Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյան. «Վանեցյանը կամ ուրիշ չափանիշով է չափում վտանգը կամ էլ թյուրիմացության եւ սադրանքի գործընթացի մեջ է»

Նոյեմբեր 29,2019 19:21

«Վտանգ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասկացությունները մեկտեղել իսկապես անհնար է, որովհետեւ 22 տարի բաց եւ թափանցիկ ենք աշխատել, մեր գործունեությունը բոլոր ցանկացողներին հասանելի է եղել»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե ԲՀՀ-ն վտանգ է ներկայացնում Հայաստանում:

Մինասյանի խոսքերով. «Մեր գործունեությունն ուղղված է եղել միմիայն հնարավորինս արդյունավետ ձեւով ՀՀ Սահմանադրությունում արձանագրված իրավունքների ջատագովությանը, պաշտպանությանը, ՀՀ պետական ինստիտուտների ուժեղացմանը, Հայաստանի հասարակության, քաղհասարակության, կրթական, առողջապահական համակարգերի ուժեղացմանը եւ այս ոլորտներում իրավունքի սատարմանը։ Եթե դա վտանգ է, եթե Հայաստանի Սահմանադրության չափանիշներով չի չափվում վտանգը, ապա ես այդ վտանգներից գաղափար չունեմ։ ՀՀ Սահմանադրության չափանիշով մեր գործունեությունը վտանգ չի եղել եւ չի կարող լինել։ Եթե պարոն Վանեցյանը ունի ուրիշ չափանիշներ՝ ուրիշ փաստաթղթերով, ես պատասխանատու չեմ դրա համար»:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է Վանեցյանը նման հայտարարություն արել պաշտոնանկությունից հետո, Մինասյանը պատասխանեց. «Նպատակը՝ մեկ շաբաթ վտանգ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ» բառերը արծարծվում են մեկը մյուսի կողքին: Բացարձակ ոչ մի հնարավորություն չկա իր կողմից որեւէ բան ավելացնելու, բայց ինքն իր վնասն արդեն արել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ՝ Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում ԲՀՀ-Հայաստան գրասենյակի հետ ԱԱԾ-ն որեւէ իրավական գործընթաց ունեցե՞լ է, հարցումներ, փաստաթղթերի ստուգում եւ այլն, ի՞նչ հիմքով է Վանեցյանը նման հայտարարություն արել, արդյոք դա կարող է կապ ունենալ, ըստ լուրերի, նրա հետագա քաղաքական գործունեության հետ, Մինասյանն այսպես պատասխանեց. «Վանեցյանի գործունեությունը՝ ապագան, ներկան, ոչ մի դեպքում չեմ մեկնաբանի: Բաց հասարակության հիմնադրամի 22 տարվա գործունեությամբ բաց եւ հասու է եղել բոլորին, ֆինանսական հաշվետվողականությունն ամեն տարվա աուդիտով հաստատվում է: Աուդիտի մեջ է մտնում նաեւ գործունեության բարեվարքության, ծրագրերի կատարման, դրամաշնորհների ընտրության, հաստատման բարեվարքությունը։ Այդ մասը, որը չի հրապարակվում, ստուգվում է աուդիտով։ Մեր հրապարակային գործունեությունը հասու է բոլորին: Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ նպատակով եւ ինչո՞ւ է անում իր հայտարարությունները պարոն Վանեցյանը, ես արդեն ասացի՝ կամ ուրիշ չափանիշով է չափում վտանգը, կամ էլ թյուրիմացության եւ սադրանքի գործընթացի մեջ է, որը ինձ չի հետաքրքրում։ Որեւէ իրավական գործընթաց մեր հիմնադրամի հանդեպ, անգամ՝ անհամապատասխանության որեւէ նշում, օրինակ՝ պետական եկամուտների ծառայությունից, որ, ասենք՝ այս հարկը այսպես չեք վճարել, ամբողջ 22 տարում այդպիսի բան չի եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր այն հարցին էլ՝ արդյոք նախկին իշխանությունների ժամանակ գրասենյակի գործունեությունը խոչընդոտվել է, եւ կարծես թե նախկին իշխանության ժամանակ գրասենյակի դեմ ցույցեր չկային, ինչո՞վ է դա պայմանավորված, Լարիսա Մինասյանը պատասխանեց. «Նախկին իշխանությունների ժամանակ մեր գրասենյակն ուներ մեծ դժվարություն իր գործունեությունը հանրայնացնելու, որովհետեւ որեւիցե լրագրող այսպիսի համաժողովին չէր գա ու չէր լուսաբանի, ո՛չ Հ1-ով, ո՛չ Հ2-ով: Ժամանակ առ ժամանակ լուրջ խոչընդոտների էինք հանդիպում. 2006 թվականից որեւէ այսպիսի ժողովի համար, որեւէ հյուրանոցում տեղ չէինք կարողանում վարձակալել, որպեսզի կարողանայինք քննարկումներ անել: Անգամ մարտի 1-ի դեպքերից մեկ տարի հետո, 2009-ին միջազգային կոնֆերանս էինք նախաձեռնել մարդու իրավունքների թեմայով, ժամանել էին «Human rights watch»-ից, Եվրախոհրդարանից, ՄԱԿ-ից բանախոսներ էին եկել, վերջին րոպեին սրահը հրաժարվեցին տրամադրել:

Իսկ թե ինչո՞ւ չեն եղել ցույցեր, որովհետեւ դրա կարիքը չկար, որովհետեւ ուզում էին ցույց տալ՝ տեսեք մենք Ադրբեջան չենք, տեսեք՝ ինչեր են խոսում ու մենք իրենց ոչինչ չենք անում: Սա արդեն սպեկուլյացիա է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը կազմակերպել էր «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի ամփոփումը: Այս ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի եւ Իրազեկ քաղաքացիների միավորման հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է՝ հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ համակարգային մշտադիտարկում եւ ջատագովություն իրականացնելու մարդու իրավունքների, քրեական արդարադատության եւ սոցիալական հավասարության ոլորտներում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930