Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի է, որ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել դատավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով. Ասյա Օվանյան

Դեկտեմբեր 02,2019 10:38

Արհեստական ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ, այլ ոչ թե ՍԴ-ում

Սահմանադրական դատարանը մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Հարցրեք ցանկացած գործող փաստաբանի, և նա կհաստատի, որ այսօրվա կախյալ դատական համակարգի դեմ պայքարում վերջին օղակը մնում է Սահմանադրական Դատարանը, որտեղ կարելի է ակնկալել սահմանադրական արդարադատության իրականացում։ Հարցրեք դեռևս պայքարելու համառություն ունեցող դատավորներին, և նրանք էլ կհաստատեն, որ այսօր արդարադատության երաշխիքը, իսկ կոնկրետ գործերով նաև դատավորի անկախության երաշխավորը, մնում է հենց ՍԴ՝ իր որոշումներով։

Վերցնենք դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա ՍԴ կայացրած որոշումը, ում նկատմամբ ԲԴԽ-ն կիրառել էր հակասահմանադրական որոշում՝ ենթարկելով ամենախիստ կարգապահական տույժի՝դադարեցնելով վերջինիս լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։

Այսպիսի որոշումները փաստում են, որ ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ, այլ ոչ թե ՍԴ-ում։ ՍԴ բնականոն աշխատանքը և Սահմանադրության երաշխավորման համար որոշումների կայացումը դրա վառ ապացույցն է։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՍԴ անդամ նշանակված և հետագայում ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը սահմանել կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով, իրապես վտանգում է ՍԴ անկախությունը։

Առաջարկվող «վաղ կենսաթոշակի» մոդելը Վենետիկի Հանձնաժողովի կողմից նախկինում արժանացել էր բավականին խիստ մոտեցման դատական իշխանության նկատմամբ նման տեսակի մոդելների իրացման մասով: Մասնավորապես, Լեհաստանում իրացվող դատական փոփոխությունների վերաբերյալ քննադատությունը վերաբերում է երկու խումբ հարցերի՝ պարտադիր բնույթի վաղ կենսաթոշակ և դրա նույնիսկ կամավոր բնույթի դեպքում՝ իրավական հետևանքների զսպման մասով (եթե այն վերաբերում է մի քանի դատավորների, որոնց հրաժարականի դեպքում կարող է արգելափակվել ինստիտուտի գործունեությունը):

Կառավարության մշակած նախագիծը լիարժեք կամավոր բնույթի մոդել, քանի որ նախատեսում է ժամկետային ուղղակի սահմանափակում, այն է 2020 թվականի հունվարի 31-ը: Ժամկետային սահմանափակման նախատեսմամբ դատավորներին փաստացի պարտադրվելու է որոշակի գործընթաց դատական իշխանությանը:

Առաջարկվող փոփոխություններով միջամտության փորձ է արվում սահմանադրական արդարադատության իրականացման Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորության նկատմամբ, այն պարագայում, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնում են Սահմանադրական դատարանի դատավորները՝ բոլոր 9 դատավորները:

Պետք է նկատել, որ քննարկվող օրենքի նախագիծը քննարկման առարկա է հանդիսացել նաև Վենետիկի հանձնաժողովում, և վերջիններս սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակել են կարծիք, որտեղ մասնավորապես նշվել էր, որ Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։

Վենետիկի հանձնաժողովը ընդգծել էր նաև, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով։ Ինչ վերաբերում է մինչև 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ և ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման վրա։ Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես բացառապես կամավոր, այսինքն՝ բացառում է անհիմն (քաղաքական և անձնական) ճնշումը դատավորների նկատմամբ, կամ երբ այն նախագծված չէ այնպես, որ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։

Կամավորության սկզբունքը, այնքանով որքանով նախատեսվում են վաղ կենսաթոշակի համար դիմում ներկայացնելու ֆիքսված սահմանափակող ժամկետ, չի կարող բավարարել կամավորության պահանջին, և որևէ մեխանիզմ, որը կզսպի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության խաթարումը չի նախատեսվել:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները պետք է խմբագրված տարբերակը կրկին ներկայացնեին Վենետիկի հանձնաժողովին ԵԽ լավագույն փորձին և պահանջներին համապատասխանեցման բացահայտման նպատակով, ինչը սակայն չի արվել:

Պետք է նկատել, որ նման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առավել ևս սահմանադրական օրենքների դեպքում՝ ընդունված է այն նախնական սահմանադրական վերահսկողության շրջանակներում, պարզել դրանց ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը: Հաշվի առնելով, որ օրինագծով նախատեսված կարգավորումները արդեն իսկ քննարկման առարկա դարձել են Վենետիկի հանձնաժողովում, սակայն դրանց վերաբերյալ վերապահում էր արձանագրվել, հարկ է կրկին դիմել Վենետիկի հանձնաժողով օրենքի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքով:

Ի վերջո ՍԴ շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամի լուծումը ոչ թե ՍԴ դատավորներին որպես «կաշառք» թոշակ առաջարկելը պետք է լինի, այլ իշխանությունների կողմից ՍԴ անկախության կարևորության գիտակցումը։

 

Ասյա ՕՎԱՆՅԱՆ

«Իմ Ձայնը» նախագիծ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031