Նոյեմբերի 30-ին Արցախում կայացավ Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որը ղեկավարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կուսակցությունը հայտարարեց գարնանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին իր մասնակցության մասին եւ նախագահի թեկնածու առաջադրեց Աշոտ Ղուլյանին։
Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշեց, որ 2020 թ. կայանալիք համապետական ընտրությունները նոր հնարավորություն են բացում քաղաքական ակտիվ դերակատարում ստանձնելու, երկրի կայուն եւ առաջընթաց զարգացմանն ընդգծված մասնակցություն ունենալու տեսանկյունից:
Նրա խոսքերով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր հետագծով կայուն հիմքեր է ստեղծել Արցախի քաղաքական մշակույթի ձեւավորման եւ զարգացման համար, եւ այժմ էլ իրենք ցանկություն ունեն Արցախի զարգացումն առաջ տանելու համար մասնակցություն ունենալ նոր գաղափարներով:
Կարդացեք նաև
«Գերակշռող կարծիքն այն է, որ մենք պարտավոր ենք հանրությանը առաջարկել մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող, հանրությանը համախմբելու պատրաստակամություն ունեցող եւ ունակ թեկնածուի»,-ասաց Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ հենց այդպիսի թեկնածու է Աշոտ Ղուլյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ