Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահական ինչպիսի ծառայություններ են ներառված պարտադիր ապահովագրությամբ

Դեկտեմբեր 02,2019 15:00

Առողջապահության նախարարության շրջանառաության մեջ դրած «Առողջության համապարփակ ապահովագրության»՝ ԱՀԱ-ի հայեցակարգը դժգոհությունների տեղիք է տվել: Այս նախագիծը դեռեւս պետք է ներկայացվի կառավարություն, որտեղ հավանություն ստանալուց հետո այն շրջանառվի եւ քննարկվի Ազգային ժողովում: Նախագծով սահմանվում է աշխատող քաղաքացիներից գանձել ամսական 6% առողջության հարկ: Այս եւ այլ դրույթներ, նախագծի հեղինակների պնդմամբ, հնարավոր է քննարկումների արդյունքում փոփոխվեն:

Ի՞նչ է նախատեսվում այս հայեցակարգով. ներկայացնում ենք  մի քանի դրույթներ:

Նախ՝ այս ապահովագրությունը ծածկելու է ՀՀ-ում բնակվող բոլոր քաղաքացիների, այդ թվում չաշխատողների բուժսպասարկման ծախսերը, որն իրականացվելու է ԱՀԱ պետական կառավարման հիմնադրամի միջոցով:

Ըստ նախագծի հեղինակների, ԱՀԱ ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության եւ մահացության ցուցանիշների բարելավումն է, առողջական խնդիրների հետեւանքով հաշմանդամության դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը եւ տնտեսության աճին:

Հաշվարկված եւ կանխատեսվող տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77274 դրամ: Աշխատող եւ ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:

ԱՀԱ ներդրման պահին պետական բյուջեի «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատակիցների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շահառու հանդիսացող եւ աշխատող քաղաքացիների համար կսահմանվի անցումային դրույթ, որի ընթացքում նախատեսված բյուջետային գումարների շրջանակներում կապահովվի առողջության հարկի սուբսիդավորում ամսական կտրվածքով՝ մեկ աշխատողի հաշվով տվյալ ծրագրում առկա գումարի չափով:

Ըստ նախագծի հեղինակների, ֆինանսական միջոցների պակասը խոչընդոտում է համակարգի զարգացմանը եւ բուժօգնության որակի բարելավմանը, նպաստում է բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական աղետալի ծախսերի պատճառով, խոչընդոտում է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների հասանելիության եւ ֆինանսական մատչելիության բարելավմանը: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետեւանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում:

ԱՀԱ ծածկույթը՝ բնակչության խմբերը եւ ծառայությունները

Մինչեւ 18 տարեկան երեխաների համար հիմնական ծառայությունների փաթեթը կընդգրկի՝ արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ Ա) Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը եւ բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ եւ դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար, Բ) Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը եւ պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, Գ) Շտապ բժշկական օգնության ծառայություններ, այդ թվում սանավիացիա, Դ) Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը, Ե) Մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ, Զ) Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված եւ տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում:

Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

Ա) Իմունիզացիա, Բ) կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ եւ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,

Գ) աղիքային եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, Դ) տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

Ե) ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ, Զ) հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

Է)հեմոդիալիզի ծառայություններ:

1) Հիվանդանոցային բուժօգնության եւ սպասարկման ծառայություններ, այդ թվում.

Ա) Նորածինների վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայություններ,

Բ) Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,

Գ) Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,

Դ) Չարորակ նորագոյացությունների վիրահատության եւ ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաեւ քիմիոթերապեւտիկ բուժօգնություն,

Ե) Մանկաբարձություն եւ նեոնատալ խնամքի ծառայություններ,

Զ) Մանկական եւ նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ եւ վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական եւ դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ,

18 տարեկանից բարձր բնակչության համար հիմնական ծառայությունների փաթեթը կընդգրկի՝ 1) Արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ Ա) Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը եւ բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային՝ այդ թվում հատուկ եւ դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար, Բ) Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը եւ պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,  Գ) Շտապ բժշկական օգնության ծառայություններ, այդ թվում սանավիացիա Դ) Ստոմատոլոգիական անհետաձգելի բժշկական օգնությունը (զննում եւ ատամի հեռացում, պրոթեզավորում), Ե) Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված եւ տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում քրոնիկ հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, դրանցից` արյան ճնշման բարձրացումով բնորոշվող հիվանդություններ/գերճնշումային հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություն, Ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման եւ  նյութափոխանակության խանգարումներ, դրանցից` թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոզ), շաքարային դիաբետ, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանցից՝ ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոց, լեղապարկի եւ լեղուղիների հիվանդություններ: Շնչառական ուղիների հիվանդություններ, դրանցից՝ բրոնխիտ՝ քրոնիկական եւ չճշտված, էմֆիզեմա, թոքաբորբ, ասթմա, ասթմատիկ ստատուս:

Այլ քրոնիկ հիվանդություններ, դրանցից՝ աչքի եւ նրա հավելյալ ապարատի հիվանդություններ, Ռեակտիվ հոդախախտեր, ռեւմատոիդ հոդաբորբ, շարակցական հյուսվածքի տարածուն ախտահարումներ, սպոնդիլոպաթիաներ, երիկամների գլոմերուլյար եւ  տուբուլոինտերստիցիալ. երիկամի եւ միզածորանի այլ հիվանդություններ, արգանդի պարանոցի էրոզիա եւ էկտրոպրիոն:

Հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ Ա) Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության ծառայություններ, Բ) Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն, Գ) Չարորակ նորագոյացությունների վիրահատության եւ ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաեւ քիմիոթերապեւտիկ բուժօգնություն, Դ) Մանկաբարձություն, նախածննդյան եւ հետծննդյան բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ,

Ե) Ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ եւ վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական եւ դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ:

Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում է բուժման համար անհրաժեշտ միջոցառումները եւ  հարբժշկական ծառայությունները, այդ թվում` բժշկական խորհրդատվություններ, հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունները, հիվանդանոցային բուժման ընթացքում հիվանդանոցի կողմից անհրաժեշտ դեղորայքով, բուժական միջամտությունները. հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձին վճարովի հիվանդասենյակների արժեքի):

3.Ապահովագրական փաթեթում բացառություններ կկազմեն կոսմետոլոգիական, պլաստիկ վիրաբուժությունը, հիմնական դեղերի ցանկից դուրս դեղերը, առանձին ոչ բժշկական հարակից ծառայությունները, ինչպես նաեւ ՀԾՓ-ում չընդգրկված ստոմատոլոգիական ծառայություններն ու նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացվող միջամտությունները եւ հետազոտությունները:

Կամավոր բժշկական ապահովագրությունը կլինի լրացնող առողջության համապարփակ ապահովագրությանը եւ կընդգրկի ՀԾՓ-ից դուրս մնացած ծառայությունները:

Պատրաստեց՝

Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031