդամներին առաջադրող մարմինները պետք է լինեն երեքը՝ դատավորների ընդհանուր ժողովը, կառավարությունը և ՀՀ նախագահը: Սակայն այդ մոդելը կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնավարում էին որպես ՍԴ դատավորներ: Մենք չենք աղճատում կենսաթոշակի ինստիտուտը, նրանք կամավոր կարող են անցնել կենսաթոշակի: Ինչ վերաբերում է հարկատուներին, ապա ինքս տարբեր ոլորտներում եմ աշխատել և շատ լավ գիտեմ հարկատուների վերաբերմունքն իրենց վճարած հարկերին: Որոշակի առումով մտահոգություններ առաջացնում է, սակայն հանրությանը տալ հաջորդ հարցը`իրենք որքան են պատրաստ հարկ վճարել և աշխատավարձ տալ այն պաշտոնատար անձանց, որոնք նկատմամբ վստահությունը ցածր է»,- եղավ նախարարի պատասխանը:
Գևորգ Պետրոսյանը նախարարի խոսքից չստացավ իր հարցերի պատասխանները. «Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվել, ինչո՞ւ եք խտրականություն դնում: Ժողովրդական խոսք կա, ասում է՝ «ձուկը գլխից է հոտում»: Եթե դա բարեգործություն է, եկեք մեծերից սկսեք, սկսեք ՏԻՄ-երից: Կամ որ ասում եք՝ վստահության պակաս կա, այդ ինչպե՞ս եք ստուգել. եթե այդպես է ժողովուրդը բոլոր դատավորներին չի վստահում, դրեք բոլորին հեռացրեք: Եթե մենք դժգոհության տեսանկյունից նայենք, ապա բոլոր պետական մարմիններից ժողովուրդը դժգոհում է: Հիմա, եթե ՍԴ դատավորներն անվստահություն են ներշնչում, դրախտի «ուղեգի՞ր» եք տալիս»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ