Իրավապաշտպան Լարա Ահարոնյանը, որը Հայաստան է տեղափոխվել Բեյրութից, արդեն տասը տարուց ավել է Հայաստանում եւ Արցախում պայքարում է գենդերային հավասարության, կանանց վերարտադրողական առողջության, ընտանեկան, սեռական բռնության ենթարկված կանանց իրավունքների համար:
«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի համահիմնադիր Լարա Ահարոնյանը կանանց իրավունքների համար պայքարը սկսել է 2003 թվականից, այն ժամանակ պետական համալսարանում, որպես ուսանող, կանանց իրավունքների մասին քննարկումներ էին կազմակերպում: Իսկ 2005-ին, ինչպես Ահարոնյանն է պատմում, մայր բուհն ավարտելուց հետո գաղափարակիցների հետ հիմնադրեցին կենտրոնը: Այն որպես ֆեմինիստական շարժում հայրիշխանական հայ հասարակությունում մարտահրավերի պես մի բան էր. նման կազմակերպություններ այդ տարիներին գրեթե չկային:
Լարա Ահարոնյանն ասում է՝ ՀԿ-ի երկար տարիների պայքարի արդյունքում Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարվեց եւ սեռական ոտնձգության դեմ հոդվածով սահմանված պատիժը ավելի խստացվեց: ՀԿ-ն այսօր էլ աշխատում է այդ օրենքում փոփոխությունների վրա, որպեսզի կարողանան հասնել անպատժելիության մթնոլորտը բացառելուն:
Ահարոնյանը հիշեցնում է «Իմ մարմինն անձնական է» աղմուկ հանած գրքույկը, որը հասարակության մի հատված քննադատեց: Սակայն, իրավապաշտպանը վստահեցնում է՝ իրազեկող նման գրականությունը հանրային պահանջ ունի. «Դրա ապացույցն այն է, որ այսօր մեր կազմակերպության մասնագետներին տարբեր դպրոցներից, կրթական հաստատություններից հրավիրում են, որպեսզի իրենց համար խորհրդատվություններ անցկացնենք, թե ինչպես երեխաների հետ խոսեն սեռականության թեմաներով: Ծնողներին ենք վերապատրաստում, ուսուցիչների հետ ենք աշխատում»:
Կարդացեք նաև
Իր պայքարի տարիներին Ահարոնյանը մշտապես քննադատությունների թիրախում է եղել: Նա հույս ուներ, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իրավիճակը կփոխվի եւ կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները նախկինի պես չեն թիրախավորվի: Սակայն ինչպես տիկին Ահարոնյանն է ասում, ատելության խոսքն ու հարձակումներն իրենց վրա ավելի են շատացել:
«Առավոտի» հետ զրույցում Լարա Ահարոնյանը փաստում է՝ իրենց կազմակերպած ցանկացած միջոցառում այսօր ավելի շատ է հայտնվում թիրախում, քան` նախկինում էր, մանիպուլացվում է ու այդ ամենը հասարակությանն այլ կերպ է մատուցվում: Նրա խոսքով, օր օրի աճում են ծայրահեղական խմբերը, որոնք ամեն կերպ խոչընդոտում եւ վարկաբեկում են իրավապաշտպանների գործունեությունը:
Եթե նախկին իշխանությունների օրոք իրենց թիրախավորում էին, Ահարոնյանի խոսքերով ասած՝ օրակարգային, սոցիալ-տնտեսական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով, ապա հիմա անում են նախկին ռեժիմից մնացած նախկին պաշտոնյաներ. «Նաեւ քաղաքական գործիչներ, որոնք ունեն ինչ-ինչ քաղաքական խնդիրներ, կոռուպցիոն գործարքների մեջ են ներգրավված եւ վախենում են, որ դատավարությունների շարքն իրենց էլ է հասնելու: Քանի որ թավշյա հեղափոխություն էր, հին ռիժիմից շատ մարդիկ ճիշտ է կորցրին իշխանությունը, բայց հասարակության մեջ մնացել են եւ իրենց տեղը չեն գտնում, շատերը վախեր ունեն, որ հեսա իրենց արածները ջրի երես դուրս կգան, կոռուպցիայի խնդիրներով իրենց էլ դատարանի առաջ կկանգնեցնեն եւ նրանք ստեղծում են այդ կեղծ օրակարգը, որպեսզի իրենց խնդիրներից հասարակությանը շեղեն: Այդ մարդիկ շատ ռեսուրսներ, փողեր ունեն: Նրանք թե՛ հանրապետականների շրջանում են, թ՛ե Քոչարյանի աջակիցների շրջանում: Այդ խմբերն ունեն քաղաքական պատվեր, այդ խմբերն ավելի հարձակվողական դիրքորոշում ունեն՝ թիրախավորելու իրավապաշտպաններին: Այդ բոլոր ուժերը համախմբվել են եւ ձեւացնում են, որ իրենք ազատության, արդարության, ազգային արժեքների համար են պայքարում, բայց մարդիկ հիշում են այդ մարդկանց»:
Ըստ Ահարոնյանի, ընդդեմ իրենց, այդպիսի մի ալիք բարձրացել է նաեւ 2013 թվականին, երբ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին, որոշումը կտրուկ փոխեցին. «Որպեսզի հասարակության մեջ ստեղծեն այդ ամենի հիմքը, թիրախավորվեցին հասարակական կազմակերպությունները, ներկայացնելով, թե իբր մեզ պես կազմակերպություններն են բերում եվրոպական արժեքները եւ որպեսզի հասարակության մեջ արդարացնեն ԵԱՏՄ մտնելու այդ որոշումը եւ ասեն, որ, եթե դուք դա ընտրեք, ուրեմն դուք գնում եք «Կանանց ռեսուրսայինի» նման հասարակություն, որտեղ ընտանիքը քանդվում է, քանի որ ընտանեկան բռնության մասին ենք խոսում, սեռականության մասին ենք խոսում: Բայց իրականում այդ արժեքները համաշխարհային են եւ դրանք Եվրոպական չեն, նույնիսկ Եվրոպայում կան այդ խնդիրները, որոնց դեմ հիմա Հայաստանում պայքարում ենք»:
Իրավապաշտպանի համոզմամբ, քաղաքական ուղղորդմամբ այդ խմբերը կոնկրետ նպատակներ էին հետապնդում. «Նախկին կառավարությանը ձեռնտու չէր ունենալ իրազեկված հասարակություն, պահում էին այդ վիճակում, որ շատ ավելի կառավարելի, վախերով լի լինի, եւ երբ իրենց պետք լիներ՝ այդ վախերն օգտագործեին: Այդպիսով շատ հեշտ էր հասարակության մեջ վախ արթնացնել կանանց կազմակերպությունների հանդեպ, նրանց, որոնք որ խոսում էին գենդերային հավասարության մասին, ընտանեկան, սեռական բռնության դեմ»:
Ահարոնյանը նկատել է՝ իրենց դեմ հակաքարոզչությունն ուժեղանում է հատկապես` ընտրությունների նախաշեմին, երբ հասարակությանը շեղելու համար հրապարակ են նետում կանանց կամ ԼԳԲՏ համայնքի խնդիրները:
Ահարոնյանն, ի տարբերություն այլ իրավապաշտպանների, ավելի հաճախ է թիրախավորվում. ինչո՞ւ: Պատճառն այն է, ինչպես Ահարոնյանն է նշում, որ ինքն ավելի շատ է մարտահրավեր նետում ընդունված սոցիալ-մշակութային նորմերին, ավանդույթներին ինչպես նաեւ հասարակությունում կնոջ դերին եւ դիրքին, կանացիության, սեռական կողմնորոշման վերաբերյալ առկա կարծրատիպերին. «Հայրիշխանական, պահպանողական հասարակության մեջ թույլ չի տրվում, որ կինն արտահայտի իր կարծիքը տարբեր թեմաների շուրջ: Խոսում եմ ընտանեկան բռնության մասին, որտեղ մեծ մասամբ բռնարարը տղամարդն է, եւ կարծես, երբ իրավապաշտպանները խոսում են այդ մասին, այդ բռնարարից վերցնում են նրա դերը: Որոշ մարդկանց, խմբերին դուր չի գալիս դա, որովհետեւ այնտեղ իրենք վախեր են տեսնում, մտածում են մի բան կփոխվի եւ իրենք այլեւս չեն կարող այդ հին ադաթներով` ինչ ուզեն՝ անեն: Ունենք իրականություն, որ մեր հասարակության մեջ ընտանեկան բռնությունը շատ է տարածված, եւ մարդիկ, որոնք թիրախավորում են այդ ամենը, իրենց դուր չի գալիս, որ կանայք ավելի ուժեղանան եւ ասեն` վերջ, այսօր ինձ չեք կարող ծեծել, իրավունք չունես ձեռք բարձրացնել, եւ ես էլ քեզ պես հավասար իրավունքներ ունեմ, պիտի համագործակցենք իրար հետ, այլ ոչ թե ես դառնամ քո ստրուկը կամ քո ծառան»:
Արդյոք նոր կառավարությունը կիսում է այդ բոլոր մոտեցումները, Ահարոնյանն ասում է. «Չեմ կարծում` ամեն ինչ կիսում է, կարող է որոշ մարդիկ կիսում են մասնավորապես` բռնության դեմ խնդիրները, որովհետեւ այդ ամբողջ հեղափոխությունը բռնության դեմ էր նաեւ: Կիսում է` ոչ խտրական վերաբերմունքը բոլորի հանդեպ: Իհարկե, որոշ բաներ էլ կան, որ չեն կիսում, քանի որ մենք կանանց իրավունքների հետ կապված հարցեր ենք բարձրացնում, որոնց շուրջ մենք խորացած մոտեցումներ ունենք, շատ քաղաքականություններ կան, որ քննադատում ենք, բայց ի տարբերություն նախկին կառավարության, հիմա ավելի հնարավոր է դարձել դա անել: Հիմա քննադատությունները գոնե լսում են, քննարկումներ են իրականացնում: Քաղհասարակությանն ավելի շատ են հնարավորություն ընձեռում աշխատելու հասարակության հետ, ինչը կարող է նպաստել սովորական քաղաքացու արժանապատվության վերականգման հարցում: Հիմա շատ ավելի ենք հանդիպում խուլիգանական մոտեցումներով խմբակների հարձակումներին, որոնք ձեւացնում են թե ազգային արժեքներով են մտահոգված, որ ուզում են պաշտպանել հայ ժողովրդին, բայց հատուկ թիրախավորում են մեր միջոցառումները, ուղղակի հասարակության մեջ կայունությունը խախտելու ու ատելություն մտցնելու»: Ահարոնյանը բացատրում է՝ օրինակ՝ լուրջ վտանգներ կան, որ այդ խմբերը չեն տեսնում, հանքարդյունաբերությունը, չեն գնում Ամուլսարի առաջ կանգնում ու պայքարում, ասում` Սարին չկպնեք: Հակառակը մանիպուլացնում են. «Կամ չենք լսում, որ սպանված կանանց կամ սեռական բռնության ենթարկված երեխաների մասին մտահոգվեն: Եթե ասում են` ադաթ, հայ տղամարդ, իրենք պետք է վրդովվեն այդ ամեն ինչի համար, բայց լուռ են մնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ-Հայաստանի տեսակետները:
«Առավոտ» օրաթերթ
29.11.2019
Գրաքննութիւնը շշմեցուցիչ է այս կայքին վրայ: Նամանաւանդ շաբաթ եւ կիրակի օրերը: Նախորդ գրառումս մերժուեցաւ, մինչ զայն ստորագրած էի նոյնիսկ – թէկուզ կարիքը չկայ, բաւարար է քլիք ընել «Հ.Շ.»ին վրայ) : Մի հատ ել փորձեմ, տենանք… Մկրատելով նախապէս գրածս, քանի որ դա հարկաւոր է այստեղ…
Այս Տիկինը Պէյրութէն չէ որ տեղափոխուած է Երեւան, այլ՝ Քանատայէն: Նաեւ, այնպէս մը կը ներկայացուի որ պատկան ուսումը ստացած է Երեւանի մէջ, մինչ իր հիմնական համալսարանական ուսումը ստացած է Քանատայի մէջ: Լրիւ գրութեան մէջ, մի անգամ իսկ Կանադա բառը գոյութիւն չունի:
Որպէս Քանատահայ, հետաքրքրուած եմ որ ինչո՞ւ այդ առարկայական տուեալները, տարրական իրողութիւնները, չեն նշուած վերեւի գրութեան մէջ: Ուրեմն, խնդի՞ր մը կայ, այդ ուղղութեամբ…
Տիկինը Բէյրութէն չէ գացած անելու ինչ որ անում է Հայաստան: Ինչո՞ւ այդպէս կը ներկայացուի, փոխանակ ընթերցողին պարզապէս տեղեկացնելու որ նա ձեր այդ երկիրը գացած է Կանադայէն: