Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություն-բիզնես հարաբերությունների խութերը

Նոյեմբեր 30,2019 10:00

Աշխարհի ցանկացած երկրում, որտեղ կան շուկայական հարաբերություններ (իսկ դրանք «ընդհատակյա» կարգավիճակով գոյություն ունեին անգամ Խորհրդային միությունում՝ 1960-70-ական թվականներին), գործարարները, որպես կանոն, ձգտում են այս կամ այն կերպ մերձենալ իշխանության հետ: Եթե նույնիսկ զուտ տեսականորեն ընդունենք, որ բիզնեսմենն անթերի է աշխատում եւ օրենքի ոչ մի խախտում թույլ չի տալիս, միեւնույն է՝ մարդը, որը կորցնելու բան ունի, սովորաբար փորձում է իրեն ապահովագրել քաղաքական ռիսկերից, եւ այդ պատճառով ոչ միայն առճակատման չի գնում իշխանության հետ, այլեւ աշխատում է դրան ինչ-որ ձեւով հաճոյանալ:

Առճակատումները լինում են այն դեպքում, երբ իշխանափոխության հոտ է գալիս. այդպես, օրինակ, Պյոտր Պորոշենկոն հակադրվել էր Յանուկովիչի իշխանությանը, որովհետեւ շանս ուներ հենց իշխանափոխության ձեւով է՛լ ավելի առաջ մղել սեփական բիզնեսը: Իհարկե, լինում են նաեւ բացառություններ. օրինակ, Բիլ Գեյթսը, կարծում եմ, խորապես անտարբեր է Օբամայի կամ Թրամփի նկատմամբ: Բայց այնպես չէ, որ նույն Միացյալ նահանգներում խոշոր բիզնեսմենները սեփական շահը չեն հետապնդում, երբ ֆինանսավորում են այս կամ այն քաղաքական գործչի կամպանիան՝ տարբեր մակարդակի ընտրություններում: Խնդիրն այն է, որ դա, ամերիկյան օրենքներով, պետք է արվի թափանցիկ, իսկ երբ թափանցիկ չի արվում, եւ դա բացահայտվում է, լուրջ սկանդալ է բռնկվում:

Իրավական պետություն չհանդիսացող երկրներում (որպիսին առայժմ Հայաստանն է) իշխանություն-բիզնես հարաբերությունները շատ ավելի վատ են կարգավորված՝ թե՛ գրված եւ թե՛ չգրված օրենքների տեսանկյունից: Հենց այդ է պատճառը, որ նոր, հեղափոխական, չկոռումպացված իշխանությունը պետք է լինի չափազանց զգույշ եւ բծախնդիր: Պարզ է, որ այն օլիգարխները, որոնք «մուծվում էին», ասենք, «Լույս» հիմնադրամին, հիմա վճարում են «Իմ քայլը» հիմնադրամին: Բայց դա նորմալ է, որովհետեւ այդ մուծումները թափանցիկ են: Սակայն լուրեր են պտտվում, որ պետական որոշ խնդիրներ լուծելու համար «թվեր են դրվում» մի շարք մեծահարուստների վրա, այդ թվում՝ այն մարդկանց վրա, որոնց նկատմամբ կան քրեական գործեր: Այ, դա արդեն կասկածելի է, որովհետեւ վաղ թե ուշ դուրս է գալու ջրի երես, եւ լինելու է հերթական «բոլոլան»:

Այդ ֆոնի վրա Երեւանի քաղաքապետարանին «Կամազներ» նվիրելու խնդիրը թերեւս ամենահնչեղը չէ: Մտքիս ծայրով անգամ չի անցնում, որ Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը որեւէ կապ ունի կոռուպցիայի հետ: Բայց կարող է, չէ՞ պատահել, որ լավ, պարկեշտ մարդը, սիրված դերասանը, հրաշալի հեղափոխականը լինի վատ պաշտոնյա, եւ իր անփորձության պատճառով խրվի տհաճ պատմությունների մեջ:
Ի դեպ, նույն կարծիքի եմ Դավիթ Սանասարյանի մասին, որը նույնպես, վստահ եմ, կոռուպցիոներ չի: Բայց փողոցում խանդավառ պայքարը մեխանիկորեն չի հանգեցնում պետական արդյունավետ ծառայության:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ SA / Corbis

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Իրավական պետություն չհանդիսացող երկրներում (որպիսին առայժմ Հայաստանն է)»

    «Հայկական» «պետական» թղթադրամների վրա բացակայում են ՀՀ պետական խորհրդանիշները:
    Պետականության հիմնասյուների բացակայությունը:
    Կոռուպցիայի ամենավառ օրինակներից են՝
    – «պետական» արտաբյուջետային հիմնադրամները,
    – «պետական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները,
    – հետամնաց բանկային (ֆինանսական) համակարգը,
    – կառավարության և կառավարական հետամնաց անգրագետ և անփորձ ղեկավարների թիվը …

  2. Լավատես says:

    Ազգային տնտեսությունը՝ լինի այն պետական թե մասնավոր, ազգի համար նույնքան կարեւոր նշանակություն ունի, ինչ ազգային բանակը, բանակն էլ պետք է կազմված լինի եւ պետական պարտադիր ժամկետային զինծառայողներից, եւ մասնավոր պայմանագրային զինծառայողներից, բայց դրանք բոլորը պետք է ենթարկվեն պետական քաղաքական իշխանության քաղաքականությանը, նույնն էլ պետական եւ մասնավոր տնտեսությունը պետք է ենթարկվի պետության քաղաքական իշխանությանը: Դրամի բացթողումն էլ ու դրամի քաղաքականությունն էլ բանակի ու տնտեսության նման կարեւոր են ու պետք է ենթարկվեն պետական քաղաքական իշխանությանը: Պետական քաղաքական իշխանությունը պետք է կապի իրար ուժային համակարգը տնտեսական ու դրամական համակարգերի հետ բացարձակ հզոր կապով, ինչքան այդ պետական ռազմավարական բաղադրիչներն իրարից կախված լինեն, այնքան պետական քաղաքական քաղաքականությունը իր բաղադրիչների հետ միասին անկախ կլինեն դրսի մրցակից ուժերի ազդեցությունից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930