«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, այսօր Ազգային ժողովում «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, որոնք պատասխանելով ներկաների հարցերին ներկայացնում էին՝ ինչ գործիքներ են նախատեսում արագ տրամադրվող բարձր տոկոսներով վարկերի չափը սահմանափակելու համար, ասաց՝ այդ չարիքի դեմը պետք է առնել:
«Իրականում դրա պահանջարկը մեր երկրում կա, բայց թմրամիջոցների պահանջարկ էլ կա, եւ այս չարիքի շարքը կարելի է շարունակել: Պահանջարկը կա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թույլատրենք եւ կանոնակարգենք այդ ոլորտը: Այսինքն՝ փոխարենը մենք ընդհանարապես չարիքի դիմացը պատնեշելու, փորձում ենք ոլորտը կանոնակարգել: Ես կարծում եմ, որ արմատապես այլ դիրքորոշում է պետք այս հարցում»,-ասաց Վարազդատ Կարապետյանը:
Նիստը վարող ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը արձագանքեց՝ այդ չարիքի դեմը փորձում են առնել» նաեւ մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելով:
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը թմրանյութի հետ համեմատությունը տեղին չի համարում: Նա, ի պատասխան Վարազդատ Կարապետյանին ասաց. «Խնդիրը սկսվում է այնտեղից, երբ մենք նույնականացնում ենք թմրանյութերը, խաղատները եւ ֆինանսների պահանջական վարկերը:
Ի տարբերություն խաղատների ու թմրանյութերի, վարկի դեպքում մարդն ունի ծախսելու խնդիր, որով կարող է լուծի դեղամիջոցների, ուսման վարձի, հարսանիքի, կնունքի, ծնունդի խնդիր»:
Անդրանիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ վարկերը սահմանափակելով չեն լուծելու ժողովրդի եկամուտների խնդիրը. «Ավելին՝ որեւէ երկիր չի լուծել հաճախորդների եկամուտների խնդիրը, հակառակը՝ խորացրել են, երբ սահմանափակվել են գյուղաբնակ վայրերում մարզերում, ֆինասների հասանելիությունը: Դրանով մենք խորացնում ենք աղքատությունը կամ խորացնում եք քրեական տարբեր տեսակի գործիքների կիրառումը: Մարդը կարիք ունի ֆինանսների ու հնարավորություն չենք տալիս այդ ֆինանսները ձեռքբերելու թափանցիկ ձեւով: Եվ մարդիկ գնում են արդեն վաշխառուներից են այդ գումարները վերցնում հետո՝ սկսում են տարբեր տեսակի գործիքներով այդ տրամադրված վարկերի հետբերումը: Վերջին տարիներին մեզ հազիվ է հաջողվել վաշխառուներից անցնել ավելի թափանցիկ, քաղաքակիրթ մեխանիզմներով վարկավորման: Հակառակ դեպքում մենք էլի հետ ենք գնալու սահմանափակելով վարկերի հասանելիությունը»:
Ի պատասխան, Վարազդատ Կարապետյանն ասաց, եթե մարդուն դեղ է պետք եւ նրան 200 տոկոսով վարկ են տալիս, դա նորից վախշառություն է՝ անկախ նրանից՝ ով է տալիս այդ վարկը եւ որ օրգանն է կարգավորում: Անդրանիկ Գրիգորյանն արձագանքեց՝ «Եթե մարդուն հնարավորություն չտանք ֆինանսական հասանելիության այդ տոկոսները շատ ավելի կբարձրանան: Վաշխառուները 10-15 տոկոսով վարկեր կտրամադրեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ