Իջեւանի քաղաքապետի ընտրությունները կկայանան եկող տարի՝ 2020 թվականի մարտի 15-ին՝ աննախադեպ խոշորացման արդյունքում
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ են նախատեսված: Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություն պետք է կայանար նաեւ Տավուշի մարզի Իջեւան համայնքում: Դրանք դեռ սեպտեմբեր ամսին պետք է կայանային, սակայն, նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ հարցը փակվեց մինչեւ դեկտեմբերի 8-ը: Համենայնդեպս, մեր հարցին ի պատասխան, Տավուշի մարզպետարանից այն ժամանակ ասել էին, որ Իջեւանում ընտրության օր է նշանակվել դեկտեմբերի 8-ը: Այդ տեղեկությունը տեղադրված էր քաղաքապետարանի կայքում: Մարզպետարանում ասացին, որ տեղեկությունը մարզպետարանի կայքում չի տեղադրվել տեխնիկական պատճառներով: Նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար` Հայկ Ղալումյանը: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է: Ինչեւէ, դեկտեմբերի 8-ին էլ Իջեւանում քաղաքապետի եւ ավագանու անդամների ընտրություններ չեն կայանա: Հիմա էլ, դրանք նշանակված են 2020 թվականի մարտի 15-ին:
ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն, համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ: Հետհեղափոխական շրջանում, սակայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բավական ուշագրավ միտում արձանագրեցին փորձագետները. դրանք ուղեկցվում են օրենքի խախտումներով: Այսպես, շատ դեպքերում ընտրության օրերը նշանակվում են այնպես, որ համայնքի ղեկավարի լիազորությունների ավարտի ու նոր ընտրությունների օրերի միջանկյալ ժամանակահատվածում նշանակվում են պաշտոնակատարներ, որոնց պաշտոնավարման ժամկետը (նշանակովի լինելով) բավականին տեւական է լինում՝ ըստ էության բերելով ինքնակառավարման իրավունքի սահմանափակման։ Նախընտրելի թեկնածուն նախ նշանակվոմ է համայնքի ղեկավարի տեղակալ, ապա ժամանակավոր պաշտոնակատար եւ հնարավորինս ձգվում է ընտրության ժամկետը, քանի որ իշխանական շրջանակներում վստահություն չունեն, որ ընտրություններով իրենց թեկնածուները կընտրվեն տեղերում: Իջեւանում նույն իրավիճակն է: Խնդիրն այն է, որ իշխանությունը ժամանակ է շահում`յուրայիններին «առաջ քաշելու» համար:
Փորձեցինք հարցի մասով պաշտոնական տեսակետներ լսել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր նախնական զրույցում ասաց, որ սիրով կպատասխանի բոլոր հարցերն, ապա անցած շաբաթվա ընթացքում նա այդպես էլ ժամանակ չգտավ դրա համար: Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարն ի պատասխան մեր հարցման`վկայակոչելով ՀՀ ԸՕ-ի 122 հոդվածի 2-րդ կետը, ըստ որի համայնքի ղեկավարի ատահերթ ընտրությունները նշանակվում են կառավարության որոշմամբ, տեղեկացրել է, որ նախկին քաղաքապետ`ՀՀԿ-ական Վարդան Ղալումյանի հրաժարականից հետո, առ այսօր կառավարությունը Իջեւան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության մասին որոշում չի կայացրել:
Կարդացեք նաև
Ընտրություններն Իջեւանում պետք է նշանակվեն արտահերթ կարգով, քանի որ Վարդան Ղալումյանն իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց: Վարդան Ղալումյանի դեմ քրեական գործ կար հարուցված`չարաշահումների հոդվածով, բայց խոսակցություններ եղան, որ պաշտոնից մի քանի օր առաջ հրաժարական տալու Վարդան Ղալումյանի քայլն այդ գործով պայմանավորված չէր, այլ գործող իշխանությանը հնարավորություն տալու, որ յուրային ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի եւ ըստ նպատակահարմարության, ընտրությունները ձգձգվեն:
ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից «Առավոտի» հետ զրույցում Իջեւանում ընտրությունների հետաձգումը բացատրեցին համայնքների խոշորացման ծրագրով եւ քանի որ ծրագիրն արդեն ուժի մեջ է, երկու անգամ ընտրություն անցկացնելուց, լրացուցիչ ծախսեր անելուց խուսափելու համար, ասացին, Իջեւանում ընտություններ են նշանակվել 2020 թվականի մարտի 15-ին: Բայց այստեղ բավական հետաքրքիր նրբություններ կան: Նախ` «Վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը դեռեւս քննարկման են դրված e-draft.am կայքում: Այսինքն, նախագծերը դեռ պետք է համապատասխան ընթացակարգ անցնեն` կառավարությունը պետք է հաստատի, ապա խորհրդարանը եւ նոր միայն դրանք կդառնան օրենք: Կառավարությունում, փաստորեն համոզված են, որ այս ճանապարհին խնդիր չեն ունենալու եւ մարտի 15-ին արդեն Իջեւանում ընտրություններ են անցկացնելու: Ապա, միավորման այս նախագծով ենթադրվում է, որ մարզի 20 համայնքներ` Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն եւ այլն, միավորվելու են Իջեւանի շուրջ: Համայնքների միավորման գործընթացում սա աննախադեպ խոշորացում է: Թե ինչո՞ւ է այս մոդելն ընտրվել` ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ասացին` հանրային քննարկումների արդյունք է: Կուլիսներում, սակայն, խոսակցություններ են շրջանառվում, որ քննարկվում է Իջեւանում` Երեւանի, Գյումրիի, Վանաձորի մոդելով ընտրություններ անցկացնելու տարբերակը: Այսինքն`կուսակցական մոդելով, ինչի արդյունքում հաղթող կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող անձը կդառնա քաղաքապետ: Խոսակցություններ կան, որ վարչապետ Փաշինյանն անձամբ է պատրաստվում քարոզարշավին մասնակցել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019