Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի երկու սաներ՝ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը փետրվարին կմեկնեն Եգիպտոս՝ մասնակցելու միջազգային մրցույթի։ Բանն այն է, որ նրանք նոյեմբերի 22-ին Երևանում մասնակցել են «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» կողմից կազմակերպված (հիմնադիր-նախագահ Արման Ղուկասյան) «Golden Voice 2019» երգի միջազգային մրցույթին, որի գլխավոր մրցանակը տարբերվել է այլ մրցանակներից․ այն է՝ մասնակցություն Եգիպտոսում կայանալիք միջազգային մրցույթի։
Նշենք, որ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան» 2018 թվականին դեկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավունք է ստացել արվեստի և մշակույթի գործիչներին պարգևատրել պատվավոր կոչումներով, մեդալներով, շքանշաններով, պատվոգրերով և գավաթներով։
Այս ասոցիացիայի կողմից կազմակերպված ««Golden Voice 2019» միջազգային մրցույթին կային 81 մասնակիցներ աշխարհի 10 երկրներից (Հայաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Մոլդովա, Լատվիա, Ֆրանսիա և այլն), իսկ ժյուրիի անդամները 7 երկրներից էին։
Գյումրիից մրցույթին մասնակցած «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի 5 սաներից երեքը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Արևիկ Թանաշեան) իրենց տարիքային անվանակարգում (ակադեմիական երգեցողություն, էստրադային և ժողովրդական) գրավեցին 1-ին տեղը, իսկ Կարինե Տիգրանյանն (էստրադային) ու Նորայր Հակոբյանը (ակադեմիական երգեցողություն) ստացան «Գրան Պրի» գլխավոր մրցանակը, ինչպես նաև Եգիպտոսում միջազգային մրցույթի մասնակցելու պաշտոնական հրավերը:
Կարդացեք նաև
Մրցույթի մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունեցել «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» 3-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվել են այս տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում մեծ հաջողություն ձեռքբերած արվեստագետները:
Արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի, պրոդյուսերական բարձրորակ աշխատանքի համար «Անահիտ» ոսկե մեդալով պարգևատրվել է՝ Վիգէն Երվանդի Թանաշեանը՝ (Լիբանան):
Դասական երգարվեստում ձեռք բերած նվաճումների, միջազգային մրցույթներում «Գրան պրի» մրցանակների արժանանալու և մանկավարժական բեղուն գործունեության համար «Մովսես Խորենացի» Ոսկե Մեդալով պարգևատրվել է օպերային երգչուհի Արևիկ Ալեքսանի Թանաշեանը՝ (Լիբանան):
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը արժանացել են «Տարվա լավագույն հայտնություն» անվանակարգին՝ ընթացիկ տարում իրենց ձեռք բերած լավագույն արդյունքների համար:
Իսկ «Տարվա լավագույն մանկավարժ» անվանակարգում պարգևատրվել է Գյումրու Խ. Ավետիսյանի թիվ 7 «Օկտավա» երաժշտական դպրոցի վոկալի դասատու Սաթիկ Վարդանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Վիգէն Թանաշեանի