Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի ու մահվան սայրաբերան կածանին

Նոյեմբեր 30,2019 22:15

Օրը պաղ էր, ցողառատ: Երկինքը՝ պարզ ու շողուն: Մեքենայով իջնում էի վար՝ քաղաքամեջ: Անտառափեշի հյուրատնից վար՝ ճամփեզրին, սևուլունք մեծ դժնիկենու տակ հանգչող մասրենու մոտ կանգնած էր չորուկ մի ծերունի: Կանգ առա: Հայացքով ու գլխի թեթև շարժումով առաջարկեցի նստել: Շրթունքներին թույլ ժպիտ խաղաց: Մոտեցավ, աչքաթարթով քաղաքավարի բարևեց իջնող կողապակու բացվածքից, բացեց դուռը և նստեց լռիկ: Դեմքն առինքնող էր, հագուստը՝ համեստ, բայց՝ կոկիկ: Մարդը մունջ թվաց և չհանդգնեցի բարբառել: Նա էլ չխոսեց: Մոտ երկու կիլոմետր անխոս գնալուց հետո շուկայի մոտ խոսեց. խնդրեց կանգ առնել: Սիրտս ջերմացավ ու մինչ կվանեի հույզս, արագ բացեց դուռն ու ասաց.

-Աստված աղերսանքդ կատարի:

Չսպասելով պատասխանի՝ իջավ, հանգիստ փակեց դուռը և կողանց հեռացավ:

Անցան ամիսներ: Օրերի հավերժական չուն ինչպես շատերին, եղբորս ընտանիքն էլ, ծվատ թևին առած, նետեց հեռուները: Եվ որպես կարոտ, ցիրուցանեց (ցայժմ պապիս մեղմանուշ ձայնն ականջիս մեջ է. «Որդի՛ս, կարոտը դարման չունի, նրա ահից չքանում է երջանկությունը, այն հոգու խոշտանգիչ է և ուղեկիցը պանդուխտի»):

Սկզբից եղբայրս գնաց: Հետո ճամփեցինք կնոջը՝ վեցամյա դստեր և ութամյա որդու հետ: Հայրս տառապում էր, հատկապես թոռների կարոտից. խոնավ աչքերն ինչպե՞ս սքողեր:

Անցավ երկու տարի: Ամռան սկիզբն էր: Մի օր հայրս ընդառաջ ելավ անսովոր ուրախ և շտապով վրա տվեց:

-Ախպերդ կնոջն ու երեխաներին ուղարկում է: Վաղը կեսօրին պիտի օդանավակայանում լինես: Քշու՛մ, գնում ես, դիմավորում, վերցնում, գալիս,-կարգադրեց անառարկելի տոնով:

Նա չգիտեր, որ չէի կարող մեքենան վարել: Դեռ մեկ ամիս էլ չէր անցել, որ հինգ տարվա մեջ երկորդ անգամ սրտի վիրահատությունից հետո կրծքավանդակս կրկին կարկատած էր:

Առավոտ կանուխ վեր կացա ու տաքսիով մեկնեցի մայրաքաղաք: Այս անգամ ծանոթ ճանապարհը շատ երկար թվաց: Դար ու փոս հազիվ հաղթահարող տառապյալ մեքենայի ընթացքի պես ծուլորեն հոսում էր ժամանակը, իսկ երբ դեմ էր առնում ասֆլատակարկատ բանվորախմբին, թվում էր՝ գլանամեքենայի ահից սրտի թույլ տրոփով կանգ էր առնում:

Վարորդը երիտասարդ էր՝ զուսպ ու քաղաքավարի: Քունքից վեր պարզորոշ նկատելի էր գանգոսկրի կոտրվածքի նկում: Վարում էր հմտորեն ու զգույշ, դարանաշատ ուղուց անողորմ դաս առածի պես: Ետին նստատեղի ուղևրը երիտասարդ կին էր՝ քնաթաթախ երկու երեխաների հետ: Երբ հաղթահարեցինք լեռնանցքը և անցանք արևմտահայաց կողմն ու ճամփեզրի ժիր առվակների պես սուրում էինք վար, որպես սպասված զանգակաձայն, հնչեց մանչուկի բաղձալից խոսքը.

-Մա՛մ, էսօր հասնելու ե՞նք պապայի մոտ:

– Հա, տղա՛ս, անպայման,-հուսավառեց բարեկիրթ ձայնը:

– Բա Ռուսաստանը մոտիկ է՞, հեռու չէ՞:

-Սամալյոտով մոտիկ  է, ես գիտեմ,- քաղցրաձայն խոսեց աղջնակը:

Հիշեցի առաքելությունս, և փոթորկվեց ներաշխարհս:

Մաքրամաքուր մանկական խոհը, որպես հրեղեն կայծակ, շաչեց հոգումս, փայլատակեց ու չքացավ: Արցունքաբեր դղիրդը սեղմեց կոկորդս ու խեղդվեց այնտեղ, որպես փայլակի հեռավոր շառաչ: Ճիգով սանձեցի հույզերս:

Հասանք Վայոց ձոր:

-Արագի՜լ, արագի՜լ,-գրեթե միաժամանակ ճչացին երեխաները՝ տեսնելով հեռագրասյան վրա հովվի մորթե գդակի պես բազմած բների տերերին՝ մեծ ու փոքր:

-Էլ չեն չվում, գիտե՞ք,  ձմռանը հարմարվել են,-արձագանքեց վարորդը:

-Չվելն ի՞նչ է, մա՛մ:

-Էն, որ գնում են ուրիշ երկրներ,-աղջիկս:

-Մենք էլ ենք չվու՞մ, ինչ է,-զարմացած հարցրեց փոքրիկը:

Երիտասարդ կնոջ աչքերում արցունքներ հայտնվեցին և ծանրորեն սևաթույր շավիղ գծելով՝ սահեցին այտն ի վար:

-Վա՜յ, վա՛յ,-բազմանշանակ հոգոց  նետեց ուրբաթախոս վարորդը:

Ոգու խռովքից ոստնած մայրական բնազդը քնքշորեն ու ջերմագին փարվեց մանուկներին ու մատնեց խաղաղ քնի, իսկ ինքը մնաց կկոցուն ու լուռ: Բոլորս համրացանք:

Սպասասրահի պատուհանից երևաց հռնդոցով վայրէջքի գնացող ինքնաթիռն ու կորավ տեսադաշտից: Քիչ հետո հանգիստ, թույլ սուլեցով մոտեցավ  ու կանգ առավ: Շարժասանդուղքով կին ու մանկան հոսքի մեջ չհաջողեցի զանազանել հարազատներիս և վայրկյան առաջ հանդիպելու բաղձանքով շտապեցի ելք:

Ուսումնական տարին ավարտվել էր, և շատերն էին դառնում տուն: Կարծես բյուր խուռներամ ճնճղուկներ խուժեցին սրահ ու սկսեցին ճռվողել: Կարոտակեզ սպասողները խլրտացին, և ծփաց երջանկությունը: Երկու ժիր մանուկներ հայտնվեցին գրկիս մեջ, երկու աշխարհ՝ մի գրկում. արդեն մի քիչ օտարախոս, չրթփրթան:

Հետդարձին նույն տաքսին էր՝ նախորդին նման անձնակազմով՝ երիտասարդ մայր, ուստր և դուստր:

Պարզկա օր էր, անսովոր, պռնկեպռունկ հրաշալի: Ու թվում էր՝ պատռվել էր երկնի կապույտ, լողակագույն օվկիանը, և ուր որ է՝ կհեղվի վսեմաշուք լեռան կոներն ի վար: Չարաճճի մանուկների խառնալեզու վեճ ու ծիծաղից, անվերջ հարցերից հոգնաբեկ վարորդը ժամ առաջ տեղ հասնելու փափագով սլանում էր առաջ: Նորից Վայոց ձորում ենք: Մեքենան շնչակտուր կանգ առավ գետափին՝ մարդաշատ իջևանատան մոտ: Իջանք: Արփան ափեափ, ձնհալախեղդ, խուլ ծփանքով լիզում էր հաստաբուն ուռիների չեչոտ կողերը, չարախինդ քաշում ջրի մեջ սուզված արձակ վարսերը: Ափին թողնված մոր ու մանուկից հազիվ էինք հեռացել վարորդի հետ՝ իջաևանատնից ջուր և ուտելիք բերելու համար, երբ լսվեց երիտասարդ կնոջ ահասարսուռ ծղրտոցը: Խելահեղ վազքով ջուրը նետվեց, կորավ տեսադաշտից՝ կոկորդում խեղդելով որդու անունը: Դուրս պրծավ մակերես, բղավեց ձեռքերը վեր հանած, կրկին սուզվեց ու հազիվ ոստոստալով, նետվեց ափ: Ցնցվող կականին հանդիման, առաջ մղվեցինք և հընթացս ինքնամոռաց նետվեցինք գետը: Ճողփյունի ու ողբի արձագանքը խլացավ ունկերիս մեջ: Կարկատած կրծքավանդակս չզորեց ձեռքերս: Հազիվ կքելով՝ ձգվեցի, ոտնաթաթերս հատակին հրելով, դուրս պրծա: Ականջախույժ, հեռացող ողբաձայնի հետ, կրկին սուզվեցի ու, ապավինելով պրկված ազդրերիս ուժին, դուրս պրծա հազիվհազ, առափնյա հոսքի կիսականգ դարանից: Հոսքի բերանն ընկած, վարորդն  անհետացավ: Գետն ի վար շամբուտ մացառների կողմից թնդում էր աղեկտուր վայոց: Իջևանատնից, շուկայից ու ճամփեզրից ձայնելով՝ մոտենում էին կատարվածը կռահած մարդիկ: Այլևս անհույս ու անձնատուր մղձավանջին, ծանրացած, ջրաքամվող հագուստով, օգնություն հայցող աղաղակով, կարծես չընկալելով շրջապատն ու մարդկանց, քայլեցի մայրուղու կողմը: Ոչ ոք չէր հանդգնում խոսել: Ավելորդ էին կարծես սփոփանքի և հուսադրող խոսքերը: Սոսկացի մթագին: Ի՞նչ պատասխան պիտի տամ կարոտաբաղձ պապին: Ի՞նչ երեսով երևամ հարազատներիս: Ինչպե՞ս պիտի նայեմ վշտաբեկ մոր աչքերին… Կճմլի խիղճս անողոք ապիկարիս: – Չէ՛, չէ՛, չի համատեղվի կյանքի հետ, անկարելի՛ է,- փղձկացի… խռիվ տեսիլքներ ցոլացին:

Դավադիր գետը, ինչպես հալածական վիշապ, ավարառու ճեպում էր սահմանից անդին: Անէացա՜վ, չքացա՜վ լուսե մանուկը՝ ինչպես ճերմակ աղավնին՝ լազուրում:

Գետեզրյա ուռիների տողանը, գետի մեջ կախված հյուսքերով ու մացառներով սքողել էր ափերը, դարձրել անմատույց: Կարեկից մարդիկ շտապել էին վարում գտնվող Նորավանքի կամրջի կողմը… ստույգ էր կորուստը՝ ոչ ոք չէր կասկածում: Ճմոռելով վերընթաց ճամփեզրյա ցանկապատը՝ ընկա կից այգին ու բնազդաբար մղվեցի թույլ վշշացող գետի կողմը: Ակամա կանգ առա: Օ՜, զարմանք: Հայացքիս առաջ հառնեց դժնիկենու տակ կանգնած չորուկ ծերունու ազնվական դեմքը: Ունկերիս մեջ թրթռաց ձայնեղ պատրանքը. «Աղերսի՜ր»: Տրվեցի փրփուրին: Չքացող հույսը կրկին կայծկլտաց:

-Արարի՜չ, աղերսում եմ, աղերսու՜մ եմ, Արարի՜չ,-մրմնջացի,-աղերսու՜մ եմ:

Քիչ հեռվից լսվում էին խելագարության դուռը հասած մոր ընդհատ կանչերը: Ընդարմացող մկանունքս ցնցվեցին, ինչի ահից ընկրկեց հիպնոտիկ քունը: Դրուժան ժամանակը հևաց և հրես-հրես կամենում էր կանգնել, երբ ինչպես ոսկեղեն տեսիլք, մացառների միջից հայտնվեց նա՝ բաղձալին՝ ուռենու խոնարհուն բնին գայթած պատանին: Նա՜, նա՜… Արդյոք, միրա՞ժ է,-սոսկացի՝ ցնորիչ, ցնդող պատրանք: Չէ՛, չէ՛, նա՛ է, նա՛..արևի պատառ՝ վերագտնված գանձ: Կողանց քիչ բացած ձեռքերի թեզանիքներից, քղանցքներից ջուր էր կաթկթում: Դալար տնկիների արանքներից նկատելով ինձ՝ աղերսաձայն կանչեց.

-Հոպա՛ր, հոպա՛ր, ների՛ր, ներիր:

Եվս մի ակնթարթ, և  գիրկս առած, խելահեղ հևքով սկսեցի պաչպչել քիթ ու աչքումռութ՝ երջանկության՝ հորդող արցունքների առվակներով հեղելով ազնվածին դեմքը:Ուրախ կանչերիս արձագանքած մայրը հայտնվեց հանց կայծակ: Ծնկադիր գիրկն առավ զավակին ու երկար-երկար հեծկլտալով սկսեց գուրգուրել: Իրար ձայնելով, մարդիկ շրջապատեցին՝ ականատես դառնալով երջանկության ցնցող տեսարանին: Ոմանք մոտեցան ու փաղաքշեցին մորը, քաջալերել, շոշափել ու շոյել մանկանը: Գորովանքով շրջապատած հրաշքով փրկվածներիս, ուղեկցեցին իջևանատուն: Հայտնվեց նաև գետից մի կերպ դուրս պրծած վարորդը՝ հագուստը փակչած սրթսրթուն մարմնին: Կարծես չհավատալով աչքերին՝ մոտեցավ, նստած տղեկի գլուխն առավ ափերի մեջ ու գորովանքով ասաց.

-Ա՛յ ավազա՛կ, ո՞նց քեզ հաջողվեց, ախր ես հազիվ դուրս պրծա:

-Ճղներ կային էլի, գետի մեջ, բռնեցի,-ասաց չարաճճի ու քիչ վախվորած ժպիտով:

Մենության մատնված ու կուշտ լացից կարմրած աչքերով գունատ քույրը հայացքով լուռ զննում էր խոսողներին:

Բարի մարդկանց հյուրասիրությունը վայելած ու հաղորդած ջերմությունը կրծքներիս տակ, ճամփա ելանք: Որախ, աշխույժ ընթացավ մեր երթը: Կարծես արտասովոր ոչինչ չէր եղել ու չէինք հայտնվել կյանքի ու մահվան սայրաբերան կածանին:

 

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան Սարգսյանը գրականություն մտավ ուշ, բայց ինչքա~ն վստահ: Շուրջ մեկ տասնյակ պատմվածք մեկ տարում` մեկը մեկից լավը: Ինչպես ասում են` լավ է ուշ, բայց` անուշ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930