Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկը վարույթը մերժել է

Դեկտեմբեր 02,2019 14:00
lurer

Ինչպես տեղեկացրել էինք, 2019 թվականի օգոստոսի 29-ին գրավոր ընթացակարգով քննելով Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 18-ի թիվ ԵԿԴ/3404/02/17 վճռի դեմ կայացված քաղաքացիական գործով (ըստ հայցի՝ Վահե Հակոբյանն ընդդեմ Արթուր Գրիգորյանի, «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության, «Անկախ լրագրողների ցանց» հ/կ-ի, «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության)՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, մերժվել էր: Երեւան քաղաքի դատարանի վճիռը մնացել էր անփոփոխ:

Նոյեմբերի 13-ին ՀՀ վճռաբեկ դատարան բողոք էր բերել Վահե Հակոբյանի ներկայացուցիչը: Նա որպես մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտման առերեւույթ առկայության հիմնավորումներ՝ վկայակոչել է հետեւյալը.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 11-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել եւ կիրառել նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը, սխալ է կիրառել 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ, 130-րդ, 130.1-րդ հոդվածները, 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 132-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Ըստ վճռաբեկ ատյան դիմած ներկայացուցչի, վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտով խաթարվել է արդարադատության բուն էությունը, որի արդյունքում չի վերականգնվել Վահե Հակոբյանի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին հասցված վնասը:

Բացի այդ. «Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված եւ պատճառաբանված չէ, ինչպես նաեւ չի կատարել համապատասխան վերլուծություն, համադրում, որից պարզ կդառնար, թե կոնկրետ որ նորմի կիրառման արդյուքնում է մերժում ներկայացրած վերաքննիչ բողոքը»։

Վճռաբեկ դատարանը քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, մերժել էր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել հետեւյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը:

Նկատի ունենալով այն, որ տվյալ դեպքում բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու եւ այն վերադարձնելու հիմքերը` Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու ու մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտման առերեւույթ առկայության հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, արձանագրել էր հետեւյալը. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն, ի թիվս այլնի, վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը եւ դրա հիմնավորումը»:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներին, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միեւնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, Վճռաբեկ դատարանն արձանագրել էր. «Թեեւ բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, սակայն բողոքում ներկայացված հիմնավորումները Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը հիմնավորված համարելու, ուստիեւ այդ հիմքերով բողոքը վարույթ ընդունելու համար»:

Ըստ Վճռաբեկ դատարանի, բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, առկա է նոր կամ նոր երեւան եկած հանգամանք:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար: Նշեմ, որ չորս հատորանոց գործով բերված բողոքի զեկուցողը եղել է դատավոր Ե. Խունդկարյանը:

Հիշեցնեմ, որ հայցվորը սկզբնական հայցով խնդրել էր պարտավորեցնել Արթուր Գրիգորյանին՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի aravot.am կայքի միջոցով, «Անկախ լրագրողների ցանց» հ/կ-ի epress.am կայքի միջոցով, «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի syuniacyerkir.am կայքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն լրատվական միջոցներով տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Հերքման տեքստն անգամ ուղարկվել էր դատարան, հետեւյալ բովանդակությամբ. «2017 թվականի հուլիսի 31-ին aravot.am կայքում Արթուր Գրիգորյանի կողմից չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող տվյալներ են հրապարակվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ, իբր, նրա կողմից կատարված հանցագործության մասին։ Իրականում Վահե Հակոբյանի կողմից հանցագործություն չի կատարվել եւ երբեւէ Վահե Հակոբյանի վերաբերյալ որեւէ քաղաքացիական եւ քրեական գործ չի հարուցվել, չի քննվել եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի, հետեւաբար Վահե Հակոբյանի վերաբերյալ հրապարկված հիշյալ փաստերը որեւէ կերպ չեն համապատասխանում իրականությանը: Ես ընդունում եմ իմ մեղքը Սյունիքի մարզպետ Վահ Հակոբյանին անհիմն զրպարտելու մեջ, հերքում եմ 2017 թ. հուլիսի 31-ին հրապարակված հոդվածում արտահայտված տվյալները եւ ներողություն եմ խնդրում Վահե Հակոբյանից.

Պարտավորեցնել Արթուր Գրիգորյանին, որպես զրպարտության արդյունքում պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, Վահե Հակոբյանին վճարել 2.000.000 ՀՀ դրամ»:

Դատարանի 18.04.2019 թվականի վճռով` գործի վարույթը «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության դեմ ներկայացված պահանջի մասով, կարճվել է՝ պահանջից հրաժարվելու հիմքով, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:

Վերաքննիչ դատարանը հուլիսի 16-ին որոշում էր կայացրել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031