Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների եւ ի՞նչ դերակատարում կունենա Մեհրիբան Ալիեւան

Դեկտեմբեր 01,2019 14:47

Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հնաձնաժողովի նախկին անդամ Միհրան Հակոբյանը:

-Ադրբեջանում հաջորդ տարի նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Արդեն իսկ խոսվում է իշխանությունն Իլհամ Ալիեւից Մեհրիբան Ալիեւային փոխանցելու հավանականության մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ հրատապ անհրաժեշտություն առաջացավ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների, ի՞նչ սցենարներ են հնարավոր այդ ընտրությունների արդյունքում:

– Իրականում շատ դժվար է կանխատեսումներ անել Ադրբեջանում իշխանության տրանսֆորմացիայի մասին: Ադրբեջանը փակ տեղեկատվական դաշտով և շատ անկանխատեսելի պետություն է, որտեղ չկան ժամանակակից պետականությանը բնորոշ կայացած ինստիտուտներ և ներհամակարգային ցանկացած շարժ կարող է ավարտվել քաղաքական և սոցիալական համակարգերի լրջագույն պայթյունով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի իշխանությունը փորձում է փոփոխությունների գնալ և քայլերն անում է շատ արագ ու կտրուկ` սկսած այն պահից, երբ Մեհրիբան Ալիևան նշանակվեց Ադրբեջանի փոխնանախագահի պաշտոնում, այնուհետև Իլհամ Ալիևը հերթական նախագահական ընտրությունների ժամանակը շուրջ կես տարի առաջ բերեց, վերջացրած նոր կառավարություն և նախագահական ապարատի նոր կազմ նշանակելով և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշմամբ: Շատ ուշագրավ է փաստը, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ միակ պետությունն է, որի պառլամենտում ընդդիմություն չկա: Այսինքն` խնդիրը պառլամենտի ներկայիս կազմից եկող վտանգի մեջ չէ, խնդիրը շատ ավելի խորքային է: Ներկայումս կա տրամաբանական երկու վարկած: Համաձայն առաջին վարկածի` Իլհամ Ալիևն ուղղակի նորացնում և կոսմետիկ փոփոխությունների է ենթարկում համակարգը: Հիշենք, որ ներկայիս համակարգը սկզբնավորվել է դեռևս 1990-ականների կեսերին` Հեյդար Ալիևի օրոք, այնուհետև 2000-ականների կեսերին հարմարեցվել է Իլհամ Ալիևին: Բավականին երկար ժամանակ է անցել, ուստի Ալիևը փորձում է ներկա իրողություններին համահունչ համակարգ ձևավորել: Կա նաև վարկած, որ այս փոփոխությունները պայմանավորված են արցախյան ճակատում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման ծրագրերով: Այսինքն` Ալիևները պատերազմից բխող ներքաղաքական անակնկալներից խուսափելու համար փորձում են շատ ավելի վերահսկելի համակարգ ձևավորել: Ամեն դեպքում, պետք է ուշի ուշով հետևել Ադրբեջանում տեղի ունեցող այս իրադարձություններին: Դրանք շատ կարևոր են մեզ համար:

-Ի դեպ, բավական հետաքրքրական էր Մեհրիբան Ալիեւայի վերջին այցը ՌԴ եւ նախագահ Պուտինի կողմից արժանացած ընդունելությունը: Ենթատեքստեր կա՞ն դրանում:

-Կարծում եմ, Ադրբեջանում ընտանիքապետության «լավագույն ավանդույթները» շարունակվելու են: Ներկայումս ամեն ինչ արվում է, որպեսզի Մեհրիբան Ալիևան ներկայանա ոչ թե որպես ուղղակի Ադրբեջանի նախագահի տիկին կամ ասենք` ձևականորեն պետության փոխնախագահ, այլ լուրջ պետական գործիչ, որի հետ հանդիպում և հարցեր են քննարկում աշխարհի լիդերները: Ըստ իս` սա միակ ենթատեքստն է ու միակ նպատակն է: Մնացածը կերևա ժամանակի ընթացքում: Կարծում եմ, որ Ադրբեջանում դեռևս վերջնական որոշում չկա, թե ի՞նչ դերակատարություն է առաջիկայում ստանձնելու Մեհրիբան Ալիևան: Այն, որ ստանձնելու է շատ լուրջ դերակատարություն, դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն դեռևս բաց է մնում հարցը` ի՞նչ պաշտոն կունենա առաջիկայում Մեհրիբան Ալիևան:

– Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը ղարաբաղյան հարցի կարգավորման հետ ի՞նչ առնչություններ կարող է ունենալ` ի նկատի ունենալով  կանանց խաղաղության արշավը, որին տիկին Ալիեւան յուրօրինակ եւ իր պետական քաղաքականությանը համահունչ ռազմատենչ ոգով է իրականացնում:

– Արցախյան հիմնահարցը միշտ էլ Ադրբեջանում իշխանության գալու և իշխանությունը պահելու կարևորագույն խաղաքարտերից է եղել, ես կասեի` ամենակարևորը: Դրա առանցքի շուրջ է կառուցված ողջ պետական քարոզչությունը` ներքին և արտաքին, նաև գաղափարախոսությունը, որով պետությունը ներկայանում է ներքին ու արտաքին լսարանին: Անշուշտ, կա վարկած, որ Ադրբեջանում տեղի ունեցող այս գործընթացներն ուղիղ կապ ունեն արցախյան հիմնահարցի հետ` սկսած բանակցային գործընթացներից, վերջացրած հնարավոր լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմամբ: Բայց սա զուտ վարկած է, որն, իհարկե, չի կարելի անտեսել և սրան պետք է պատրաստվել: Նաև ակնհայտ է, որ խաղաղության մասին սինքրոնացված խոսակցություններ կան թե Ադրբեջանում, և թե Հայաստանում: Գոնե թե Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան այդ թեմայով խոսում են` իհարկե, ամեն մեկն իր պատկերացրածի սահմաններում և տերմինաբանությամբ:

– Հայաստանում կա՞ արտահերթ ընտրությունների հավանականություն:

– Եթե կարճ` ապա այո, կա հավանականություն: Ավելին` կա խիստ անհրաժեշտություն: Եվ սա ինչքան շուտ հասկանա վարչապետ Փաշինյանն, այնքան լավ հենց իր համար:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031