Շուտով կլրանա յոթերորդ գումարման ԱԺ գործունեության մեկ տարին։
Որոնք են մեկ տարվա ընթացքում ընդունված այն հիշարժան օրենքները, եւ որքանով են դրանք փոխում ՀՀ շարքային քաղաքացու կյանքը, դիտարկենք միասին։ Այսպիսով՝ ամենահեղափոխական օրենքը, որն ընդունվեց ի պատիվ թավշյա հեղափոխության, ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր սահմանելու մասին է։
«Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,- պաշտոնապես հիմնավորել էր կառավարությունը։ Խորհրդարանն ընդունեց նաեւ «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենք, որի հեղինակներն են ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։
Օրենքն արդեն ուժի մեջ է մտել եւ հարուցել սոցիալական այլ խմբերի, մասնավորապես, զոհված զինծառայողների մայրերի զայրույթը։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անում կառավարության դիմաց եւ պահանջում նաեւ իրենց փոխհատուցել։
Հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դրամ դարձնելու նախագիծը կտարածվի 57 հազար պետական ծառայողների եւ մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողի վրա։ Օրենքն ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի 1-ից։ Նախագծի հեղինակներն «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն են։ Մի քանի օր առաջ էլ խորհրդարանն ընդունեց քրեական ենթամշակույթը քրեականացնելու աղմկահարույց նախագիծը։ Այլ կերպ ասած՝ օրենքն «օրենքով գողերի» ու գողականների դեմ է, նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու համար, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար։ Հանցավոր խմբավորմանը մասնակցությունը կպատժվի օրենքով, 4-8 տարի ազատազրկմամբ։ Սրանք հիմնական հիշարժան եւ աղմուկ հանած նախագծերն են, որոնք օրենքի տեսք են ստացել այս խորհրդարանում։
Կարդացեք նաև
Իշխանությունը մի քանի օր հետո մեկնարկող քառօրյայի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կընդունի նաեւ հերթական օրենքը, որը բխում է իր շահերից։ Խոսքն ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոններում քաղաքացիական անձանց նշանակելու նախագծի մասին է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում