Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հեռուստամարաթոնին գումար չի փոխանցել Գ. Ծառուկյանը․ «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 30,2019 11:20

Երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը. լուսադեմին հայտարարվեց, որ հավաքվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։

«Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար, այսինքն՝ ավելի քան 1 միլիոն դոլարով ավելի:

«Հեռուստամարաթոն-2017»-ին խոստացվել էր 12 միլիոն 505 հազար 456 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կրկին շուրջ 1 միլիոն դոլարով ավելի, քան 2018-ին: «Հեռուստամարաթոն 2016»-ին հանգանակվել էր 15 մլն 428 հազար 777 ԱՄՆ դոլար:

«Նախորդ տարվա 11 միլիոնը, որ հայտարարվեց, դրա մեջ կային 2 մեծ խոստում, որոնք մինչեւ այժմ չեն կատարվել: Այդպես եղել է նաեւ նախորդ տարիներին»,- հեռուստամարաթոնի ժամանակ խոստացվող գումարների տարեցտարի նվազմանը մեր զրույցում այսպես արձագանքեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, ապա շարունակեց. «Ես կարող եմ երկու պատճառ ասել՝ ինչու այդպես եղավ, որովհետեւ այս տարի խոշոր դոնորներ չկային, մեր հիմնական ռազմավարությունը ոչ թե խոշոր նվիրատվություններ հավաքելուն էր ուղղված, այլ որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավելը»:

Եվ այդ ռազմավարությունը, ըստ Արշամյանի, արդեն հաջողել է, քանի որ այս տարի գրանցվել է հեռուստամարաթոնի պատմության մեջ աննախադեպ թվով առցանց նվիրատու՝ շուրջ 1500 մարդ: Եվ այս թիվը, ըստ նրա, անընդհատ աճում է՝ չնայած այն հանգամանքին, որ arca համակարգն այնքան էլ լավ չի աշխատում, եւ բազմաթիվ նվիրատվություններ կան, որ սպասման ռեժիմում են: «Մենք կատարյալ համակարգ ենք ստեղծել, որ մարդիկ կարողանան պարբերական վճարել. եթե հիմնադրամի կայքում կարգավորումը տալիս ես, ամեն ամիս քո քարտից քաշում է, դու չես էլ հիշում դրա մասին: Ցանկացած պահի, եթե չուզես, անջատում ես ֆունկցիան»,- նկատեց Արշամյանը՝ հավելելով, որ աննախադեպ է նաեւ հեռախոսազանգերով եւ SMS-ներով 4 ժամում հավաքված գումարի՝ 50 հազար դոլարի խոստումը:

Նշենք նաեւ, որ 2017-ին, օրինակ, հեռուստամարաթոնին խոշոր նվիրատվություն էր արել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը (350 000 դոլար): Այս տարի գործարանի անունը չկա խոշոր փոխանցումներ կատարածների թվում: Նույնը վերաբերում է նաեւ Գագիկ Ծառուկյանին:

Արշամյանից հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գումար չի նվիրաբերել: Արշամյանը հիշեցրեց, որ նա նախորդ տարի եւս չի փոխանցել գումար: «Չենք խոսել, բայց ենթադրությունս այն է, որ քանի որ իրենք իրենց բարեգործական ծրագրերն ունեն, չեն ներգրավվում այստեղ: Բայց շատ հավես կլիներ, որ պարոն Ծառուկյանն այդ 10 հազար դրամի գաղափարը դներ: Շատ սիմվոլիկ կլիներ, քանի որ ինքը համակիրների մեծ բանակ ունի, հետաքրքիր պրոցես կարող էր սկսվել»,- ասաց Արշամյանը: Հիշեցնենք, որ, օրինակ, 2016-ին Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ էր նվիրաբերել Հայաստան Համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքին:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930