Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը նսեմացնում է սեփական ժողովրդի արժանապատվությունը

Դեկտեմբեր 02,2019 15:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս Սումգայիթ քաղաքի հիմնադրման 70-ամյակի միջոցառումների  ժամանակ հայտարարեց, թե սումգայիթյան ջարդերը «հայ ազգայնականների սադրանքն» են եղել:

ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով փաստերի նման խեղաթյուրմանը՝ շեշտեց՝ սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանի նախագահն իրականում իր ժողովրդին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ չի շարժվում: «Նա հակառակն է անում՝ շարունակում է բնույթով հայատյաց, իսկ իմաստով՝ ռասիստական քաղաքականությունն ու քարոզչությունը: Ի դեպ, ռասիստական քարոզչությունը հետապնդելի արարք է: Նրա ասածում երկու հետաքրքիր դրվագ կա: Նախ, Ալիեւը սրանով ընդունում է իրավահաջորդությունն այն ամենի, ինչը տեղի է ունեցել խորհրդային Ադրբեջանում: Սա շատ կարեւոր փաստարկ է առ այն, որ Ադրբեջանի այս իշխանությունը, նման աղավաղումներ անելով, իր վրա է վերցնում մեղքի ինչ-որ զգացումը: Երկրորդ, ես միշտ շեշտել եմ՝ չի կարելի այդպես նսեմացնել Ադրբեջանի ժողովրդի արժանապատվությունը: Այդ ի՞նչ ժողովուրդ է, եթե նախկինում դատապարտվածի կոչով երեք օր Սումգայիթում մարդասպանություններ է իրականացրել, իսկ հետո՝ հերոսացրել մարդասպաններին ու շարունակել այդ գործողություններն ամբողջ Ադրբեջանում»,-շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Նա հարցադրում արեց. «Պատկերացնո՞ւմ եք, թա դա ինչպես է նսեմացում Ադրբեջանի ժողովրդին: Ստացվում է, որ ես տարիներ շարունակ պաշտպանում եմ Ադրբեջանի ժողովրդի անմեղ մասի արժանապատվությունը, իսկ նախագահը պարզապես ոտքի տակ է տալիս իր ողջ ժողովրդի արժանապատվությունը»:

Լարիսա Ալավերդյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանը Թուրքիայի իրավահաջորդն է, որի նախագահն այս տարի Հայոց ցեղասպանության համար մեղադրեց հենց հայերին. «Սա մտածված՝ ձեռք ձեռքի տված քաղաքականություն է, որը հեռահար նպատակ ունի: Այն ուղղված է ոչ թե անցյալին, այլ ապագային, որպեսզի ամբողջությամբ աղավաղեն հայի եւ հայության պատկերը, իսկ իրենց հայատյաց եւ մարդատյաց ծրագրերի իրականացումը հիմնավորեն»:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ երեսուն տարում ադրբեջանական քարոզչամեքենան սումգայիթյան ջարդերի իրականությունը խեղաթյուրելու ուղղությամբ տեղեկատվական մեծ արշավ է իրականացրել միջազգային մակարդակում, ինչը ՀՀ նոր իշխանության համար մեծ մարտահրավեր է. «Այն նպատակ չունի արդարացնելու Ադրբեջանի արյունոտ անցյալը, այլ ուղղված է ապագային»:

Լուիզա ՍՈՒՔԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031