Դեռ մեկ ամիս առաջ Գյումրիի 70-ամյա բնակչուհիներից մեկը դիմել էր ոստիկանություն՝ հայտարարություն տալով, որ կեսգիշերին երկու դիմակավորված անձ հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը, ծեծի ենթարկել իրեն՝ մարմնական վնասվածքներ պատճառելով ու ալան-թալանի ենթարկելով։ Քաղաքացին տեղափոխվել էր հիվանդանոց։
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության այսօրվա պաշտոնական լրահոսից, 70-ամյա կնոջը ծեծելու, ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվում են երկու երիտասարդներ՝ 28 և 26-ամյա երկու գյումրեցիներ։ Նրանք ձերբակալված են։
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, այս երկու երիտասարդները նախկինում դատված չեն եղել, նրանք «Պոլիգոն» թաղի տղաներ են։
Ոստիկանության լրահոսից տեղեկանում ենք, որ վերջիններս հյուրասենյակի պահարաններից հափշտակել են 40.000 դրամ և երկու ոսկյա մատանիներ, իսկ ննջասենյակում դրված ձեռքի պայուսակից գողացել են 15.000 դրամ և դիմել փախուստի:
Կարդացեք նաև
«Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկանում ենք ոստիկանության կայքից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ