Արդեն իսկ ձեւավորված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ բացի նրա ընտրության մեխանիզմի հետ կապված հարցերից, այլ բաների մասին խոսելը լրիվ անիմաստ է եւ ուշացած: Փաստացի, իշխանությունների կողմից անտեսվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից արված ավելի ժողովրդավարական առաջարկը՝ հանձնաժողովի ձեւավորումն իրականացնել մրցութային կարգով: Իհարկե, միայն Տիրոջն է հայտնի, թե հանձնաժողովի այս ընթացակարգով եւ այս թեկնածուներով ձեւավորումն էր ավելի ճի՞շտ, թե՞ այն ընթացակարգով առաջնորդվելը, որն առաջարկում էր Վենետիկի հանձնաժողովը: Իհարկե, այս հարցի ճշգրիտ պատասխանը կտա միայն ժամանակը, երբ հնարավորություն լինի տեսնելու, որակելու եւ գնահատելու ընտրված մարմնի աշխատանքի արդյունավետությունը: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք:
Այժմ մի քանի խոսք հանձնաժողովի ձեւավորման մեխանիզմների մասին: Մեծ հաշվով, հանձնաժողովի ձեւավորման համար տեսականորեն կար երկու ռեալ տարբերակ. մեկը՝ որն արդեն արվեց, մյուսը՝ մրցութային եղանակն էր: Բնական է, որ միայն դրանց համեմատության արդյունքում կարելի է վեր հանել միմյանց նկատմամբ ունեցած առավելությունները եւ թերությունները: Փորձենք տեսնել, թե որոնք են այս երկու եղանակների միջեւ առկա առանցքային տարբերությունները: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ մրցութային տարբերակն արդեն իսկ իր մեջ ներառում է նաեւ ընտրված տարբերակն այն իմաստով, որ այս տարբերակի դեպքում առաջադրված թեկնածուների խումբը հաստատ ենթախումբ կհանդիսանար մրցութայինի դեպքում առաջադրվելիք թեկնածուների խմբի համար, այլ խոսքով՝ ընտրված տարբերակը փաստացի հանդիսանում է մրցութային տարբերակի մասնավոր դեպքերից մեկը: Ասվածը խոսում է այն մասին, որ հանձնաժողովը բացի առաջադրված թեկնածուներից, զրկվեց այլ թեկնածուների մասնակցության պոտենցիալ հնարավորությունից, որը ոչ ավելի, ոչ պակաս, նվազագույնը մասնակիցներին կբերեր մրցակցային դաշտ, որի պարագայում թեկնածուների ավելի լայն թիմից կընտրվեին ամենալավագույնները եւ բացի այն, կրկնում եմ, որ ոչ միայն կապահպանվեր ժողովրդավարության հիմնական բաղադրիչներից մեկը, այլեւ կապահովվեր նաեւ որոշակի ֆորմատով ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուների մասնակցության հնարավորությունը, որոնց մեջ հնարավոր էր լինեին ավելի փորձառու, ավելի արժանավոր թեկնածուներ, որից հետագայում միմիայն կշահեր հանձնաժողովը, հետեւաբար նաեւ երկիրն ու ժողովուրդը: Մի խոսքով, այդ պարագայում հաստատ ավելի վատ չէր լինի, քանզի տվյալ թեկնածուները եւս ընդգրկված կլինեին թեկնածուների կազմում, որով եւ կմեծանար լավագույնների ընտրության հավանականությունը: Ասվածը կարեւորվում է նաեւ նրանով, որ քանի որ ուղիղ իմաստով առաջին անգամ էր ձեւավորվում կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ հանձնաժողով (իհարկե, սա հայտնություն չէր եւ մինչ այժմ էլ գործել էին նմանատիպ գործառույթներով մարմիններ, ինչպիսին էր, օրինակ, Բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը), որի անվանումն անգամ հուշում է, որ գործառույթների առումով այն նշված ոլորտում շատ ավելի ուղղակի եւ կոնկրետ խնդիրներ ունի լուծելու, քան ունեցել են նախկինում ստեղծված նմանատիպ մարմինները, եւ որի վրա էլ՝ որպես ամուր հիմք հենվելով, պետք է առավելագույն ճիշտ ուղով ընթանար սույն հանձնաժողովի աշխատանքը (միայն ամուր հիմքի վրա կառուցված շենքը ամուր կլինի): Եթե ուրիշ ոչ մի բան, ապա գոնե Բարձրագույն պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի օրինակը (որն իմ գնահատմամբ՝ բացարձակապես անարդյունավետ աշխատեց) պարզորոշ վկայում է, որ նման մոտեցմամբ հանձնաժողովի ձեւավորումն ընդհանրապես չարդարացրեց կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի դեմ պայքարի սպասելիքները (ասվածը հեշտ կհիմնավորվի, եթե ժողովրդի մեջ անցկացվեն համապատասխան սոցիոլոգիական հարցումեր), հետեւաբար, միգուցե այս հանգամանքը եւս պետք է ազդակ դառնար, որպեսզի շրջանցվեր ընտրված տարբերակը եւ կիրառվեր թեկնածուների առաջադրման մրցութային տարբերակը: Ինչեւէ, այս ամենն արդեն պատմություն է. ընդամենը վարկածներ ու մտորումներ, քանզի բացարձակ ճշմարտություն չկա եւ սույն վերլուծությունով կարծես փորձում ենք գոնե մեզ հույս տալ եւ երկար մնալ բարի ցանկությունների դաշտում: Իսկ թե ինչու է այսքան շատ կարեւորվում այս հանձնաժողովի դերակատարումը, նշենք միայն, որ այս իշխանությունները երկրի փրկության թիվ մեկ գերակայություն են հռչակել հենց կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, այնպես որ, նշված հանձնաժողովի աշխատանքից է նաեւ հիմնականում կախված հռչակված ստրատեգիայի հետագա ճակատագիրը: Աստված մի արասցե, եթե հանկարծ այս հարցում իշխանությունները չհաջողեն, ապա դրանով նաեւ փաստացի ձախողած կլինեն երկրի զարգացման համար չափազանց կարեւոր բազմաթիվ այլ ուղղությունների ճակատագրերը եւս, քանզի դրանք խիստ փոխկապակցված են երկրում առկա կոռուպցիոն իրավիճակի հետ: Կույրին անգամ տեսանելի է, եթե մի երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարը հաջողություններ չի գրանցում, ապա խոսք անգամ չի կարող գնալ տնտեսության՝ թեկուզ մեկ ոլորտում հաջողություններ արձանագրելու մասին, քանզի կոռուպցիան աներես «կենդանի է» եւ անամոթաբար մտնում է ցանկացած ոլորտ ու ոչնչացնում այնտեղ ցանած ցանկացած առողջ սերմ, որքան էլ որ այն խնամված ու պաշտպանված լինի: Բնավ չփորձելով չափազանցնել կոռուպցիայի կործանարար դերն ամենուրեք, ակամայից գալիս ենք մի եզրահանգման, որ կառավարման համակարգի եւ միջոցառումների ներդրման ինչպիսի իդեալական տարբերակներ ներդրված լինեն, միեւնույն է՝ որեւէ առաջընթաց չի գրանցվի, եթե կոռուպցիայի դեմ տարվող պայքարն արդյունավետ արդյունքներ չարձանագրի եւ չապահովագրի այդ միջոցառումների արդյունքների անվտանգությունը: Հենց այս տեսանկյունից է, որ այսքան կարեւորում ենք կոռուպցիայի դեմ տարվող պայքարը, որի առաջին քայլը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ի հնարավորին ճիշտ ձեւավորումն է: Պատկերավորության համար նշենք, որ որքան մարդու օրգանիզմի համար է չափազանց կարեւոր հիվանդությունների կանխարգելումը՝ հետագայում անբուժելի հիվանդություններից զերծ մնալու համար, նույնքան էլ կոռուպցիայի անասելի հետեւանքներից զերծ մնալն է չափազանց կարեւոր՝ կոռուպցիայի կանխարգելման միջոցառումները ժամանակին եւ ճշգրիտ իրագործելու հանգամանքով պայմանավորված, որի իրականացման առաջնային մանդատը վերապահված է հենց այս նորաստեղծ մարմնին: Իրականում այս թեման անվերջանալի է, քանզի սա երկրի ողնաշարն ապահով եւ ամուր պահելու առաջնային գրավականն է, այնպես որ, սրանով սահմանափակենք այս հույժ կարեւոր թեմայով ասելիքը եւ սպասենք հետագա զարգացումներին…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019