Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես կարող եմ երդվել իմ միակ երեխայով՝ զանգովի արդարադատություն ինձ մոտ չի եղել». Ալվինա Գյուլումյան

Դեկտեմբեր 02,2019 12:21

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը քանիցս լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ ՍԴ-ի շուրջ որեւէ ճգնաժամ չկա: Այն, որ հանրային խորը անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ, այդ թվում՝ ՍԴ որոշումների նկատմամբ եւ դրա համար հիմք է ծառայել օրվա իշխանությունների քիմքին համապատասխան որոշումներ կայացնելը՝ ընտրական վեճերը լուծելիս, Ալվինա Գյուլումյանը նույնպես չի ընդունում:

Նա մի առիթով պատասխանելով մեր հարցին՝ ասաց. «Ցավոք սրտի, գիտե՞ք ինչ է կատարվում, մեր փաստաբանները, կամ կողմի ներկայացուցիչները երբեմն գործը լավ չնախապատրաստելով, բավարար ապացույցներ դատարանին չներկայացնելով՝ այսպես ասած քավության նոխազ են գտնում դատարանին»: Դիտարկմանը, որ հասարակության ցանկացած անդամի մոտենաք ու հարցնեք, կասի, որ կեղծվել են ընտրությունները՝ Գյուլումյանն արձագանքեց. «Հա, բայց մենք չենք կարող հասարակության այդ կարծիքը դնել… համոզմունք կարող է լինել, համոզմունքին պետք է հիմնավորող ապացույցներ լինեն: Մենք ապացույցներն ենք դնում վճռի հիմքում: Եթե ապացույց չի ներկայացվում, ամենաակնհայտ գործն էլ կարող է արդյունք չունենալ»:

Aravot.am-ի հետ զրույցում մեր զարմանքին, որ, փաստորեն, ինչքան էլ դուք հոգու խորքում վստահ լինեք, որ ընտրությունները կեղծված են, այլ որոշո՞ւմ եք կայացնում՝ տիկին Գյուլումյանը պատասխանեց. «Ես ինքս կարող եմ շատ վստահ լինել, բայց եթե դատարան ապացույց չբերեցին, ես ոչինչ անել չեմ կարող: Ես չեմ կարող ասել՝ ես լսել եմ, կամ ես տեսել եմ, իմ աչքի առաջ լցոնում է եղել: Ես կարող եմ ընդամենը լինել ցուցմունք տվողներից մեկը, բայց այդ դեպքում պետք է գործի քննությանը չմասնակցեմ»:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր թեւը միշտ հարյուրավոր էջերով փաստարկներ է ներկայացնում, նաեւ դիտորդական առաքելությունները՝ Ալվինա Գյուլումյանն ասաց. «Ես ձեզ խորհուրդ կտամ գաք այդ հարյուրավոր էջերից դատարանում մի հատ ընտրական վեճի գործ վերցնեք եւ սկսեք կարդալ: Ընդ որում, ես ձեզ ասեմ՝ 96-ի ընտրական վեճը քննելիս դա հնարավոր էր, որովհետեւ այն ժամանակ օրենքով սահմանափակում չունեինք, այսինքն, Սահմանադրական դատարանը ինքը կարող էր ընդհուպ արկղերը բացել, քվեաթերթիկները ստուգել: Հետո եղավ օրենքում փոփոխություն ու ՍԴ-ն կարող է հիմք ընդունել միայն խախտումների վերաբերյալ ապացույցները, որոնք ընդհանուր իրավասության դատարանում վիճարկվել են: Դատական գործեր պետք է բերեն, կամ որոշումները, որոնցով արձանագրվում է խախտումը, կամ էլ գոնե դիմում, որը չի քննարկվել դատարանում»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ձեզ երբեւէ որեւէ գործով չե՞ն զանգել կամ միջնորդավորված փորձել ասելիքը տեղ հասցնել՝ Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ մեկը փորձեր, իր պատասխանը կստանար եւ դրանով կվերջանար»: Ճշտեցինք՝ այսինքն, զանգովի արդարադատություն ձեր հետ կապված չի՞ եղել՝ նա պատասխանեց. «Ես կարող եմ երդվել իմ միակ երեխայով, ինձ մոտ չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031