Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմայից դուրս եկած արվեստագետն առաջին հյուրախաղով Հայաստանում է

Դեկտեմբեր 02,2019 13:00

Հոկտեմբերին աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի՝ Լոս Անջելեսի օպերային թատրոնի գլխավոր տնօրենի (2003 թվականից) պարտականությունները վայր դնելու առիթով բուռն քննարկում էր ծավալվել նաեւ մեր արվեստագետների շրջանում: Հիշեցնենք, որ երգիչը մեղադրվում էր շուրջ երկու տասնյակ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Այս կապակցությամբ մեր արվեստագետներից ոմանք մտաբերում էին ժամանակին ճանաչված մեր որոշ արվեստագետների, հատկապես երաժիշտների նկատմամբ դատական գործերը, իհարկե՝ ոչ սեռական բնույթի: «Քարկոծում» էին այն արտիստներին, որոնք ժամանակին հանդես են եկել ու շարունակում են  նման «աշխատաոճ» ցուցաբերել գործընկերների, նաեւ իրենց իսկապես ճանաչված ու տաղանդավոր «շեֆերի» նկատմամբ, մոռանալով, որ կան ավելի կարեւոր արժեքներ եւ ի վերջո, բոլորը մահկանացու են:

Ռայնհարդ Զեեհաֆերը՝ տիկնոջ հետ:

Այս օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Երեւանում է հենց նման ճակատագրով՝ գերմանացի ճանաչված դիրիժոր, կոմպոզիտոր եւ դաշնակահար Ռայնհարդ Զեեհաֆերը: Մասնագետներն ասում են, որ նա իսկապես բախտավոր աստղի տակ է ծնվել՝ նկատի ունենալով որպես դիրիժոր նրա ուսումը Կուրտ Մազուրի, Ռոլֆ Ռոյտերի, Լեոնարդ Բերնսթայնի եւ Օտմար Սյուտների ղեկավարությամբ: Մինչ մաեստրոյի հետ հանդիպումը, մենք տեղեկացված էինք, որ նա ավելի վաղ պետք է այցելեր Երեւան, իսկ այցի ձգձգումը կապված է նրա հիվանդության հետ. ամիսներ շարունակ նա գտնվել է կոմայի մեջ եւ դրանից հետո առաջին հյուրախաղը մեզ մոտ է:

«Առավոտի» հետ զրույցում Ռայնհարդ Զեեհաֆերը ներողություն հայցեց հայ հանդիսատեսից՝  ուշացումով ժամանելու համար եւ հայտնեց պատճառը. «Երկու ամիս կոմայի մեջ էի: Դրանից հետո հենց հիվանդանոցում ստեղծեցի իմ հաջորդ՝ «Ժամանակն այստեղ դառնում է տարածություն» նոկտյուրնը, որի կատարմամբ հանդես կգա ձեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այս ստեղծագործությունս կատարվել է նաեւ իմ երկրում ու շատ  մասնագետների մոտ այն տպավորությունն է ստեղծվել, թե այն գրված է Վագների «Պարսիֆալ» օպերայի ազդեցության տակ: Նման բան չկա. ես ընդամենը այդ օպերայից վերցրել եմ «ժամանակն այստեղ դառնում է տարածություն» միտքը: Դա, իհարկե, պայմանավորված է իմ անձնական ապրումներով՝ կապված ծանր հիվանդության դեմ պայքարով: Կոնտրաբասի եւ անգլիական եղջերափողի փոխհամաձայնությունը սիրող զույգի մտահոգ երկխոսություն է, ողջ երկի ընթացքում կոնտրաբասի մերթընդմերթ հայտնվելն էլ լսելի է դարձնում հիվանդության դեմ պայքարող մարդու սրտի բաբախը: Իսկ ավարտին սիրո ուժը տոնում է դժվարին պայքարում ձեռք բերված հաղթանակը՝ ստվեր գցելով ժամանակի ու տարածության գաղափարի վրա»:  Դիտարկմանը՝ «սիրող զույգի մտահոգ երկխոսություն» ասելով հավանաբար նկատի ունի տիկնոջը, որը իր կողքին է եղել, մաեստրոն իր պատասխանը սկսեց տիկնոջ հետ ծանոթությունից. «Տիկնոջս՝ Կարմենին, նկատեցի հենց «Կարմեն» օպերայում, դա 30 տարի առաջ էր, Բեռլինի օպերային թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարն էի: Ստեղծագործական գործունեությանս տարիներին նա մշտապես տեսադաշտումս է եղել (ժպտում է) Գլորլիցի օպերային թատրոնում, թե, ասենք՝ այլ թատրոններում, որտեղ ես մեկնել եմ իբրեւ հյուրախաղորդ դիրիժոր: Կարմենն իմ կողքին է եղել Չինաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում… ողջ աշխարհում, որտեղ ղեկավարել եմ նվագախմբեր: Այս հիանալի մեցցո սոպրանոն (նկատի ունի կնոջը) ինձ ուղեկցել է իբրեւ դաշնակահար տարբեր երկրներում նույնպես: Եվ, փաստորեն, ինձ ուղեկցեց հիվանդանոցում՝ օրացուցային երկու  ամիս նստած լինելով մահճակալիս մոտ… Ինչու եմ այս ամենը մանրամասն պատմում: Որովհետեւ բոլոր ժամանակներում աշխարհում, իհարկե՝ չգիտեմ, բայց հավանաբար Հայաստանում նույնպես, ընդունված է եղել ու կա խանդը, հատկապես արվեստագետների շրջանում, որը, հավատացնում եմ՝ ոչ մի լավ բանի չի բերում: Այս խոսքերն ասում է մարդ, որն ըստ էության երկու ամիս հրաժեշտ է տվել կյանքին, ապա վերադարձել: Հասկանում եմ, որ չի կարելի բացառել մշակութային ինտրիգները, չզարմանաք՝ ես նույնիսկ դրան կողմնակից եմ, բայց դրանք թող լինեն միայն ստեղծագործական: Չէ՞ որ մենք՝ արվեստագետներս, ի սկզբանե կամ ի վերջո՝ ստեղծագործելու համար ենք»:

Դիրիժորը հավելեց նաեւ, որ տիկնոջ հետ որոշել են մահվան դեմ պայքարող «Ժամանակն այստեղ դառնում է տարածություն» նոկտյուրնը ներկայացնել, տարածել այլ երկրներում նույնպես:  Զրույցին ներկա տիկին Կարմենը  հավաստիացրեց, թե տեսակով պայքարող ամուսինը ոգով ուժեղ է:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ    
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031