Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

60-ամյա կինը բողոք է ներկայացրել ամուսնու դեմ, որը չի ուզել իր հետ գնալ բարեկամի հարսանիքին

Դեկտեմբեր 02,2019 11:11

ՔԿ Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ընտանեկան եւ սեռական բռնության թեմայով քննարկում- սեմինարի ժամանակ ներկայացրեց 2017-2018-ին, ինչպես նաեւ 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի վերլուծությունը եւ ցույց տվեց այն հանցատեսակները, որոնք տեղի են ունենում հայկական ընտանիքներում:

Նախ, այս տարի 6 ամսվա ընթացքում արձանագրվել է ընտանիքում սպանության 9 դեպք, այն դեպում, երբ 2018-ին ողջ տարվա ընթացքում 10 սպանություն էր եղել: Մոր կողմից կատարված ընտանեկան բռնության դեպքերի թիվը այս կիսամյակում՝ 7 է, 2018-ին՝ 12 էր, հոր կողմից՝ 18 դեպք է: Ցավալի են ընդունվում հատկապես զավակի կողմից ծնողների նկատմամբ բռնության դեպքերը, որոնք քիչ թիվ չեն կազմում՝ 23 դեպք այս կիսամյակում, անցյալ տարի 40 դեպք է եղել: Կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության դեպքերը ընդամենը 3-ն են, բայց ենթադրվում է, որ տղամարդիկ ամաչում են դիմել իրավապահների ու հայտնել, որ կնոջ կողմից ծեծված են: Տղամարդու կողմից կանանց բռնության դեպքերը 135 -ն են՝ 6 ամսվա ընթացքում, անցյալ ողջ տարվա ընթացքում 143 է եղել: Թոռան կողմից տատ-պապերի նկատմամբ բռնության 5 դեպք է արձանագրվել, անցյալ տարի 7 էր: Ամուսնու ծնողների, այսինքն՝ սկեսուր-սկեսրայր կամ զոքանչ-աներոջ կողմից բռնության 7 դեպք է գրանցվել այս կիսամյակում, իսկ հարսը կամ փեսան սկսել են ավելի քիչ բռնություն գործադրել՝ 3 դեպք, անցյալ տարի 13 է եղել:

Անցյալ տարի ընտանիքում անզգուշությամբ մահ պատճառելու ոչ մի դեպք չէր գրանցվել, այս տարի առաջին կիսամյակին արդեն 2 դեպք կա: Սրանք այն դեպքերն են, երբ տանը վեճ-վիճաբանություն է լինում, կռիվ ու ընտանիքի անդամներից մեկի համար ողբերգական ավարտ է ունենում: 2017-ին ու 2018-ին ընտանիքում ինքնասպանության հասցնելու 3-ական դեպք էր գրանցվել, այս տարվա 6 ամսվա կտրվածքով արդեն 2 դեպք եղել է:

Ամենատարածված հանցատեսակը ծեծն է: 2018-ին գրանցվել է 267 դեպք, իսկ այս տարվա առաջին 6 ամիսներին արդեն 187: Քննարկման մասնակիցներից շատերի համար զարմանալի էր առեւանգման ցուցանիշը, ընտանիքի ներսում ի՞նչ առեւանգում, բայց պարզվում է՝ նման դեպքեր կան, անցյալ տարի 5 դեպք է եղել, այս տարի արդեն 2: Քննչական կոմիտեի անդամները սկսեցին հիշել կոնկրետ դեպքեր, թե ինչպես է մայրը աղջկան առեւանգել ու տվել իր ուզած փեսային, հայրն էլ իր հերթին՝ իր ուզած փեսայի մոտ տարել՝ առանց աղջկա կամքի: Սա եզդիների մոտ է շատ տարածված, այս դեպքում մայրն ուզել է իր 13-ամյա աղջկան ամուսնանել եղբոր տղայի հետ, նշանված աղջիկը փախել է իր քեռու տղայի հետ, դարձել կռվախնձոր:

Քննիչները իրենց փորձից իրական դեպքեր էին պատմում, թե մարզերում ինչպիսի «անշառ» թեմաներից է ընտանեկան վեճ սկսվում ու ինչ անդառնալի հետեւանքներ ունենում: Քննիչներից մեկը պատմեց, որ 60-ամյա կնոջից բողոք են ստացել՝ ամուսնու դեմ, որը չի ուզել իր հետ գնալ բարեկամի հարսանիքին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031