Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնարարին հանում են իր տնից, ցրտին սառում է, հենց տուն է գնում՝ բռնում դատում են. Քննիչներն ու փաստաբանը՝ պրակտիկ խնդիրների մասին

Դեկտեմբեր 01,2019 16:46

Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում է իրականացվելու: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՔԿ Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ընտանեկան եւ սեռական բռնության թեմայով ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը ՀՀ Քննչական կոմիտեի հետ համատեղ քննարկում-սեմինար էր կազմակերպել, որի ընթացքում ՔԿ ղեկավարները ներկայացրեցին, թե պրակտիկայում ինչ խնդիրների են բախվում ու ինչ վերլուծություն են արել:

Թե կենտրոնացված հաշվառումը ինչ կտա՝ պարոն Մելիքյանի խոսքով՝ այն կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլ նաեւ հստակ պատկեր կտա բռնության տեսակերի, գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: Հստակ նշվելու է, թե ընտանեկան բռնության դեպքը կոնկրետ ինչ հանցագործությունով է դրսեւորվել՝ սպանությունից սկսած, մինչեւ կենցաղային լեզվով ասած՝ աղջիկ փախցնել. իրար են սպանում, իրար են շահագործում, աղջկան նվեր են տալիս, փախցնում են, շորթում են… 57 կետ նախատեսել են:

Էլեկտրոնային արդարադատության անցնելուց հետո վիճակագրությունը ամբողջությամբ դառնալու է ավտոմատ: Քրգործն ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակ է ունենալու:

Մելիքյանը ներկայացրեց, թե ինչպես են անցնելու էլեկտրոնային նախաքննության, ինչպես ԱՄՆ-ում, վիճակագրությունը ստանալու են օնլայն ռեժիմով, ոչ թե 6 ամիս անցնելու է, ամեն բաժին զանգելու են ու տվյալ վերցնեն. «Այս ոլորտում ունենալու ենք մեծ հաջողություններ: Օնլայն ռեժիմի անցնելու ժամանակ առանձին վարույթի համար փորձառու անձնակազմով նախ կմշակվեն հացաքննության համար հարցաշարեր, գործողությունների պլան: Այս ծրագիրը, քանի որ էլեկտրոնային է, թույլ չի տա քննիչին, որ սխալվի, եթե անգամ ուզենա: Երբ որ դու նստում ես հարցաքննելու 11 տարեկան երեխայի, ասենք՝ 139 հոդվածով՝ սեքսուալ բնույթի գործողություններ, հենց հարցաքննությունը սկսեց, միանգամից հարցաշարը բացվելու է ու չես կարող երեխայի հետ հարցաքննության ժամանակ օգտագործել այդպես ասած խուճուճ բառեր, խուճուճ ձեւակերպումներ, երկու ժխտական մասնիկով նախադասություն, որ երեխան շփոթվի: Այն, ինչը քննիչը պիտի իմանա, պատուհանի վրա  նշվելու է ու եթե որեւէ խախտում արեց՝ red flag է լինելու: Երբ քննիչը կփորձի երկու ժամից ավելի հարցաքննել դեռահասի, համակարգիչը կփակի, նախ, մի 1о րոպե առաջ կզգուշացնի, որ ժամը լրանում է, պետք է ավարտել, արդեն անցնում ես դատավարական խախտման, երկրորդը՝ ասում է՝ դու պետք է այսքան դադարի ժամ տաս: Ապաստարանների հետ է կապվելու ծրագիրը, համակարգն անգամ զգուշացնելու է քննիչին, որ արդեն պետք է գան տանեն երեխային: Այսինքն, գործնականում դատավարական խախտումներ ի վիճակի չեն լինելու կատարելու: Նույնիսկ ժամը չես կարող փոխել, համակարգի վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ: Այս ամեն ինչը լինելու է մոտավորապես երկու տարվա ընթացքում»:

Սա միայն քննիչների համար չի, նաեւ վերահսկողների համար է: Վերահսկողները տեղեկանալու են քննիչի բոլոր սխալների մասին: Եթե վերադասը քայլեր չձեռնարկեց, դրա մասին ավտոմատ տեղեկացվելու են դատախազն ու վերահսկող օղակը:

Մելիքյանի խոսքով՝ «Հասկացաք չէ՞, ուր ենք գնում, քննիչ աշխատելը պետք է լինի շահավետ»:

Ընտանեկան բռնության մասին հայտնի օրենքի կիրառումը ներկայումս որոշակի խնդիրներ է ստեղծում, որովհետեւ բացթողումներ կան մասնավորապես ապաստարանների մասով: Ընդ որում, խոսքը միայն բռնության զոհին ապաստարան տրամադրելու մասին չէ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպքերը քիչ չեն 351.1-ի մասով, սա վերաբերում է պաշտպանության միջոցներին: Դրանք այն դեպքերն են, երբ ոստիկանը, ընտանեկան բռնության դեպքում բռնարարին հեռացնում է իր տնից, պաշտպանության միջոց է կիրառում, ասում է՝ 20 օր տուն չգնաս: Սակայն սա կիրառելու համար պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի՝ մարդուն դրսում չթողնելու: Ասենք, ամուսինը բռնարար է ու ոչ մի բարեկամ չունի, ոչ մեկի տուն չի կարող գնալ: Նրան թողնում են այս ցրտին դրսում, զգուշացնում են, որ 100 մետր շառավղով չմոտենաս, տուն չգնաս: Եթե պայմանը խախտեց, գնաց տուն, որ ցրտից չմեռնի, նրան բռնում եւ դատի են տալիս, քրեական պատասխանատվության են ենթարկում: 2018-ին քննվել է նման 9 քրգործ, 2019-ին, միայն 6 ամսվա ընթացքում՝ 28 քրեական գործ, ընդ որում, զգալի մասն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը մտահոգություն հայտնեց այս դեպքերի հետ կապված, անգամ հանցագործին, որի դեպքում դատավճիռ կա, պետությունը պարտավորություն է ստանձնում ՔԿՀ-ում պահելու, կերակրելու, նրա համար պայմաններ ապահովելու, իսկ ընտանեկան բռնարարին, որի դեպքում դեռ չկա որեւէ դատավճիռ, ոստիկանի որոշմամբ կարող են հեռացնել իր սեփական տնից ու թողնել փողոցում:

Ըստ ՔԿ-ի` սա պետք է կապել հետեւանքի հետ, պետք է նայել՝ եթե խախտում է, գնում է նորից իր տուն, դա ի՞նչ հետեւանք է բերել, եթե խախտում է ու հետեւանք չկա, չպետք է դատի տալ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031