Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ Սամվել Ալեքսանյանը նվեր է տվել մեքենաներ, ես կպատասխանեմ՝ ոչ». Հայկ Մարության

Նոյեմբեր 30,2019 00:10

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով անդրադարձավ քաղաքին արված նվիրատվությունների վերաբերյալ վերջին օրերին տարածվող տեղեկատվությանը: Նրա խոսքով, գրառմամբ կհրապարակի այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում է տեսանյութում։

«Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր է տվել մեքենաներ, ես պատասխանեցի՝ ոչ: Այնուհետեւ, հաջորդ օրը հրապարակեցինք նվիրատվություն արած անձանց եւ ընկերությունների անունները եւ դրանց մեջ կար «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր Հրաչյա Շարոյանն է, տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը»,-ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանի խոսքով, եթե այսօր էլ, իրեն, որպես քաղաքապետի, հարցնեն, արդյոք Սամվել Ալեքսանյանը նվեր է տվել Երեւան քաղաքին մեքենաներ, ինքը կպատասխանի՝ ոչ. «Որովհետեւ, ես պաշտոնատար անձ եմ եւ քաղաքապետը չի կարող ասեկոսների կամ այլ խոսակցությունների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել եւ, ես չեմ կարող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ: Եթե վաղը Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր տա որեւէ գույք, Երեւան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այդ նվերը»:

Քաղաքապետն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ է այդ գործընթացն արվել գաղտնի: Նրա խոսքով. «Ինչ գաղտնիության մասին է խոսքը, երբ այդ աղբատար մեքենաները ցերեկն էլ, գիշերն էլ, ամեն օր հավաքում են Երեւանից աղբը»:

Մարությանը ներկայացրեց ընթացակարգը, ինչպես են նվեր տալիս Երեւան քաղաքին. «Անձը, ընկերությունը գալիս՝ դիմում է գրում քաղաքապետարանում, որ Երեւան քաղաքին ինչ-որ մի գույք է ուզում նվեր տալ, ընդունում են այդ դիմումը, այնուհետեւ այդ մարդը կամ ընկերությունը բերում է այդ գույքը: Կնքվում է պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի եւ նվիրատուի միջեւ, այդ պայմանագիրը պաշտոնական կերպով տարվում է «Գայի», եթե մեքենա է, այնտեղ պաշտոնական կերպով գրանցվում է, այդ պայմանագիրը մնում է ոստիկանության համակարգում, դրվում է Երեւանի քաղաքապետարանի պետհամարանիշներ այդ մեքենայի վրա եւ մեքենան պաշտոնապես դառնում է Երեւան քաղաքի, երեւանցիների սեփականությունը»:

Ըստ քաղաքապետի, դրանից ավելի թափանցիկ գործընթաց նկարագրելը դժվար է. «Իսկ երբ մեզ հարցրին սա ինչ նվերներ են, մենք հաջորդ օրը մենք հրապարակեցինք ամբողջ ցուցակը մեքենաների եւ այն ընկերությունների, որոնք նվիրատվություններ էին արել»:

Հայկ Մարությանը նաեւ անդրադարձավ այն հարցին, թե նվիրատվությունների եւ շինթույլտվությունների միջեւ կա փոխկապակցվածություն:

«Սամվել Ալեքսանյանի նվիրած մեքենաների դիմաց Երեւանի քաղաքապետը, մենք տվել ենք Մասիվի Մեգամոլի ավարտական ակտը: Այս ավարտական ակտը տրվել է 20.09.2018 թվականին եւ ստորագրվել է Կամո Արեյանի կողմից՝ մինչեւ իմ քաղաքապետ դառնալը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «ապատեղեկատվություն է անվանել ուղիղ եթերում Հայկ Մարությանի արած հայտարարությունը, թե Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող ինքնակամ կառույցը օրինականացրել է ոչ ինքը. «Ցույց է տալիս փաստաթուղթը՝ պնդելով, որ ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, հերքելով իմ պնդումը։ Ուշադիր նայելու դեպքում ակնհայտ երևում է իր իսկ ցուցադրած թղթում, որ գրված է Հ․ Մարության, իսկ կայքում այն հենց հիմա էլ պարզ դրված է՝ Հայկ Մարության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930