Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի պատկերագրքի շնորհանդեսն ու ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը: Դահլիճը լեփլեցուն էր, մարդիկ՝ մտերիմներ, արվեստասերներ, արվեստագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, նույնիսկ երկու ժամ շուտ էին եկել: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ անսամբլը, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի մասնակիցները, Դանիել Երաժշտի ձեւակերպմամբ՝ «Նարեկացի» արվեստի միության «օլիմպիական հավաքականը» եւ ուրիշներ:
«Մենք եկել ենք շնորհավորելու վարպետին՝ Փարավոն Միրզոյանին: Թեպետ ամենաբարձր նվերը հենց իր պատկերագիրքն է, բայց մենք էլ ենք նվեր բերել՝ ծաղկեփունջ, ի տարբերություն սովորական ծաղիկների՝ անթառամ, հնչյունակերտ ծաղկեփունջ, այն ծաղկեփնջերի նման, որ կերտել է ինքը՝ Միրզոյանը»,-ասաց Դանիել Երաժիշտը եւ հայտարարեց համարը: Հովիկ Սահակյանի ղեկավարած անսամբլի կատարմամբ հնչեց Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկեփունջ» ստեղծագործությունը:
Ինչ վերաբերում է պատկերագրքին, այնտեղ տեղ է գտել նաեւ Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսեւի խոսքը, որը գրել է, թե Միրզոյանի կտավների կոլորիտային մեղեդին եւ պոետիկ կառուցվածքը ճիշտ գնահատելու համար պետք է լինել նրա հայրենիքում: Նաեւ փաստել է, որ բարձր կոչումներն ու տիտղոսները , փառքն ու համբավը՝ երկրի սահմաններից դուրս, չեն փոխել ճանաչված հայ նկարչին:
Կարդացեք նաև
Տարբեր ելույթներ եղան, հոբելյարին նվերներ հանձնվեցին: Հայաստանի Նկարիչների միութան նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ հպարտ է գտնվել Հայաստանի ազգային պատկերասրահում եւ իր խոսքը հղել իր վարպետին՝ Փարավոն Միրզոյանին: Նա շնորհավորեց ՀՀ ժողովրդական նկարչին հոբելյանի եւ պատկերագրքի շնորհանդեսի առիթով ու ընթերցեց Նկարիչների միության ուղերձը:
ՀՀ ժողովրդական նկարիչ, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհավորելոեվ վրձնակցին, նրան բնորոշեց որպես սիրելի ընկեր եւ հիանալի արվեստագետ: Արամ Իսաբեկյանը նշեց, որ ավելի քան քառասուն տարի ընկերություն են անում. «45 տարի իմ աչքի առաջ է եղել Փարավոն Միրզոյանի մարդկային, ստեղծագործական կյանքը, եւ ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ եւ առիթ ունեն իրեն շնորհավորելու արդեն որերորդ պատկերագրքի առիթով:
Ի դեմս Փարավոն Միրզոյանի՝ մենք Հայաստանում պատիվ ունենք ունենալ մի արվեստագետի, որն իսկապես արժանի է ժողովրդական կոչմանը, ընդ որում՝ ես զուտ կոչումը նկատի չունեմ: Ինքը միշտ աշխատել է եւ մշտապես աշխատում է: Ես չեմ կարող չհարգել նման արվեստագետներին, որոնք պարզապես վառվում են արվեստով եւ դրա մեջ են ապրում»: Պարոն Իսաբեկյանը խոսեց նաեւ Փարավոն Միրզոյանի դասախոսական, մանկավարժական բարձր որակների մասին:
«Ես հիշեցի, թե ինչ մեծ ցանկությամբ մեկնեցի Լենինգրադ, եւ ինչ մեծ ցանկությամբ վերադարձա Հայաստան… Արվեստագետը, նկարիչը, ստեղծագործող մարդն իր հայրենիքում պետք է ապրի: Մեծ արվեստը ստեղծվում է այս հող ու ջրի վրա, այս երկնքի տակ, այս սարերում, այս ամպերի ներքո… Հետաքրքիր է, որ մեր փոքր երկրում, երբ գնում ես Ապարան, այնտեղ ամպերն ուրիշ են, Լոռիում լրիվ ուրիշ կյանք է, Արցախում՝ հրաշք»,-ասաց Փարավոն Միրզոյանը: Նա նշեց, որ այս հավաքը արժեւորված է նրանով, որ Ազգային պատկերասրահում է կայանում. «Կարեւոր եմ համարում այն, որ մեր այսօրվա հավաքը ոչ թե կառավարական է, այլ ժողովրդական, մենք հավաքվել ենք ժողովրդով»:
Փարավոն Միրզոյանն ասաց, որ սիրում է մարդկանց. «Ես մոմով լավ մարդիկ եմ փնտրում եւ գտնում եմ… Այսքան ժողովուրդ, այսքան հրաշալի մարդիկ, որ այսօր հավաքվել են, դա նշանակում է, որ ձեզ գտել եմ»:
Իմիջիայլոց, Հայաստանի ժողովրդական նկարչի հոբելյանական հանդիսությանը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից եւ կառավարությունից որեւէ մեկը չէր մասնակցում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ