Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի շահերը չեն համադրվում»

Դեկտեմբեր 02,2019 16:00

Սերգեյ Բագրատյանը ՍԴ-ի՝ հրաժարական տված անդամների համար կենսաթոշակ սահմանելու հարցով մտահոգված է՝ հարկատուներն ինչո՞ւ պետք է վճարեն մարդկանց, որոնք չեն աշխատելու:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր: Նշենք, որ հաջորդ շաբաթ խորհրդարանը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը:

Նախագծում կա առաջարկ՝ Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակ սահմանել:

«Առավոտի» հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը կասկածի տակ դրեց այն, թե ինչքանով է ճիշտ վաղ կենսաթոշակի անցնելու ինստիտուտը հարկատուների հաշվին կատարել: Նա հարցրեց. «Հարկատուներն ինչո՞ւ պետք է վճարեն մարդկանց, որոնք չեն աշխատելու: Բայց մյուս կողմից դա ի վերջո քննարկվող տարբերակներից ոչ լավագույնն է»: Մեր հիշեցմանը՝ շահարկվում է այն, որ սա իշխանության կողմից այսպես ասած՝ ազդեցություն է ՍԴ անդամների վրա հրաժարական տալ, Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Մեծ հաշվով, եթե նայենք իշխանության տեսակետից, ապա իշխանությունը մեկնաբանում է, որ դա պարտադիր պայման չէ, այլ կամավորության սկզբունք, բայց մենք դիտարկում ենք հարկատուների տեսակետից, որ այդ կամավորությունը համաձայնեցված չէ հարկատուների հետ»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ ՀՀ կառավարությունը մերժեց ԲՀԿ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտա խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ ԱԺ փոխնախագահներին:

Սերգեյ Բագրատյանն այս առիթով ասաց, որ ընդդիմությունը, բնականաբար, ցանկանում է ավելի լայն հնարավորություններ ունենալ՝ այդ թվում լսումներ կազմակերպելու տեսակետից, բայց Ազգային ժողովն էլ մերժում է այն հիմքով, թե քանի որ խմբակցությունն ունի նման իրավունք, դա բավարար է. մոտեցումների խնդիր է. «Գտնում եմ՝ ոչնչով չի խանգարի, որ ԱԺ փոխնախագահները նույնպես կարողանան լսումներ կազմակերպել: Մեծ հաշվով այդ լսումները հանրային հարաբերությունների քննարկման, հանրային հնչեղություն ունեցող հարցերի լուսաբանման, փողոցներում, համայնքներում եղած խնդիրները ԱԺ բերելու նպատակ ունեն: Եթե նպատակը վատը չէ, ուրեմն դրանք մերժելու հարցում ոչ թե առարկելու խնդիր եմ տեսնում, այլ լսումներից ինչ-որ չափով խուսափելու հիմք եմ տեսնում: Քանի որ մեր առաջարկի նպատակն այն է, որ եթե խմբակցությունը լսումների՝ իր որոշակի մթնոլորտում չի տեսել այս կամ այն խնդիրը, բայց ԱԺ փոխնախագահն  ունի նման խնդիր, կարող է ինքնուրույն կազմակերպել այդ լսումները, ես դրանում ինստիտուցիոնալ իմաստով թերություն չեմ տեսնում»:

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ ԲՀԿ-ի եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի շահերը չեն համադրվում: Մեր հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ի շուրջ ձեւավորվի ընդդիմադիր բեւեռը, պատգամավորը պատասխանեց. «Այն ուժերը, որոնք խորհրդարանում են եւ խորհրդարանական ամբիոնով աշխատում են ժողովրդի հետ, այս երեք ուժերը համարյա  90 տոկոս ձայն են ստացել: Հետեւաբար հարցերը, որոնք քննարկվում են խորհրդարանում, կարեւոր օրակարգեր եւ հանրային պահանջներ ապահովող խնդիրներ են: Այն, ինչ խորհրդարանից դուրս է քննարկվում, դրանք ավելի շատ այն քաղաքական ուժերի օրակարգն են սպասարկում, որոնք այս պահին չգտնվելով  խորհրդարանում՝ նպատակ են հետապնդում այդ աշխատանքի արդյունքում հայտնվել խորհրդարանում: Ես դեռ ՀՀ պատմության մեջ չեմ տեսել, որ արտախորհրդարանական ուժը կարողանա իշխանության գալ: Հետեւաբար իրենց պայքարի իմաստը խորհրդարանում տեղ գտնելն է: Իսկ մենք խորհրդարանական ուժ ենք եւ խորհրդարանում տեղ ունենք: Մենք ավելի լայն հանրության շերտերին պիտի սպասարկենք, որ հաջորդ ընտրություններին ավելի շատ տեղեր ունենանք խորհրդարանում: Մեր շահերն ի վերջո իրենց հետ չեն համադրվում: Մեր շահերը մրցակցային են»:

«Առավոտի» հարցին՝ ԲՀԿ-ի նկատմամբ եղած հանրային վստահության վրա բացասաբար չե՞ն ազդում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների այն հայտարարությունները, թե՝ մենք կհիշեցնենք ձեզ ձեր անցյալը եւ այլն, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Իհարկե, ազդում են: Մենք պետք է մեր ճիշտ աշխատանքով չեզոքացնենք այդ կարգի հայտարարությունները: Ի վերջո պառլամենտարիզմը ենթադրում է կոալիցիաներ: Նման կարգի հայտարարություններին ես միշտ պատասխանում եմ, որ մենք  իրենց հետ էլ ենք կոալիցիա կազմել, բայց  դա չի նշանակում, որ մենք կամ իրենք վարկաբեկվել են այդ կոալիցիայով: Կոալիցիան քաղաքական մշակույթ է: Պառլամենտական երկրներում նախատեսվում է, որ անընդհատ կոալիցիաներ կազմեն: Եվ դրա մեջ դատապարտելի բան տեսնելն այլ հարց է, որ իհարկե, հանրային տրամադրությունների վրա ազդում է, քանի որ ի վերջո ունեն մեծամասնություն, ավելի մեծ աջակցություն ունեն եւ, բնականաբար, իրենց խոսքն ավելի հասանելի է: Մենք պետք է փորձենք մեր ունեցած ռեսուրսներով ապացուցել, որ այդպես չէ եւ պետք է գնահատել այն աշխատանքը, որը կատարվում է: Պետք է համադրել, թե մենք, լինելով 26 պատգամավոր, քանի նախագիծ ենք ներկայացրել, աշխատանքի տոկոսային արդյունավետությունը, հարցապնդումները, կառավարության հետ աշխատանքը: Այս բոլոր արդյունքներն, ի վերջո, չորս տարի հետո գույքագրվելու եւ դառնալու են քվեներ»:

Այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով, Սերգեյ Բագրատյանը գաղափարը դրական է համարում, սակայն կարծում է, որ տոկոսադրույքի հաշվարկում սխալներ կան. վեց տոկոսը բարձր է վերցված եւ չպետք է դա անել մեկ աղբյուրից. այսինքն՝ միայն հարկերի հաշվին. «Պետք է նայել այլ աղբյուրներ եւ՚ դոնոր կառույցների, եւ՚ միջազգային կառույցների հետ աշխատանքի հնարավորությունը ու ոչ թե միայն հարկատուների, այն էլ աշխատող քաղաքացու հաշվին պահել չաշխատողին: Ձեւակերպում ենք՝ իբր հարուստ  խավի հաշվին պահենք ավելի չապահովված խավին, բայց իրականության մեջ աշխատող խավը դեռ հարուստ խավ չի նշանակում»: Այնպես որ, ըստ պատգամավորի՝  վիճահարույց մոտեցումներ կան:Պատգամավորն առաջարկում է այս գործընթացում ընդգրկել մասնավոր եւ միջազգային կառույցների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031