Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԲ-ն գործակից է մշակել՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների գայթակղիչ վարկերի տրամադրումը սահմանափակելու համար

Նոյեմբեր 29,2019 18:50

«Այսօր մենք տեսնում ենք, որ շուկայում վարկային կազմակերպություններ են գործում, որոնք շատ ագրեսիվ, քաղաքականություն են վարում, ի՞նչ կարգավորման խնդիրներ է այստեղ տեսնում Կենտրոնական բանկը»,-այսօր Ազգային ժողովում «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսպիսի հարց ուղղեցին Կենտրոնական բանկի պատասխանատուներին:

ԿԲ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, որն իր ելույթում ներկայացրեց՝ ինչ մեխանիզմներ են ներդնում քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով, ի պատասխան ասաց՝ 15 րոպեում չէ, մեկ րոպեում էլ այսօր կարելի է վարկ ստանալ:

«Շուկան տալիս է տարբեր ծառայություններ եւ այդ արագ վարկերը, պահանջված են: Հաճախ մենք տեսնում ենք, որ այդ գայթակղությունը, որ կարելի է շատ արագ վարկ ստանալ, հետագայում դառնում է բեռ, քանի որ սպառողը չմտածված է վերցնում այդ վարկերը: Մենք ուզում ենք, եկամտի նկատմամբ վարկային բեռի նորմը դնել, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները նախ՝ գնահատեն որքան է մարդու բեռը շատանում եւ կարողանանք մարդկանց գերծանրաբեռնվածությունը վարկերով սահմանափակել»,-ասաց Արմենուհի Մկրտչյանը:

Նա վստահեցրեց, որ ինտերնետային տարբերակով առաջարկվող վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես խստացվել է. «Օրինակ այդ վարկերի պայմաններից մի կետով զգուշացում կա, որ այդ վարկը շատ թանկ է եւ լավ կլինի շուկան ուսումնասիրեն եւ նոր միայն այդ վարկից օգտվեն: Իմ կարծիքով, դա թույլ կտա մի քիչ կանխել այդ ծառայություններից աննպատակ կամ գայթակղությանը տրվելով օգտվելը»:

Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն այս առնչությամբ հավելեց, որ հաճախորդներին սպառողական վարկերից պաշտպանելու համար բանկերի եւ վարկատու կազմակերպությունների համար նախագիծ են շրջանառում, որով կսահմանեն սպառողների պարտքի բեռի սահմանափակման գործակից:

«Մարդիկ գայթակղվում են, վերցնում են, չմտածելով այդ վարկն ինչ լրացուցիչ մարումների բեռ է առաջացնելու իր եկամտի մեջ, եւ քանի որ մարդն ունի փողի պահանջ, միանգամից հետաքրքիր է նրա համար այդ փողը վերցնելը, բայց խնդիրներն առաջանում են առաջին իսկ մարման ժամանակ: Դրա համար մենք, ի սկզբանե, ցանկանում ենք բանկերի եւ վարկայինների մոտ սահմանափակել հաճախորդների եկամտի նկատմամբ գործակցով: Անգամ, եթե հաճախորդն ունի 150-200 հազար դրամ եկամուտ, որպեսզի բանկերը կամ վարկային կազմակերպությունները չկարողանան տալ վարկ, որով հաճախորդը ստիպված է լինելու ամբողջ եկամուտն ուղղել վարկի մարմանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930