Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գործող օրենքը Պաշտպանության նախարարության դիրքորոշումն է». Գաբրիել Բալայանը` Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագծի մասին

Նոյեմբեր 29,2019 19:35

Պաշտպանության նախարարությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ամրագրված մեխանիզմները վերջնական են համարում, վերանայման ենթակա չեն: Այդ մեխանիզմների փոփոխության հարց ՊՆ-ում անգամ չեն էլ քննարկում: Այս մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնության մասին:

Երեկվանից աղմուկ հանած այս նախագծով, իշխող ուժի պատգամավորն առաջարկում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները 10 մլն ՀՀ դրամ վճարելով`ծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով, ապա որոշեն` շարունակե՞լ ծառայությունը, թե՞ ոչ:

«Որպես գերատեսչության ներկայացուցիչ, հայտարարում ենք և զգուշացնում, որ օրենքի գործողությունը չի երկարելու: Այս տրամաբանության մեջ խնդրում եմ ըմբռնել նաև Պաշտպանության նախարարության դիրքորոշումը: Այսօր գործող օրենքը Պաշտպանության նախարարության դիրքորոշումն է: Մենք բացասական դիրքորոշում ունենք գործող օրենքը երկարացնելու վերաբերյալ»,-ասաց Գաբրիել Բալայանը`հավելելով, որ ՀՀ Սահմանադրությամբ շատ հստակ է սահմանված` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը. «Դա ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ` պարտավորություն: Զինծառայություն չանցնելու հիմքերը ևս օրենքով սահմանված են»:

Փոխնախարարն ասաց նաեւ, որ զինվորական ծառայության ուսումնական փուլը հինգ ամիս է նախատեսված եւ դա վերանայել չեն կարող.  «Դա ռազմական գիտության հիման վրա ռազմական գիտնականների կողմից ստեղծված ուսումնական պրոցես է, որը տալիս է նվազագույն գիտելիքներ: Դրանից հետո զինծառայողները համապատասխան քննություններ ու ստուգարքներ են տալիս: Այս պարագայում ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում։ Միգուցե կա այլ միջազգային փո՞րձ, որին հղում է անում Հայկ Սարգսյանը, ես դեռ չեմ ուսումնասիրել, դրա համար միանշանակ պատասխան տալ չեմ կարող»:

Փոխնախարարը մտահոգություն-մտավախություններ ունի նաեւ Վերջինս ընդգծեց ռազմական դրության, զորահավաքի մասով. եթե նման իրավիճակ լինի, ո՞րն է երաշխիքը, որ այդ գումարը վճարած անձինք, որոնք մեկնել են երկրից, կվերադառնան:

Փոխնախարարն անդրադարձավ նաև պատգամավորի այն հայտարարությանը, որ ստացված 10 միլիոն դրամ գումարի մի մասով զինված ուժերում մարզասրահներ կհիմնվեն: «Բոլոր զորամասերում ունենք համապատասխան մարզասարքեր: Ես չեմ հրաժարվում այն մտքից, որ մի օր մենք կարողանանք ունենալ այնպիսի զինված ուժեր, որ ամենավերջին սպորտային սարքերն ունենանք, բայց այս փուլի համար ես կարծում եմ` մենք որոշակի առաջնահերթություններ ունենք, որոնք հաստատված են ինչպես ԱԺ-ի, այնպես էլ անվտանգության խորհրդի, կառավարության, պաշտպանության նախարարի կողմից»:

Ի դեպ, Գաբրիել Բալայանն ասաց նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից տեղեկացել է`վիճելի նախագիծը խմբակցությունում դեռ չի եղել քննարկում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930