Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում կարող է նոր սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական գործակցություն ունի ՀԱՊԿ երկրների հետ: Ցանկանում եմ հատկապես մատնանշել գործակցությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, նոյեմբերի 26-ին՝ Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը քննարկել են 2020թ. մեր երկրների միջև ռազմական ոլորտում գործակցության հարցեր: Եթե կարիք լինի, Ադրբեջանը կարող է նոր սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից: Ցանկանում եմ նշել, որ այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի վարչապետի հետ»,- ասել է Աբդուլլաևան:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում երեկ կոչ էր արել ՀԱՊԿ երկրներին զենք չվաճառել Ադրբեջանին:
Աբդուլլաևայի խոսքով՝ Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ «ԼՂ հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական կարգավորումը որևէ կապ չունի ՀԱՊԿ-ի հետ»:
Կարդացեք նաև
Աբդուլլաևան կարծում է, որ Բիշքեկում Փաշինյանի հայտարարությունը «ռազմական հռետորաբանության» հերթական դրսևորումն է: «Իրականում հենց այդպիսի հռետորաբանությամբ է Փաշինյանը խաթարում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ «տարբեր սադրանքներով» Հայաստանը փորձում է ՀԱՊԿ ուշադրությունը հրավիրել ԼՂ հակամարտության վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ