Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան իշխանությունները, կարծես, բավականին ամբիցիաներ ունեն Արցախում իրենց ազդեցությունը մեծացնելու առումով․ «Փաստ»

Նոյեմբեր 30,2019 12:40

Արցախում գարնան սկզբին սպասվելիք ընտրությունները որոշակիության փուլ են մտնում։ Քաղաքական ուժերը և հիմնական դերակատարներն արդեն ուրվագծվել են։

Դժվար թե շատ մեծ անակնկալներ լինեն, թեպետ ոչինչ չի բացառվում։

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում սպասվելիք ընտրություններին, առկա վերադասավորումներին։

«Սպասվելիք ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ և՛ նախագահական, և՛ ԱԺ ընտրությունները նույն օրն են անցկացվելու։

Արցախի Սահմանադրությունից բխող այդ առանձնահատկությունն իր խաղի կանոններն ու հնարավորություններն է ընձեռում քաղաքական ուժերին և անհատներին՝ թե՛ մանևրելու, թե՛ իրենց մարտավարությունն ընտրելու տեսանկյունից։

Առանձնահատուկ էր նաև այն, որ ընտրությունների շուրջ մրցավազքը բավականին վաղուց էր սկսվել, ինչի պարագայում ռիթմը պահելն ու այն չկորցնելը բարդ խնդիր է։

Ինչևէ, այս պահի դրությամբ արդեն ուրվագծվել է, թե ովքեր են մասնակցելու ընտրություններին։

Թեկնածուները քաղաքական, անգամ հասարակական տարբեր շերտեր են ներկայացնում։

Պարզ է, որ ընտրություններին մասնակցելու է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը»,-ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ սա չի նշանակում, թե ալյանսները բացառվում են։

«Ամենակարևոր ինտրիգներից մեկը գուցե նաև այն է, թե, ի վերջո, ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, որն անընդհատ բանակցությունների մեջ է և փորձում է հանդես գալ համաձայնեցված թեկնածուով։ Եվ, կարծես, չեն պնդում, որ անպայման դաշնակցության թեկնածուն լինի։

Նշվածին զուգահեռ՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ամեն դեպքում միայնակ է գնալու, և մերժում է ցանկացած ալյանս։

Միգուցե նման վարքագիծը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա կարծում է, թե ունի Հայաստանի այսօրվա իշխանությունների աջակցությունը։

Այդուհանդերձ, պարզ է, որ հայաստանյան իշխանություններն ամեն դեպքում փորձելու են ունենալ իրենց նախընտրելի թեկնածուն՝ անկախ նրանից, թե ինչ կհայտարարվի պաշտոնական մակարդակով։

Ընտրություններում հայաստանյան իշխանությունների մասնակցության չափը տեխնոլոգիաների, գործիքակազմի խնդիր է, բայց մի բան պարզ է՝ կցանկանան, որ Արցախում իրենց համար կոմֆորտային նոր իշխանություն լինի։

Առավել ևս, որ հայաստանյան իշխանությունները, կարծես, բավականին ամբիցիաներ ունեն Արցախում իրենց ազդեցությունը մեծացնելու առումով։

Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտնի հայտարարությունը, ըստ իս, ուներ նաև այն մեսիջը, ըստ որի, այնուամենայնիվ, շատ բան որոշվելու է Հայաստանից»,-նշեց Վ. Հակոբյանը՝ նկատելով, որ թեև երկար ժամանակ համարվում էր, որ Արայիկ Հարությունյանն է լինելու հայաստանյան իշխանությունների նախընտրելի թեկնածուն, բայց վերջին երկու ամիսներին երևանյան թեկնածուի հավակնությունների մասին խոսակցություններ սկսվեցին նաև Մասիս Մայիլյանի շուրջ։

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930