Ուրբաթ երեկոյան Լոնդոնի կամրջի վրա մի տղամարդ հարձակում է իրականացրել անցորդների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, երկու մարդ ստացած վիրավորումներից մահացել է: Լոնդոնի ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա, հանցագործը սպանվել է, նրա մարմնի վրա հայտնաբերվել է պայթուցիկ սարք, հաղորդում է BBC-ն:
Ավելի ուշ ոստիկանությունը հրապարակել է հարձակվողի անունը՝ դա 28-ամյա Ուսման Խանն է, որը 2012թ. ազատազրկման էր ենթարկվել ահաբեկչության հետ առնչվող հոդվածով և վաղաժամ ազատ էր արձակվել 2018թ. դեկտեմբերին:
Ոստիկանությունից նաև տեղեկացրել են, որ ահաբեկչության հետևանքով վիրավորում են ստացել մի քանի մարդ, նրանցից երեքը գտնվում են հիվանդանոցում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Նիլ Բասուն դեպքից երկուսուկես ժամ անց հայտարարել է, որ հարձակման դրդապատճառներն առայժմ մինչև վերջ հայտնի չեն, բայց ոստիկանությունը դիտարկում է ահաբեկչության վարկածը:
Կարդացեք նաև
Լոնդոն-բրիջը գտնվում է Բրիտանիայի մայրաքաղաքի ակտիվ ֆինանսական և զբոսաշրջային կենտրոնում: Երկու տարի առաջ այստեղ տեղի էր ունեցել խոշոր ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել էր 8 մարդ և տասնյակ մարդիկ վիրավորվել էին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ