Երեկ Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին զեղումներ է կատարել Աստվածաշնչյան թեմաներով: Նա նախ՝ խոսելով քննիչների աշխատանքի դժվարությունների ու անմարդկային պայմանների մասին, նշել է, թե այդ ճանապարհը յուրահատուկ Գողգոթա է, որը պետք է անցնել: Իսկ արդեն պետական ծառայողների դերին անդրադառնալիս՝ Փաշինյանը խոսել է այն մասին, որ շատ պաշտոնյաներ՝ պաշտոնի նշանակվելիս, տառապում են իշխանի, բդեշխի բարդույթով:
Նա ասել է, որ այդ բարդույթը պետք է փոխարինել Հիսուսի բարդույթով, որը նշանակում է՝ միաժամանակ լինել և՛ տեր, և՛ ծառա:
Սա վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է անցկացնում իր, իր իշխանության և Տիրոջ միջև:
Իհարկե, հոգեբաններն ավելի մասնագիտորեն կախտորոշեն այդ խնդիրը, բայց առնվազն առաջին ընկալմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատելով Քրիստոսի հետ, իսկ պաշտոնյաներին պատվիրակելով իշխանի բարդույթը փոխարինել Հիսուսի բարդույթով, ենթագիտակցորեն իրեն վերապահում է՝ Հիսուսի, պաշտոնյաներին էլ՝ աշակերտների կամ առաքյալների դերը: Ավելի գլոբալ, ոչ անձնային՝ իշխանության բնույթին առնչվող հարթությունում, այս երևույթն ըստ ամենայնի իշխանության կողմից որևէ գաղափարախոսության չդավանելու անուղղակի հետևանքն է:
Գաղափարախոսության բացակայությունը Նիկոլ Փաշինյանն այս կերպ փորձում է լրացնել հավատով, կրոնով, ինչը քրիստոնյա հասարակության պարագայում գուցե և արդարացված համարվի առաջին հայացքից: Իսկ ավելի խորքում դա իշխանության ավտորիտար բնույթի ևս մեկ վկայություն է, քանի որ կրոնական կամ դավանաբանական գաղափարներով հասարակության հետ հարաբերությունը բնորոշ է հենց ավտորիտար իշխանություններին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում