Հազը, կոկորդի ցավը, մրսածությունն ու հարբուխը շատերին են անհանգստացնում եղանակային այս պայմաններում, սակայն այս տհաճ երևույթներից կարելի է ազատվել բնական և շատ պարզ բաղադրատոմսի օգնությամբ․ պատրաստում ենք կոճապղպեղով սառնաշաքար։
Կոճապղպեղի բուժիչ ազդեցությունը նորություն չէ, իսկ այս բաղադրատոմսում այն առավել արդյունավետ է, քանի որ միանգամից մի քանի օգտակար մթերքի հետ է համադրվում։ Կոճապղպեղով սառնաշաքար պատրաստելու համար անհրաժեշտ է․
- Կոճապղպեղ (մոտ 4-5 սմ երկ․)
- 2 թ․ գդ մեղր
- 1/2 կիտրոնի հյութ
- 2 ճ․ գդ․ ջուր
- 2-3 հատիկ մեխակ (աղացած)
- 1 թ․ գդ․ դարչին
- 2/3 բաժ․ շաքար
- շաքարի փոշի
Կաթսայի կամ թավայի մեջ խառնում ենք ջուրն ու շաքարը և դնում մարմանդ կրակի վրա, այնուհետև ավելացնում մյուս բաղադրամասերը՝ քերած կամ շատ մանր կտրատած կոճապղպեղը, մեղրը, կիտրոնի հյութը, դարչինն ու աղացած մեխակը, խառնում ենք։
Կարդացեք նաև
Հասցնում ենք եռման աստիճանի և եփում այնքան մինչև խառնուրդը պնդանա և ստանա սաթի գույն։
Այնուհետև վերցնում ենք կրակի վրայից և գդալի օգնությամբ փոքրիկ կաթիլների տեսքով տեղափոխում յուղաթղթի կամ որևէ հարմար տախտակի վրա։ Կարող եք օգտագործել նաև սիլիկոնե կաղապարներ։ Սպասում ենք մինչև չորանալը։
Չորանալուց հետո սառնաշաքարների վրա շաքարի փոշի ենք ցանում, որպեսզի չկպչեն իրար և տեղավորում հարմար տարայի մեջ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ