Գյումրու «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կազմակերպության նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ դեկտեմբերի 15-21-ը կանցկացվի Քանդակագործական սիմպոզիում: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի տնօրեն, Գյումրու «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Գեւորգյանը: Նա տեղեկացրեց, որ սիմպոզիումին աջակցում է ԱՊՀ մշակութային հիմնադրամներից մեկը, ինչի արդյունքում էլ սիմպոզիումը ստացել է «Վերելք-2» անվանումը:
Արթուր Գեւորգյանը նշեց, որ սիմպոզիումին մասնակցելու համար դիմել են ԱՊՀ 7 երկրներից, այդ թվում՝ Բելառուս, Ղազախստան, Մոլդովա, ՌԴ, ու ամեն երկրից հրավիրվել է երկու քանդակագործ եւ 3 արվեստաբան կամ մշակութաբան: «Իրականացվելու է քանդակների կատարում արվեստանոցային պայմաններում: Տեղի է ունենալու «Հետխորհրդային երկրների եւ այդ ժամանակահատվածում խորհրդային մշակույթի վերափոխումները» թեմայով գիտաժողով: Մեր ծրագիրն, ըստ էության, բաղկացած է երկու մասից»,-նշեց սիմպոզիումի կազմակերպիչը: Հավելեց, որ 28 մասնակից էլ Հայաստանից է ներգրավված: Նրա խոսքերով, ավելի քան 90 մասնակից ունի միջոցառումը` այդ թվում 9 գեղարվեստի ակադեմիաների քոլեջների, 9 թանգարանների, տարբեր մշակութային ֆոնդերի եւ արվեստի կենտրոնների ներկայացուցիչներ ու գիտաշխատողներ: Կան նաեւ ազատ ստեղծագործողներ:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք քանդակները տեղադրվելո՞ւ են Գյումրիում: Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ առաջին երկու սիմպոզիումների ժամանակ ծնված քանդակագործական աշխատանքները տեղ են գտել 2 պուրակներում, եւ այժմ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գյումրիում այսպես թե այնպես շատ են քանդակները, որոշել են շենքային, ինտերիերային պայմանների քանդակների առաջադրանքներ տալ մասնակիցներին, մանավանդ արդեն 3-րդ սիմպոզիումի ժամանակ ստեղծված քանդակները տեղադրվել են քաղաքի վարչական շենքերում: Այս անգամ մեկական քանդակ էլ կտեղադրվի Գյումրիի բուհերում: Մեր զրուցակիցը հավելեց, որ քանդակները հետագայում տեղ կգտնեն Քանդակագործության ազգային պարկ թանգարանում, երբ շենքը կկառուցվի:
Արթուր Գեւորգյանի համոզմամբ, Գյումրին քանդակագործական սիմպոզիումը ճանաչողական եւ զբոսաշրջության խթանման խնդիր է լուծում, որովհետեւ ի վերջո Գյումրի են գալիս ԱՊՀ 7 երկրի ներկայացուցիչներ, այն էլ ոչ թե պատահական մարդիկ, այլ արվեստի հետ առնչվող: Նրա հավաստիացմամբ, սիմպոզիումի շրջանակում, հաճախ նաեւ եվրոպական երկրներից են հյուրեր ունենում, ինչը ստեղծում է կայուն կապեր հետագա փոխհարաբերությունների համար, միջոցառումը լայն սպեկտրով նաեւ լուսաբանվում է:
Կարդացեք նաև
Գյումրու «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» հ/կ նախագահը նշում է, որ 7 օրանոց միջոցառումն իրականացնելու համար տարիուկես աշխատում են, բայց գոհ են, քանի որ սիմպոզիումը այցեքարտային է դարձել Գյումրիի համար:
«Փաստը, որ 40 տեղի համար 140 հոգի է դիմել, արդեն խոսում է այն մասին, որ մենք բավականաչափ հեղինակություն ունենք, ինչը հաճելիորեն զարմանալի ցուցանիշ է…Առաջին սիմպոզիումների ժամանակ մենք անհատապես զանգում, խնդրում էինք, ներկայացնում, թե ինչի մասին է խոսքը, փորձում էինք հարմարվել իրենց պահանջներին, այժմ շարժվում ենք մեր հստակ կանոնակարգով»,-ասում է Արթուր Գեւորգյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019