Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

30 տոկոսանոց տեմպ այս պահին գոյություն չունի, որպեսզի այն «պահենք» կամ չպահենք․ «Ազգ»

Նոյեմբեր 30,2019 10:10

Հայաստանում բյուջեներին անվանում տալու սովորությունը նոր չէ` «սոցիալական», «պահպանողական», «զարգացման» եւ այլն: Հիմա էլ նոր անվանում` «հեղափոխական»: Ակնհայտ է, որ «հեղափոխության» թրենդը թերեւս կշարունակի պահպանվել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատն են իշխանության գլուխ: Նման թրենդային բնորոշումներ տրվում են մեր կյանքի բոլոր ոլորտներում, անգամ տնտեսությունում, որտեղ «հեղափոխություն» բառն ուղղակի վանող է: Ինչեւէ:

Տեսնենք, թե ի՞նչ ասել է հեղափոխական բյուջե եւ ի՞նչ է այն:

«2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով. սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը: Հիմա, 2020թ. պետական բյուջեի նախագծում 2018 թ. համեմատ եկամտային մասը գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարում ենք նաեւ 2018 թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%, իսկ, եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35%: Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետեւ ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ», սա 2020 թ.-ի պետական բյուջեին տված Նիկոլ Փաշինյանի բնորոշումն է, որի մասին նա հայտարարել է խորհրդարանում բյուջեի նախագիծը ներկայացնելիս:

Ի՞նչն է նպաստում այս տարվա բյուջեի բարձր եկամուտներին

Անդրադառնալով սրան, նախ հարկ է նշել, որ մինչ վարչապետ դառնալու խոստումն այլ է եղել` բյուջեի եկամուտները մեկ երրորդով ավելացնելու առկա հնարավորության եւ այն իրականացնելու մասին: Հնարավորություն, որն ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքը պետք է իրականացներ այսպես կոչված «թալանված» գումարը պետական բյուջե վերադարձնելու հաշվին: Այդ հայտարարությունից երկու տարի անց տեսնում ենք, որ պետական բյուջեն չի համալրվել այդքանով, որքանով հայտարարվում էր մինչ այդ եւ «թալանվածի» մասին նրա պատեկացումներն ու մարդկանց ներկայացրածը հեռու են իրականությունից:

Այս տարվա արդեն հոկտեմբեր ամսվա հարկային եկամուտների հրապարակումից պարզ դարձավ, որ 10 ամիսների համագումարով 2019 թ.ի պետական բյուջեի հարկային եկամուտները միայն մոտ 20 տոկոսով են ավելի 2018 թ.ի նույն ժամանահատվածի հարկային եկամուտներից: Ընդ որում, այս տարվա ընթացքում պետական բյուջեի համալրմանը եւ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելուն էապես նպաստել է ավտոմեքենաների կտրուկ ավելացած ներմուծումից ստացված հավելյալ մոտ 50 մլրդ դրամ հարկային մուտքերը, որոնք մինչեւ տարեվերջ ավելանալու են: Սակայն, եկող տարի դրանք այլեւս չեն լինելու:

Հիշեցնենք, որ խոսքը նախորդ իշխանության կողմից, Հայաստանի` ԵԱՏՄ մտնելիս ձեռք բերված այն պայմանավորվածության մասին է, ըստ որի, Հայաստանը կարող է նախկին` ավելի ցածր մաքսադրույքներով մեքենաներ ներմուծել երրորդ երկրներից: Դրա շնորհիվ, ԵԱՏՄ այլ երկրներից, որոնք չունեին նման արտոնյալ ժամկետ, այս տարվա ընթացքում Հայաստան են գալիս մեր երկիր զանգվածաբար ներմուծված ավտոմեքենաներ գնելու, քանի որ վերջիններս անհամեմատ ավելի էժան են: Դրանով հանդերձ է, որ այս պահին 20 տոկոսով ավելի եկամուտներ ունենք քան անցյալ տարի:

Ի դեպ, նույն ելույթի ժամանակ պետական բյուջեի եկամուտների մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը մեկ այլ բան էլ էր ասում. «Այո, այս 30 տոկոսանոց տեմպը մենք պետք է պահենք»: Կարող ենք արձանագրել, որ 30 տոկոսանոց տեմպ այս պահին գոյություն չունի, որպեսզի այն «պահենք» կամ չպահենք:

2020 թ.ի բյուջեի համեմատությունը 2018 թ.-ի բյուջեի հետ

Հիմա բուն պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների մասին: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչպե՞ս են համեմատում կատարված բյուջեն դեռեւս նախագիծ բյուջեի հետ: Այնուամենայնիվ, տեսնենք, թե համեմատությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

2018 թ.-ի բյուջեի եկամտային մասը, պաշտոնական վիճակագրության վերջնական ցուցանիշներով, կազմում էր մոտ 1 տրլն 341 մլրդ դրամ: 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծով եկամուտները պետք է կազմեն 1 տրլն 697 մլրդ դրամ: Տոկոսային ցուցանիշը հաշվարկելու դեպքում կտեսնենք, որ 1 տրլն 341 մլրդ 33 տոկոսով ավելանալու դեպքում 2020 թ.-ի պետական բյուջեն կկազմի ոչ թե 1 տրլն 697 մլրդ, այլ 1 տրլն 783 մլրդ կամ 86 մլրդ դրամով ավելի: Այսինքն, 1 տրլն 341 մլրդը ոչ թե 33 տոկոսով, այլ 26,5 տոկոսով ավելանալու դեպքում է կազմելու մոտ 1 տրլն 697 մլրդ-ին։

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ցանկացած կառավարություն հարկային վարչարարության միջոցով կարող էր բյուջեն կրկնապատկել՝բայց հաջորդ տարին անկարելի կլիներ ձեռք բերվածը գոնե մեկ տոկոսով ավելացնել,ելնելով դրանից,նախկին կառավարությունները ամեն տարի հարկատուներից պահանջել են տասը տոկոսով ավելացնել մուծումները՝ապահովելով ոչ մեծ,բայց կայուն աճ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930