Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանամուտ՝ կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո

Նոյեմբեր 30,2019 13:30

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում բնակարանամուտ են տոնել: Սկզբում նկուղում, ապա կիսակառույցում դժվար օրեր անցկացրած Տեր-Սահակյանները վերջապես տանտեր են դարձել: Բազմանդամ ընտանիքը երկար տարիներ զուրկ է եղել այդ հնարավորությունից: Տասնամյակների միակ առաջընթացը եղել է նկուղային հարկից կիսակառույց տեղափոխվելը, որի շինարարությունը նախաձեռնել է ընտանիքի պապը՝ Մհերը: Նրա սկսածը հնարավոր է եղել ավարտին հասցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերն ամռանը կամավորական աշխատանքներ են իրականացրել Ծովինարում: Հերթական այցի նպատակն ավարտված շինարարության վերջնական արդյունքը տեսնելն ու կառուցված տան մեջ ուրախ առիթը նշելն է եղել: Տեր-Սահակյաններն անցյալում են թողել դժվար օրերի հիշողությունները: Այժմ փորձում են նոր կյանք կառուցել եւ վերականգնել իրենց առողջությունը, որը տուժել է տեղանքին բնորոշ խստաշունչ եղանակի հետեւանքով՝ նկուղում եւ կիսակառույցում ապրած տարիներին:

«Այս երջանկությանը երկար ենք սպասել։ Անհնար է նկարագրել ուրախությունս, երբ տեսնում եմ՝ թոռներս վազվզում են լայն ու լուսավոր, տաք ու ապահով տան մեջ։ Ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքները վայելեն նման երջանիկ պահեր»,-ասել է Մհերը։

«Երկար տարիներ, այս ծրագրի իրականացման ընթացքում՝ կարեւոր դիտարկումներ ենք արել: Մեր աչքի առաջ բազմաթիվ ընտանիքներ հաղթահարել են տարիների հուսահատությունն ու անզորության զգացումը: Դա ամենակարեւոր ձեռքբերումն է: Ամռանն այս տարածքը շինհրապարակ էր ընտանիքի ու մեր կամավորների համար: Աշխատում էինք ոգեւորությամբ. բոլորիս միավորում էր օգտակար լինելու նպատակը: Մեզ միացել էին անգամ տան փոքրերը, որոնց ներկայությունը մեծացնում էր պատասխանատվության զգացումը: Տեղի եղանակային  պայմանները մեղմ չեն, եւ մենք գիտակցում էինք, թե որքան կարեւոր էր մինչեւ ձմեռ գործն ավարտին հասցնելը: Այսօր արդեն բնակարանամուտ ենք նշում եւ դա հրաշալի է: Ուրախ եմ հերթական ընտանիքի կյանքում արձանագրված դրական փոփոխության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բնակարանաշինության ծրագրի հաջողության գրավականն այն է, որ ընտանիքներն իրենք են դառնում իրենց տների կառուցողն ու պատասխանատուն: Այսպիսով, սեփական տանիք ունենալու ցանկությունը դառնում է իրական եւ տալիս է ցանկալի արդյունք: Հերթական բնակարանամուտն է այսօր, մեր աշխատանքում ամենասպասված պահը՝ արդյունքները տեսնելու ժամանակը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տարիների համագործակցության շնորհիվ, Գեղարքունիքի մարզի 6 համայնքում կառուցվել կամ վերանորոգվել է 8 տուն։

«Առավոտ» օրաթերթ
29.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930