Լրահոս
Օրվա լրահոսը

Մասդարը և ԱՆԻՖ-ը 400 ՄՎտ հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել

Նոյեմբեր 30,2019 15:34

Այսօր Աբու Դաբիում ստորագրվել է համատեղ զարգացման համաձայնագիր` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ

 Աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարը» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (այսուհետ` ԱՆԻՖ) Հայաստանում 400 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել, ինչն իրենից ենթադրում է 300-ից 320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ Հայաստանում:

Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր Աբու Դաբիում կայացած մասնավոր արարողության ժամանակ ստորագրել են համատեղ զարգացման համաձայնագիր (ՀԶՀ)։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեին և «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքը։

Այսօրվա արարողությունը հաջորդում է հուլիս ամսին Մասդարի և ԱՆԻՖ-ի միջև` վերականգնվող, ներառյալ` ֆիքսված և լողացող արևային ֆոտովոլտային կայանների և քամու էներգիայի զարգացման, կառուցման, շահագործման և պահպանման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

Համատեղ զարգացման համաձայնագրի ներքո նախանշված առաջին նախագիծը 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում, որը կօգտագործի էլեկտրաէներգիա արտադրելու համար ամենաժամանակակից երկբևեռ տեխնոլոգիան` էլեկտրաէներգիա արտադրելու արևի ինչպես ուղիղ, այնպես էլ արտացոլված լույսի շնորհիվ։

Հայաստանը մինչև 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը վերականգնվող աղբյուրներից ստանալու հանձնառություն ունի, և ներուժ ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա: Այսօր երկիրն ունի էներգիայի շուրջ 2,800 ՄՎտ դրվածքային հզորություն, որը հավասարաչափ բաշխված է միջուկային, հիդրո և ներմուծվող բնական գազից ստացվող ջերմային էներգիայի արտադրության միջև:

Հայաստանը յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ստանում է մոտ 1,720 կՎտ ժամ արևային էներգիա՝ համեմատած Եվրոպայում մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով 1000 կՎտ ժամի: Հայաստանի 200-ից ավել գետերից և լճերից շատերը նույնպես հարմար են լողացող արևային էներգիայի նախագծերի համար:

«Մեծ պատիվ է այսօր ստորագրել այս պայմանագիրը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մեր գործընկերների հետ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում մեր ղեկավարության ներկայությամբ` վերահաստատելու մեր նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը», – ասաց Մասդարի գործադիր տնօրեն պարոն Մուհամեդ Ալ Ռամահին:

«Հայաստանն արագ զարգացող տնտեսություն է, որն ունի բաց և բարենպաստ միջավայր՝ երկիր եկող ներդրումների համար», – ավելացրեց Ալ Ռամահին: «Սա կարևոր պատճառ է, թե ինչու մենք կարողացանք այդքան արագ առաջ շարժվել ԱՆԻՖ-ի հետ մեր համատեղ ծրագրում»:

«Որպես վերականգնվող էներգիայի գլոբալ առաջնորդ, ով ակտիվ գործունեություն է ծավալում ավելի քան 25 երկրներում և ունի Կենտրոնական Ասիայում ընդլայնվող ներկայություն, Մասդարը մեծ փորձ ունի արևային, հողմային, թափոններից էներգիա ստանալու և կայուն անշարժ գույքի ոլորտներում կոմերցիոն իմաստով հաջողված նախագծեր մշակելու գործում: Ինչպես ցույց է տալիս այսօրվա ստորագրման արարողությունը, մենք ցանկանում ենք ուսումնասիրել այն բազմաթիվ եղանակները և մեթոդները, որոնց միջոցով մենք կարող ենք օգտագործել այդ փորձը և փորձառությունը Հայաստանում, որտեղ առկա է դեռևս չօգտագործված արևային և հողմային էներգիայի պոտենցիալ»:

Հայաստանն արդեն ունի փոքր և միջին չափի արևային ֆոտովոլտային կայաններ 50 ՄՎտ համակցված հզորությամբ, ևս 250 ՄՎտ հզորության արևային նախագծերը լիցենզավորված են շինարարության համար, իսկ նախատեսվող ծրագրերի ծավալը կազմում է ընդհանուր 700 ՄՎտ:

«Մասդարը և ԱՆԻՖ-ը իրենց խոսքի տերն են՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբով վերականգնվող էներգետիկայի նախագծերն իրականացվելու են անհապաղ», – ասաց ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Վերջին ամիսների ընթացքում մեր երկու թիմերը համախմբվել են որպես մեկ միավոր, և ես ուրախ եմ զեկուցել, որ մենք այսօր ՀՀ Կառավարությանն ենք ուղարկել մեր կողմից համատեղ առաջարկվող հավակնոտ և մրցակցային առաջարկը, որտեղ ուրվագծվում են 400 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մանրամասները»:

2010թ.-ից ի վեր, հանդիսանալով Մասդարում գլխամաս ունեցող «Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության» լիիրավ անդամ, Հայաստանը հանձնառություն ունի իր էներգիայի ներքին կարիքների ավելի քան մեկ քառորդ մասն արտադրել վերականգնվող աղբյուրներից և հույս ունի 2015 և 2050 թվականների միջև ածխածնի արտանետումների շեմը պահպանել 633 միլիոն մետրիկ տոննա ածխածնի չափով:

Հունվար ամսին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը գտնվել է ԱՄԷ-ում և պաշտոնական այցի շրջանակներում ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում։ Նախագահ Սարգսյանը կվերադառնա Աբու Դաբի՝ ելույթ ունենալու «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2020»-ի շրջանակներում տեղի ունեցող «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում, որը տեղի կունենա 2020թ. հունվարի 11-18-ը:

Մասդարի մասին

Հանդիսանալով Աբու Դաբիի վերականգնվող էներգետիկայի ընկերություն՝ «Մասդարը» զբաղվում է վերականգնվող էներգիայի առևտրայնացմամբ և տեղակայմամբ, կայուն քաղաքաշինությամբ և մաքուր տեխնոլոգիաներով` գլոբալ կայունության մարտահրավերների լուծման նպատակով: Մուբադալա Ներդրումային Ընկերությանն ամբողջապես պատկանող՝ Աբու Դաբիի կառավարության ռազմավարական ներդրումային ընկերություն՝ Մասդարի գործունեությունն ուղղված է օգնելու ԱՄԷ-ի ղեկավարությանը գլոբալ էներգետիկ ոլորտում` աջակցելով ինչպես տնտեսության, այնպես էլ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը՝ ի օգուտ ապագա սերունդների: Մասդարը վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է իրականացնում ԱՄԷ-ում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում և Հյուսիսային Ամերիկայում։

Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի մասին

«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդը» (կրճատ՝ ԱՆԻՖ) ՀՀ կառավարության ներքո գործող օտարերկրյա ուղղակի ներդրումային ֆոնդ է, որը մեծամասշտաբ ծրագրերի շրջանակներում համաներդրումներ է իրականացնում գլոբալ ներդրողների և ոլորտային գործընկերների հետ։ ԱՆԻՖ-ի գործունեության նպատակն է՝ հանդիսանալ ակտիվ ներդրող և գործընկեր՝ ենթակառուցվածքներում և տնտեսության կարևորագույն ոլորտներում ներդրումներ գեներացնելու և դյուրացնելու նպատակով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930