Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են դատավորները մարտնչում արդարադատության դեմ

Նոյեմբեր 30,2019 13:00

Դատարանի սեպտեմբերի 25-ի վճիռը «Առավոտը» ստացել է հոկտեմբերի 29-ի թվագրությամբ հոկտեմբերի 30-ին: Հոդվածագիր նախկին դասախոսն անձամբ է գնացել ստանալու վճիռը՝ այն բողոքարկելու համար: Ներկայացնում ենք  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ն՝ ընդդեմ Նորիկ Սարգսյանի, «Առավոտ» օրաթերթի, «Հրապարակի»՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին գործով՝ պատասխանող Նորիկ Սարգսյանի հրապարակումը:

Դիպուկ է արտահայտվել Գագիկ Հարությունյանը. «ունենք դատարաններ, չունենք արդարադատություն»։ Սակայն այս դատողության ճշմարտացիությամբ հանդերձ նկատենք, որ կան նաեւ արդարամիտ դատավորներ։ Օրինակ, 2013 թ. վարչական ոլորտի դատավորներ Անի Հարությունյանը, Արթուր Առաքելյանը, ովքեր արդարադատության պաշտպանության ճանապարհին, հաղթահարելով ՀՀ կադաստրի պետ Երվանդ Զախարյանի հանգամանքը, կայացրել են արդարացի վճիռ եւ որոշում (վարչական գործ թիվ ՎԴ/1062/05/13)։ Մինչդեռ քաղաքացիական գործերով դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը, Մարգարիտա Հարթենյանը եւ Էդիկ Ավետիսյանը չկարողացան հաղթահարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախկին ռեկտոր Կ. Աթոյանի եւ ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանի ազդեցությունը եւ կայացրին անարդար վճիռներ ու որոշում (տես փոխկապակցված ԵԿԴ /3395/02/13 եւ ԵԿԴ/2896/02/16 քաղգործերը)։ ՀՊՏՀ հիշատակված գործիչներից առաջինը, ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ՀՊՏՀ խորհրդի նախկին նախագահ ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո առանց դոկտորական գիտական ատենախոսության 2001-2018 թթ. ապօրինաբար զբաղեցրել էր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնը, իսկ երկրորդը, նույն անձանց անտարբերության եւ ՀՊՏՀ ռեկտորների աջակցության շնորհիվ, ՀՊՏՀ ամբիոնների վարիչների ընտրության ընթացակարգի ոտնահարմամբ, 2010 թվականից ցայսօր՝ ամբիոնի վարիչի պաշտոնը։

Լ. Մեհրաբյանի՝ որպես ամբիոնի վարիչի, լեգիտիմ չլինելն ու նրա ղեկավարած ամբիոնի արհեստածին լինելը հիմնավորել եմ դեռեւս 2017 թ. հունվարի 18-ին «Հրապարակ» օրաթերթի կայքէջում տեղադրված «Ինքնավարություն, թե՞ կամայականություն» հոդվածում։ Լ.Մեհրաբյանը ամբիոնի ԺՊ վարիչ է 2017 թ. մայիսից։ Պարզվում է, որ ՀՊՏՀ ռեկտորի նոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը նույնպես շարունակում է արատավոր ավանդույթը. թարմացրել կամ պահպանել է Լ.Մեհրաբյանի ԺՊ կարգավիճակը։

Հարցի հակիրճ պատմությունը։ 2010 եւ 2012 թթ. փորձել եմ ՀՊՏՀ-ում տնտեսական պատմության դասավանդման որակը բարձրացնել. առաջարկել եմ թեստերում առկա անճշտությունները շտկել, արգելել գրագողություն պարունակող ձեռնարկներով դասավանդելը, ներկայացրել եմ առարկայի նոր ծրագրի նախագիծ եւ համարձակվել եմ դեմ քվեարկել ամբիոնի վարիչի պաշտոնում ապօրինի նշանակված, բայց օրինական ճանապարհով ընտրվել ցանկացող Լյուբա Մեհրաբյանի թեկնածությանը: Նրան, որպես ամբիոնի վարիչի, իսկ Սերժ Սարգսյանին, որպես ՀՀ նախագահի, կարգավիճակները մամուլում բազմիցս համարել եմ ոչ լեգիտիմ։ Այդ ամենի համար ՀՊՏՀ-ում ինձ նախ հետապնդել են, իսկ 2013 թ. հաստիքը կրճատվելու կեղծ հիմնավորմամբ, ազատել աշխատանքից։ Դիմել եմ կառավարության համակարգի բոլոր չինովնիկներին եւ հանդիպել բութ անտարբերության։ Բնականաբար, դիմել եմ նախ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ հետո ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան, որոնցում այդ անօրինականությունն օրինական են համարել դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Մարգարիտա Հարթենյանը։ Ստիպված դիմել եմ չորրորդ իշխանությանը, որի համար ՀՊՏՀ ղեկավարությունը 2016 եւ 2017 թթ.՝ 5 հայցվորով, իմ դեմ հայցեր են ներկայացրել նշված դատարան։ Հեղափոխությունից հետո 4 հայցվոր հրաժարվել է հայցից, իսկ Լ.Մեհրաբյանը՝ ոչ։ Դատավոր Էդիկ Ավետիսյանը նրա օգտին կայացրել է ամոթալի վճիռ (25.09.2019 թ.)։

Որոշ դատավորների հոգեկերտվածքում դատաիրավական հին համակարգի արատավոր կողմերն ավելի ընդգծված ձեւով են դրսեւորվում հատկապես այժմ, քանզի դրանց գումարվում են իշխանությունների նկատմամբ այդ դատավորների դասակարգային ու բարոյական («վնգստալ» հայտնի բառի պատճառով) ատելությունը։ Վերոհիշյալ վճիռների եւ որոշման հեղինակները ցուցաբերել են կամ իրավատգիտություն, կամ՝ շահագրգռվածություն, քանզի նրանք գործել են ակնառու եւ բացահայտ փաստերը շրջանցելով։

Դատավոր Էդիկ Ավետիսյանը հեղափոխությունից հետո ոչինչ չի մոռացել: Նա հավանաբար, հին ավանդույթի համաձայն, հավատարիմ է մնացել 2016 թ. հուլիսին ՀՊՏՀ ղեկավարությանը տված խոստմանը։ ՀՊՏՀ նախկին ապօրինի ռեկտոր Կ. Աթոյանը, նախկին պրոռեկտորներ Պ. Քալանթարյանը, Մ.Հարությունյանը եւ ամբիոնի ապօրինի վարիչ Լ.Մեհրաբյանը 2016 թ. հուլիսին եւ 2017 թ. ապրիլին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան իմ դեմ հայցեր էին ներկայացրել 2016 թ. հունիսի 14-ին «Առավոտ» օրաթերթում  տպագրված «Որտեղ է թաղված շան գլուխը», հուլիսի 1-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակված «Միհրդատյան բարեփոխումները եւ կրթագիտական դեմագոգիան ՀՊՏՀ-ում» եւ 2017 թ. ապրիլի 11-ին «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած «Կաշառքը սկսեցին բաժանել, երբ Եղեգնաձորում վայրեջք կատարեց Սերժ Սարգսյանի ուղղաթիռը» հոդվածների համար։ Հայցվորները պահանջում էին ներողություն խնդրել եւ վճարել միլիոնների հասնող դրամական փոխհատուցում։

Դատավորը չի սովորել, որ թավշյա հեղափոխությունը փոխել է իրավիճակը. բացահայտվել է իմ հոդվածներում հիշատակված փաստերի ճշմարտացիությունը. եւ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լեգիտիմ չլինելը, եւ ՀՊՏՀ-ում առկա  հաստիքային կոռուպցիան (նույնիսկ Արմեն Աշոտյանի վարորդն էր հայտնվել ՀՊՏՀ-ի հաստիքացուցակում), եւ սովորական կոռուպցիան (այլապես ՀՀ ԱԱԾ-ն քրեական գործ չէր հարուցի ՀՊՏՀ նախկին ապօրինի ռեկտոր Կ. Աթոյանի դեմ), եւ գրագողությունն ու կեղծիքները, այլապես 2019թ. ամռանը մամուլը չէր անդրադառնա ՀՊՏՀ-ում առկա գրագողության խայտառակ փաստերին։ Այդ պատճառով 2018թ. հայցվորները նախ հրաժարվեցին դրամական պահանջից, իսկ հետո նրանցից 4-ը՝ նաեւ հայցից։ Սակայն առանցքային հայցվոր Լ. Մեհրաբյանն ուժի մեջ թողեց իր հայցն առանց հստակեցման, ինչը, ըստ իս, պիտի որ դժվարություններ առաջացներ հայցի քննության ժամանակ։ Սակայն իմ ներկայացուցչի՝ ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն ներկայացրած (05.02.2018թ.) միջնորդությունն արդեն մերժած դատավոր Է.Ավետիսյանի համար այն չէր կարող խոչընդոտ հանդիսանալ, քանզի նա բավարարեց Լ.Մեհրաբյանի հայցը՝ շրջանցելով նաեւ եղած փաստերի հետազոտման փուլը։

Դատավոր Է. Ավետիսյանն ընդհանրապես այդ հայցը չպիտի ընդուներ վարույթ, իսկ ընդունելուց հետո էլ պիտի մերժեր, քանզի մամուլի էջերում տպագրված ՀՊՏՀ-ին, մասնավորապես Լ.Մեհրաբյանին վերաբերող նյութերի բովանդակությունները 2011-2015 թթ. նախ ուղարկել եմ հայցվորներին, իսկ հետո՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳ նախարարին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին։ «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Աշխատանքից ազատում են ուսման որակը բարձրացնելու համար» հոդվածի փաստերը փորձել է հերքել ՀՊՏՀ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, որին պատասխանել է «Հապարակ» օրաթերթն իր «Տնտեսագիտականը աշխատանքի չի հրավիրում՝ աշխատանքից ազատում է» հոդվածով՝ մեջբերումներ կատարելով ՀՊՏՀ-ի հերքումից (13.11.2013 թ.)։ Նույն օրաթերթում հրապարակված «Պատմաբաններից օգտվում են՝ պատմաբանին արգելում», հոդվածին (16.06.2015), որտեղ շոշափել եմ նաեւ ՀՊՏՀ-ում առկա գրագողության մասին փաստեր, ՀՊՏՀ ռեկտորի փոխարեն պատասխանել է խնդրո առարկայի հետ կապ չունեցող Լ. Մեհրաբյանի գլխավորած արհեստածին ամբիոնը, որին ըստ պատշաճի արձագանքել եմ։ Այսինքն, հայցվորի բարձրացրած հարցերը վաղուց քննարկվել են, դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ապացույցներում։ Եվ վերջապես, իմ հրապարակումների հիմքում ընկած են արժանապատվության, օրինականության ու հանրային գերակա շահի պաշտպանությունը։ Հայցն ընդունելով վարույթ եւ բավարարելով այն, փաստորեն  դատավոր Է. Ավետիսյանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերի պահանջները նույնպես։ Ավելին՝ հարգելի դատարանը, չնայած էլեկտրոնային եւ հեռախոսային զգուշացումներին, համառորեն չէր ցանկանում վճռի օրինակն ուղարկել պատասխանողին։ Վճիռը հրապարակելուց միայն մեկ ամիս անց է հաջողվել այն ստանալ։

Փաստորեն, հեղափոխությունը կանգ է առել դատաիրավական համակարգի շեմին ու առաջ չի գնում։ Հետեւաբար, անհնար է նշված վճիռը կատարել՝ «Առավոտ» օրաթերթում տպագրել ամբիոնի վարիչ, նենգադուլավոր (միտումնավոր դասեր ձախողող), օրինախախտ Լ.Մեհրաբյանի պահանջած ներողության տեքստը։

Նոր եմ հասկանում, թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետն արդարացի զայրույթի պահին որոշ դատավորների հասցեին հնչեցրել «վնգստալ» հասկացությունը։

Նորիկ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՊՏՀ նախկին դասախոս

«Առավոտ» օրաթերթ
29.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930