Ստեփանակերտում կայացավ Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարը, որը պայմանավորված է 2020 թ.կայանալիք համապետական ընտրություններով:
Կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հիմնադրման օրվանից փորձել են իրենց ուրույն տեղն ունենալ քաղաքական դաշտում, վերականգնել հավատը երկրի ապագայի հանդեպ: Ի թիվս այլ խնդիրների, նա անդրադարձավ նաեւ Արցախի անվտանգության խնդրին, հանքարդյունաբերությանը, հիմնադրամների աշխատանքներին, կառավարման համակարգի փոփոխությանը, կոռուպցիոն սխեմաներին, որոնց արդյունքում մի խումբ չինովնիկներ, նրա խոսքերով, տիրացել են ազգային հարստությանը: Ասաց, որ պահանջել են օրենքով ամրագրել քաղաքական փոքրամասնության նվազագույն թիվ խորհրդարանում եւ էլի այլ սկզբունքներ, սակայն Արցախում արդեն մեկ տարուց ավելի է, ինչ բոլոր պատկան մարմիններն ու օղակները սառած սպասում են 2020 թվականին:
Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Դավիթ Գալստյանը ներկայացրեց կուսակցության ծրագրի հիմքը հանդիսացող դրույթները:
«Արդարություն» կուսակցության համանախագահ Միքայել Սողոմոնյանը նշեց, որ իրենց առաջնահերթ խնդիրը Արցախի հիմնախնդրի լուծումն ու արցախահայության անվտանգության ապահովումն է: Ասաց, որ դրա համար դիտարկում են իրենց ներուժը, քանի որ կուսակցության անդամներից շատերը լուրջ վաստակ ու անցած ճանապարհ ունեն:
Կարդացեք նաև
Նա եւս անդրադարձավ կառավարման համակարգում տեղ գտած կոռուպցիային ու հովանավորչությանը, կադրային քաղաքականությանը: «Մենք չկարողացանք ազատագրական պայքար մղող մեր ժողովրդի՝ մարտի դաշտում կերտած հաջողությունները բյուրեղացնել տնտեսական եւ դիվանագիտական դաշտում: Մեր մեջ սկսեցին ներարկել այն դիվանագիտական վախը, որ միջազգային հանրությունը մեզ կստիպի հանձնել Արցախը, որ մենք թույլ ենք, որ իբի լավ ապրելու համար պետք է զիջումների գնալ:
Հանրահայտ է, որ միջազգային կառույցները կամ գերտերությունները ճնշում են զիջումների պատրաստ կողմին: Սրան գումարվեց իբր լավ ապրելու պարտվողական հոգեբանությունը…Մինչեւ մենք հույսներս դրել էինք Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծումն այլընտրանք չունի թեզի վրա, ողջ հրադարարն Ադրբեջանն օգտագործեց սպառազինվելու վրա, որի արդյունքն էր Ապրիլյան պատերազմը»:
Նա անդրադարձավ նաեւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ներդրումին Արցախի անվտանգության հարցում։ Ասաց, որ հաճախ իշխանություններն ունեցել են Արցախի հարցում ոչինչ չասող, անորոշ, պատասխանատվությունից խուսափող դիրքորոշումներ: Սողոմոնյանի խոսքերով, բարի կամքի ճնշման տակ ցանկացած զիջում բերելու է շղթայական ռեակցիայի, ընդհուպ մինչեւ Ալիեւի հայտարարած Երեւանի հանձնումը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Արդարություն» կուսակցության ֆեյսբուքյան էջից