«Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում ելույթ ունեցավ Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանը: Նա խոսեց տարբեր ճակատագրական վիճակներում քաղպաշտպանության պլանից:
«2016 թ քաղպաշտպանության պլանն էլ տեսանք, մենք բոլորս պարտավոր ենք առաջնորդվել գոյություն ունեցող օրենքներով… քսանչորս ժամ պետք է խոսենք մեր քաղպաշտպանության պլանից եւ նրանից, թե ինչպես ենք դա օգտագործելու: Մենք այսօր գտնվում ենք ծայրահեղ բարդ վիճակում…»,-ասաց Բալասանյանը եւ հույս հայտնեց, որ ամեն ինչ հնարավոր է շտկել:
«Մեր պահեստազորը քսանչորս ժամ պետք է պատրաստ լինի, այնտեղ եղած ամեն մեկն իր զենք-զինամթերքը պետք է իր տանը պատրաստ կախած պահի, եթե ուզում ենք պատերազմը հեռու տանել, Արցախը եւ Հայաստանը, առանց մտավախության, որ աշխարհի գերտերությունները մեր վրա կարող են մատ թափ տալ, պետք է ռազմականացնենք, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պատրաստվել, մարզվել, կապ չունի, թե որ պետությունում ենք գտնվում»,-ասաց Վիտալի Բալասանյանը:
Նա անդրադարձավ Արցախի տնտեսության տարբեր ոլորտներին: «Երբեւէ Արցախում այսքան հակասանիտարական վիճակ չի եղել, աղբի մեջ թաղված ենք, որեւէ աշխատանք չենք կատարում, մինչեւ 1988 թվականը դրսից որեւէ սնունդ համարյա չէինք ստանում… Արցախում եղել ենք ինքնաբավ պարենային անվտանգության հարցով: Ես սննդի հետ եմ կապում մեր հիվանդությունները»,-ասաց նա: Վիտալի Բալասանյանը խոսեց բազմազավակ ընտանիքների ծայրահեղ աղքատությունից, իրեն հուզող բոլոր հարցերից: Ապա ընդգծեց. «Մեզ պետք է առողջ սերունդ, ոչ թե հիվանդ երեխաներ ծննդաբերեն մեր կանայք»:
Կարդացեք նաև
Ապա կրկին ընդգծեց. «Իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգավոր է, դա վերաբերում է ե՛ւ սոցիալական, ե՛ւ տնտեսական ծրագրերին, արտաքին քաղաքականությանը…Ղարաբաղի հարցն էլ ոչ թե տարել են փակուղի, այլ թաքուն ինչ-որ բան է գնում… Իմ թշնամին են նրանք, որոնք հակահայ ծրագրեր կփորձեն կյանքի կոչել։ Վերջին օրերին Վազգենաշենում կատարվածի գնահատականը, ես չեմ ուզում տալ, դուք կարող եք տալ: Սա կոնկրետ վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահին, որը կամ պետք է պատասխան տա կամ պատասխանատվության ենթարկի մեղավորներին… Ես գեներալ եմ, իսկ գեներալի մասին կարող է գեներալը գնահատական տալ կամ նրա Գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես ուսուցչին կարող են գնահատակ տալ ուսուցիչը եւ դպրոցի տնօրենը»:
Վիտալի Բալասանյանը նաեւ հայտարարեց, որ տրամադրված է վճռական, ասաց, որ հաղթելու են ոչ միայն 2020 թ․ համապետական ընտրություններում, այլեւ Արցախի հարցում: «Թող Ադրբեջանն ու Թուրքիան կամ որեւէ մեկը չփորձի ոտնձգություն կատարել, մենք բոլորին կտանք ադեկվատ պատասխան»:
«Արդարություն» կուսակցության համագումարում Վիտալի Բալասանյանն առաջադրվեց եւ միաձայն ընդունվեց իբրեւ 2020 թ. կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ