ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը: Հիշեցնենք, այս նախագիծը դեռ հանրային քննարկումների փուլում մեծ աղմուկ բարձրացրեց: Այն վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեության ժամկետը վաղաժամ դադարեցնելուն` կամավոր հիմքով նրանց վաղաժամ թոշակի ուղարկելով, որի ընթացքում պահպանվելու են բոլոր վճարները, որոնք նրանք պետք է ստանային, եթե շարունակեին պաշտոնավարել:
Հարցը խորհրդարանում ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարն այսպես ձեւակերպեց առաջարկը` օրենքի 88-րդ հոդվածը լրացնել, ըստ որի, եթե ՍԴ դատավորը մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը հրաժարական կներկայացնի, ապա մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը նա ստանալու է կենսաթոշակ: «Այս դրույթով, ըստ էության, կառավարությունը հերթական նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ ՍԴ ճգնաժամը լուծելու համար: Կարգավորումները, որոնք մենք առաջարկում ենք՝ ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով և մենք ստացել ենք նրանց իրավական կարծիքը, որից հետո մենք որոշել ենք, որ վաղ կամավոր թոշակի անցնելու հատվածը պետք է ԱԺ բերենք առանձին օրենսդրական նախաձեռնությամբ»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, նախ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն էր բավական կոշտ արձագանքել Հայաստանում, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին`ՀՀ իշխանություններին կոչ անելով ետ կանգնել իրենց այդ նախաձեռնությունից: Ապա Վենետիկի հանձնաժողովը հարցի վերաբերյալ իր եզրակացության մեջ ամրագրել էր, որ պաշտոնաթողության առաջարկը նախագծում առարկելի չի լինի, եթե այն կրի կամավոր բնույթ: Այս ընթացքում ՍԴ մի քանի անդամներ հայտարարեցին, որ չեն պատրաստվում կամավոր թոշակի անցնել`կառավարության առաջարկը համարելով «օրինականացված կաշառք»:
Ռուստամ Բադասյանը վկայակոչեց Վրաստանի օրինակը, որտեղ Գերագույն դատարանի դատավորներին իրավունք է տրվել հրաժարական ներկայացնելուց հետո, ցմահ ստանալ աշխատավարձ՝ իրենց այդ ժամանակվա աշխատավարձի չափով: Ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նախարարը պնդում է, որ նույնը եղել է ՌԴ-ում, Ուկրաինայում:
Կարդացեք նաև
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծեց, որ սա ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հավելյալ քայլ է: Հասարակությունը ցածր վստահություն ունի ՍԴ-ի նկատմամբ և այս հարցը լուծելու համար անձանց վիրավորելու՝ այդ նախագծով թող այդպես չընկալվի, նրանցից ուղղակի ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուտն ենք ցանկանում ներդնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները»,- եզրափակեց Ռուստամ Բադասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ