Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ղազախստանի դեսպան. «Պետք է հնարավորություն ընձեռենք մեր հասարակություններին միմյանց ավելի լավ ճանաչել»

Նոյեմբեր 29,2019 21:35

Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը եւ Երեւանի պետական համալսարանը հայերեն հրատարակել են Ղազախական գրականության անթոլոգիա: Ղազախստանի եւ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեկ ժողովածուում զետեղված են 16-21-րդ դդ ղազախ գրողների եւ բանաստեղծների տարբեր ժանրերի գործեր:Գիրքը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ ներկայացվում են Ժիրաուների, Շաքարիմի, Մ. Ժումաբաեւի, Ա. Բայտուրսինովի եւ Օ. Սուլեյմանովի ստեղծագործությունները:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը, գաղափարը փոխադարձաբար էր հղացել, որպեսզի Հայաստանում լույս տեսնի Ղազախական գրականության անթոլոգիա, իսկ Ղազախստանում՝ Հայ գրականության անթոլոգիա: Պարոն Դեւրիկյանի խոսքերով, սա ընդգրկուն ժողովածու է, որտեղ ներառված են նաեւ ժամանակին արգելված համարվող ղազախ գրողների գործերը նույնպես, իսկ խորհրդային շրջանում Հայաստանում լույս է տեսել Ղազախական բանաստեղծություն եւ Ղազախական պատմվածք գրքերը, որոնք ներկայացնում էին մինչեւ 50-ական թվականները:

Անթոլոգիայի թարգմանությունները կատարել են Վարուժան Խաստուրը, Էդվարդ Միլիտոնյանը, Լեւոն Բլբուլյանը, Գագիկ Դավթյանը եւ ուրիշներ: Գրքում նաեւ գրականագիտական հոդվածներ կան:

Վարդան Դեւրիկյանն իր ելույթում անդրադարձավ երկու ժողովուրդների գրականությունների տիպաբանական ընդհանրություններին: Ինչպես գրականության ինստիտուտի տնօրենը, այնպես էլ Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը խոսեցին Խաչատուր Աբովյանի հետ՝ Աբայ Կունանբաեւի եւ Չոկան Վալիխանովի նկատելի ընդհանրության մասին:

Վարդան Դեւրիկյանի խոսքով, ղազախական գրականությանը բնորոշ է երեք հատկանիշ՝ տափաստանը, կումիսը եւ դոմբրան (ղազախական ազգային երաժշտական նվագարան): «Ինչպես արաբական գրականության մեջ ներկա են անապատն ու օազիսը, այնպես էլ ղազախական գրականության մեջ՝ այդ երեք հասկացությունները, իսկ խորհրդային շրջանի գրականությանը բնորոշ է այն, որ տեսնում ենք, թե ինչպես են նոր կյանքի փոփոխությունները մտնում ղազախական աուլ»,- փաստեց Դեւրիկյանը: Հաջորդ զուգահեռն էլ Մուխտար Աուեզովի ու Աքսել Բակունցին էր վերաբերվում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ տպավորված է ժողովածուի ծավալով եւ բարձրորակ թարգմանություններով: «Մեր դժվարին ժամանակներում, բարդ քաղաքական պայմաններում բոլոր ազգերն ու ժողովուրդներն ունեն քննարկման նյութ եւ պարզաբանումների կարիք, իսկ նման միջոցառումները գալիս են մեղմելու նման հակասությունները, մերձեցնելու այն, ինչ կայուն է, այն՝ ինչ արժեք է բոլոր ժողովուրդների ու բոլոր մարդկանց համար»,-ասաց նախարարի տեղակալը:

Հայաստանում Ղազախստանի դեսպանը հույս հայտնեց, որ կշարունակվեն կապերը հայ եւ ղազախ գրողների միջեւ: Գրողները, նրա ձեւակերպմամբ, մեր բոլորի հոգիների ինժեներներն են: «Մենք պետք է հնարավորություն ընձեռենք մեր հասարակություններին միմյանց ավելի լավ ճանաչել»,-ասաց դեսպանը: Նրա խոսքով, շատ կարեւոր էր հայ ընթերցողին ծանոթացնել հատկապես այն ղազախ հեղինակների հետ, որոնք տարբեր տարիների հրատարակվել են եւ քաջ ծանոթ եղել ավագ սերնդին: Նա նաեւ հրավիրեց ընթերցողների ուշադրությունը ժողովածուում զետեղված այն գրողների վրա, որոնց կենսագրությունը, ցավոք, ավարտվում է 1936-1937 թվականներին. «Դա մեծ ողբերգություն է ոչ միայն ղազախ ժողովրդի, այլեւ հետխորհրդային բոլոր երկրների ու ժողովուրդների համար: Ղազախական իմաստությունը, ինչպես մեզ ժառանգել են նախնիները, սովորեցնում է՝ վեր կենալ ծնկած տեղից ու շարժվել դեպի ապագա: Մենք, իհարկե, երբեք չենք մոռանում ողբերգական իրադարձությունները, բայց նաեւ չենք ծանրանում ողբերգական անցքերի վրա, ու այսօր ժամանակակից Ղազախստանում բոլոր ոլորտներում աշխատում ենք առաջ տանել լավատեսական օրակարգ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930