Անցյալ տարի մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտի կառուցվածքում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը կազմել է 97.22 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Տնտեսական նախաձեռնությունների կենտրոնի հրապարակած «Թվերն ու արդյունքները» զեկույցից: Նույն կառուցվածքում սպորտի, զվարճությունների եւ հանգստի մասնաբաժինը կազմել է 1.86 տոկոս: Արվեստի եւ հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների եւ այլ մշակութային կազմակերպությունների գործունեությունը 0.91 տոկոս է: Կառուցվածքում մեծ մասնաբաժին ունի նաեւ վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլախաղերի եւ բուքմեյքերական գործունեության կազմակերպումը` 80,42 տոկոս: Խաղատների գործունեությունը 19,57 տոկոս է կազմել իսկ դրամական շահումով խաղային ավտոմատներինը` 0.01 տոկոս:
Զեկույցի հեղինակները նշում են, որ դժվար է տարանջատել, թե, օրինակ` վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլախաղերի եւ բուքմեքերական գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ խաղատների գործունեության ենթաոլորտների պարագայում մատուցած ծառայությունների դիմաց ստացած գումարների աճի որ մասն է բաժին ընկել օտարերկրյա այցելուներին եւ որ մասը` ՀՀ բնակիչներին: Ինչ վերաբերում է բուքմեյքերական գործունեության կազմակերպմանը, ապա միջնաժամկետ հատվածում այս ենթաոլորտի եկամուտները հիմնականում պայմանավորված են եղել խոշոր միջոցառումներով, ինչպիսին, օրինակ` եղել է 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանի Դաշնությունում:
Ըստ զեկույցի հեղինակների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը համարվում է տնտեսության գերակա ոլորտ, ապա վերջինիս ծավալի մեծացումը խթան կհանդիսանա կացության եւ հանրային սննդի կազմակերպման, ինչպես նաեւ մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտների մասնաբաժինների մեծացմանը ծառայությունների մեջ:
Լուսինե Բուդաղյան
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019