Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոտոպրակները կարող են նոր մշակույթ դառնալ

Դեկտեմբեր 02,2019 12:00

Ինչպես գիտեք՝ առաջիկա տարիների ընթացքում պոլիէթիլենային տոպրակները կդառնան վճարովի, այնուհետեւ կարգելվի դրանց արտադրությունը։ Կտորե կամ թղթե տոպրակների օգտագործումը հասարակության համար մշակույթ դարձնելը նույնպես ժամանակ է պահանջում, իսկ դրան ուղղված ծրագրեր կան։

«Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի» էկոլոգիական ծրագրերի ղեկավար Մարգարիտա Աչիկյանը պատմում է իրենց իրականացրած դասընթացների մասին ու բացատրում պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու կարեւորությունը։

«Կտորե տոպրակները երկար են օգտագործվում, 4-5 ամիս տեսքն ու որակը պահպանում են, իսկ պոլիէթիլենային տոպրակները քայքայվում են մոտ 300 տարվա ընթացքում»,- ասում է Մարգարիտան ու հավելում, որ թղթե տոպրակներն էլ էկոլոգիական տեսանկյունից ճիշտ չեն, քանի որ այդպիսով թուղթ չի խնայվում։

Ծրագրի ղեկավարն այս խնդրով սկսել է հետաքրքրվել դեռ երկու տարի առաջ, երբ երիտասարդների մի խմբի հետ նպատակ են դրել ստեղծել սոցիալական ձեռնարկություն ու մի շարք գաղափարներ են ունեցել։

«Քայլ առ քայլ հանգեցինք այն որոշման, որ հասարակությանը պետք է գաղափարապես զարգացնենք ու տանենք կտորե տոպրակների օգտագործմանը»,- հիշում է Մարգարիտան։

Իրենց թիմով ուսումնասիրել են խնդիրը, հայաստանյան շուկան ու հասկացել, որ պատճառը մարդկանց իրազեկվածության պակասն է։

«Մարդիկ չգիտեն, թե այդ տոպրակն ինչով է վտանգավոր, քանի տարում է քայքայվում, այդ ընթացքում հողի վրա կամ հողի տակ մնալուց ինչ վնաս է տալիս»,- պարզաբանում է Աչիկյանը եւ ավելացնում՝ հասարակության յուրաքանչյուր անդամ պիտի հավատա, որ խնդրի լուծումն իրենից է սկսում։

Թիմը իրազեկումն իրականացնում է դպրոցներում, երիտասարդների շրջանում՝ դասընթացներ կազմակերպելով, իսկ արդյունքները չեն հիասթափեցնում։ Ծրագրի ղեկավարն ուսումնասիրել է նաեւ կտորե տոպրակների գները։ Նրա խոսքով՝ չկան էկոլոգիական պայուսակներ մատչելի գներով, մարդիկ էլ պատրաստ են խելամիտ գումար տալ։ «Գները տատանվում են 2,500-5000 դրամի սահմաններում, դրանք թիթիզ մեսիջներով պայուսակներ են, որ կրում են ոճի համար, մարդիկ կարող են 10 դրամով գնել պլաստիկ տոպրակները, դա ավելի էժան է, չկա այլ տարբերակ»,- բացատրում է Մարգարիտան։

Այս խնդիրն էլ լուծելու համար որոշել են՝ իրենք պատրաստել կտորե պայուսակներ թե՛ շուկայում գնումներ անելու, թե՛ առօրյայում կրելու, թե՛ ուսանողների համար եւ առաջարկեն ավելի մատչելի։

Աչիկյանի կարծիքով՝ եթե բոլոր կողմերը ներգրավվեն՝ նախարարություն, ազդեցիկ ու օրինակ ծառայող անձինք, ստեղծվեն գրավիչ հոլովակներ, կազմակերպությունները գնեն ու անվճար բաժանեն, մի քանի տարի անց այս մշակույթը արագ կտարածվի։

«Մենք՝ որպես հիմնադրամ, արժեք ենք վերցրել, որ օգտագործելու ենք էկոլոգիական պրոդուկտ, ու մեր նպատակներից մեկն է՝ այս մշակույթը զարգացնենք ու փորձենք օրինակ ծառայել, իսկ մարդիկ պիտի գիտակցեն դրա կարեւորությունը եւ ճիշտ ընտրություն անեն»,- ասում է Մարգարիտան։

Հավելենք նաեւ, որ Թալինում բաժանվել են կտորե տոպրակներ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս իր էջում հրապարակում էր արել ու հորդորել օգտվել էկոտոպրակներից, բայց համացացում դեռ կան պոլիէթիլենային տոպրակների պատրաստման, դրանց վրա տպագրության ծառայությունների առաջարկներ։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031