Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Վարչապետն ինքն իրեն տեսնում է իբրև Հիսուսի գործի շարունակող»․ «168 ժամ»

Նոյեմբեր 30,2019 10:20

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ հասարակություն-եկեղեցի կապն այսօր թույլ չէ. «Ուժեղանալու տեղ ունի և շատ, բայց որ ասենք՝ շատ տկար է, ոչ: Եկեղեցին այսօր բավականին լուրջ հիմքեր և ներկայություն ունի հասարակության բոլոր շերտերի մեջ»:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Twitter-ում գրել էր. «Հեղափոխությունը հակազդեցությունն է ստին և, միևնույն ժամանակ, հաստատումն է ճշմարտության։ Բայց եթե հեղափոխությունն այդ հակազդեցությունից և հաստատումից բացի, ժողովրդի կյանքը հեղափոխող գործոն չի դառնալու, ապա այն սոսկ դատարկ մի պղպջակ է»։ Սրբազանից հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է նրա մտահոգությունը: Ի պատասխան՝ նա ասաց. «Մենք Վեհափառների ասածները քննարկման չենք դնում, մեզ համար նրանց ասածները բարձրագույն ճշմարտություն են: Այդտեղ այդքան էլ հստակ չէ՝ Վեհափառն իբրև երևույթ՝ նկատի ունի Հայաստանո՞ւմ, թե՞ Լիբանանում տեղի ունեցածը: Բայց իր ասածը, բնականաբար, լիարժեք կերպով կիսում եմ»:

Խնդրեցինք նաև կարծիք հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ՝ կապված Հիսուս Քրիստոսի և իր համեմատության հետ:

«Մեր վարչապետը սիրում է այնպիսի արտահայտություններ անել, որոնք բուռն քննարկման նյութ են դառնում: Խորքի մեջ, կարծում եմ, որ վարչապետն ինքն իրեն չի համեմատել Հիսուսի հետ, պարզապես ինքն իրեն տեսնում է՝ իբրև Հիսուսի գործի շարունակող: Ցանկացած քրիստոնյա պետք է իրեն այդպես տեսնի»:

Իսկ ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ինքը քրիստոնյա է, բայց հավատացյալ չէ, ու, որ իր համար շատ ցավալի է, որ իր 7 տարեկան թոռնիկն աղոթում է, և դա համարում է հոգևորսություն, նա հետևյալն ասաց. «Պատգամավորի ասածն իր մեջ ծիծաղելի շատ բաներ է պարունակում: Նախ՝ ինչ է նշանակում՝ քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ, ի՞նչ է նշանակում՝ աղոթելը հոգևորսություն է: Երևում է, որ մարդը տարրական բաներ չգիտի, իսկ եթե մարդը տարրական բաներ չգիտի, պետք էլ չէ իր ասածը քննարկել: Հիմա, եթե մի մանուկ ինչ-որ մի բան է ասում, հո չե՞ս զբաղվի իրեն այդ բաները բացատրելով, պետք է սպասես՝ մինչև հասունանա: Այնպես որ, սպասենք, մինչև հասունանա»:

2020թ. ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այս խնդրի հետ կապված ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցին չի քաջալերում դիակիզումը, բայց չի էլ արգելում: «Հարցին չեմ կարող միանշանակ պատասխանել և իրավասու էլ չեմ պատասխանել, որովհետև դա եկեղեցու քննարկման և վերջնական որոշում կայացնելու խնդիր է: Մենք չենք ասում, որ միանշանակ դեմ ենք դիակիզմանը, մենք չենք քաջալերում դիակիզումը: Եկեղեցին քաջալերում է հուղարկավորությունը, և ոչ թե՝ դիակիզումը: Բայց արդեն դիակիզման դեպքեր կան, որ աճյունները հուղարկավորել և հոգեհանգիստ ենք կատարել: Այսինքն՝ այնպես չէ, որ եկեղեցին միանշանակ դեմ է կամ արգելում է դիակիզումը»,- նշեց նա:

Սրբազանն ընդգծեց, որ Հայ Առաքելական եկեղեցու կարծիքը պետք է հաշվի առնել. «Հայ ժողովրդի ճնշող մեծամասնության եկեղեցու կարծիքը չի կարող անկարևոր լինել որևէ պաշտոնյայի համար: Նման արտահայտություններ մեր պետական պաշտոնյաները վերջերս շատ են իրենց թույլ տալիս, դա կարելի է վերագրել հետհեղափոխական էյֆորիկ վիճակին. մարդիկ մտածում են, թե իրենք ավելի կարևոր են, քան 1700-ամյա հաստատությունը: Ցանկացած պետական պաշտոնյա պետք է հասկանա, որ ինքը շատ փոքր է 1700-ամյա հաստատության կողքին»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930