Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նախագահների փոխհարաբերությունները

Դեկտեմբեր 01,2019 12:00
miacum

Որ տխրահռչակ Մարտի 1-ի իրադարձությունների պատճառով, ավելի ճիշտ՝ Մարտի 1-ի իրադարձությունների շնորհիվ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը, դա գրեթե բոլորն են հասկանում ու գիտակցում:  Այսինքն, գրեթե բոլորն են հասկանում ու գիտակցում, որ Մարտի 1-ի գլխավոր ու հիմնական շահառուն Սերժ Սարգսյանն էր,  բայցեւ գրեթե բոլորն են հասկանում, որ Մարտի 1-ի գլխավոր ու հիմնական պատվիրատուն Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Թե ինչու է այդպես, դա արդեն շատերը չեն հասկանում, որովհետեւ շատերը նորմալ ու մարդկայնորեն տրամաբանելով՝ մտածում են, որ Ռոբերտ Քոչարյանի համար առնվազն միեւնույն պիտի լիներ, թե իրենից հետո ով կլինի Հանրապետության նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՝ Սերժ Սարգսյանը:

Ավելին. շատերը նորմալ ու մարդկայնորեն տրամաբանելով՝ մտածում են, որ քանի որ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն անմիջականորեն ու ուղղակիորեն ստացել է Լեւոն Տեր-Պետրոսյանից ու վերջինիս շնորհիվ, բնական ու տրամաբանական կլիներ, եթե ցանկություն ունենար Հայաստանի նախագահի ընթացիկ ու հերթական ընտրությունների միջոցով հենց նրան էլ վերադարձներ Հայաստանի նախագահի պաշտոնը: Բայց բոլորս ենք վկա, որ Հայաստանի երկրորդ նախագահի մոտ այդ բնական, նորմալ ու մարդկային ցանկությունը չառաջացավ: Ավելին. բոլորս ենք վկա, որ Քոչարյանն իրենից  կախված ամեն ինչ արեց, որ իրենից հետո Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ չդառնա, եւ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձրագույն պաշտոնը բաժին հասնի տվյալ պահին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին: Որ դրա համար Քոչարյան Ռոբերտը պատճառներ պիտի ունենար եւ այն էլ հիմնավոր՝ պարզ է, իսկ թե ինչ պատճառներ, ենթադրել միայն կարելի է: Ընդամենը ենթադրել: Ենթադրությունից ավելի միայն Քոչարյանի երեւակայությունը կարող է անցնել, որովհետեւ առաջին նախագահին այդ աստիճան մոլեռանդ կերպով խանգարելու համար ոչ թե ընդամենը պատճառներ էր հարկավոր ունենալ, այլ բազմաթիվ, բազմազան եւ չափազանց հիմնավոր պատճառներ: Ենթադրում ենք, որ այդ պատճառներից ամենագլխավորը եւ ամենեւին ոչ երկրորդականը Հոկտեմբերի 27-ի հանգամանքն էր: Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը համոզված էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվելու դեպքում անպայման կանդրադառնա Հոկտեմբերի 27-ին եւ կփորձի բացահայտել այն ամենը, ինչը որ ժամանակին չբացահայտվեց Հոկտեմբերի 27-ի հետ կապված: Եվ ընդհակառակը. Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի առումով միանգամայն հանգիստ կարող էր լինել: Այդպես էլ եղավ: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հոկտեմբերի 27-ն ընդհանրապես գրեթե չհիշվեց: Առավել եւս Քոչարյանի ու կազմակերպիչների մասով չհիշվեց: Մինչդեռ Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու դեպքում դժվար թե Հոկտեմբերի 27-ը մոռացվեր. hատկապես ու առանձնապես Ռոբերտ Քոչարյանի մասով եւ Քոչարյանի հետ կապված: Սա մեր ենթադրությունն է:

Ենթադրում ենք, որ Տեր-Պետրոսյանի  նախագահ դառնալու դեպքում Հոկտեմբերի 27-ը կհիշվեր ու կվերաքննվեր ոչ պակաս, քան այսօր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք է հիշվում ու վերաքննվում՝ հատկապես ու առանձնապես Քոչարյանի մասնակցության հետ կապված: Այնպես որ, Սերժ Սարգսյանի սիրուն աչքերի համար չէր, որ Քոչարյանը նախընտրեց վերջինիս եւ Մարտի 1 հրահրեց: Եվ ոչ էլ Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղյան կլանի անդամ լինելն էր հիմնավոր պատճառ: Պատճառները պիտի փնտրել Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի անձնական հարաբերություններում, որոնց հետեւանքները կարող էին ճակատագրական լինել Քոչարյանի համար Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում: Անձնական հարաբերություններ՝ Հոկտեմբերի 27-ից հետո, Հոկտեմբերի 27-ի պատճառով եւ Հոկտեմբերի 27-ի ազդեցությամբ կտրուկ ու կտրականապես փչացած ու փոխված:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անձնական հարաբերություններին, դրանք երբեւէ չեն էլ փոխվել, եւ չէին էլ կարող փոխվել, որովհետեւ դրանք երբեւէ  միգուցե չեն էլ եղել: Եթե երբեւէ եղել էլ են, Հոկտեմբերի 27-ի հանգամանքով կամ պատճառով չէին կարող փոխվել: Եթե նույնիսկ փոխվել էլ էին, միայն դեպի լավը պիտի որ փոխված լինեին: Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի անձնական հարաբերությունների վատացման ու բարդացման հանգամանքը միանգամայն բավարար պատճառ էր, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անձնական հարաբերությունները դեպի լավը փոխվեին հատկապես էդ պահին, երբ Հայաստանի նախագահի ընտրություններում Տեր-Պետրոսյանի հակառակորդը Սերժ Սարգսյանն էր:

Ես չգիտեմ՝ մեր այս վերլուծությունն ինչքանով է անհրաժեշտ մեր ընթերցողին, բայց որ այս ամենի շուրջ մտածելն ավելորդ չէ, համոզված եմ: Նաեւ համոզված եմ, որ մտածելուց երբեւէ վնաս չկա: Քաղաքականության մեջ ներառյալ:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031