Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի դպրոցներին ապրանքներ մատակարարելու գործընթացում չարաշահումների առկայությունը կպարզվի հարուցված քրեական գործի շրջանակում. Դատախազությունը՝ մամուլում հրապարակման հետքերով

Նոյեմբեր 29,2019 16:23

04.10.2019թ. www.hetq.am կայքում հրապարակվել է «34 միլիոն դրամի գնումներ Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի եղբոր ՍՊԸ-ից» վերտառությամբ հոդվածը, որն իրականացված ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն:

Մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Ձեռք բերված տվյալներով հաստատված է համարվել, որ յուրաքանչյուր տարի պետության կողմից ուսումնական գործընթացը կազմակերպելու համար կրթօջախներին գումար է հատկացվել, որով դպրոցների տնօրինությունը ձեռք է բերել դասավարման մատյաններ, օրագրեր, գրենական պիտույքներ, անհրաժեշտ այլ պարագաներ։

Այդ նպատակով Գավառի տարածաշրջանի մի շարք դպրոցներ 2017-2019թթ. պետության կարիքների համար մեկ անձից գնումների ընթացակարգի պահպանմամբ ապրանքի մատակարարման պայմանագրեր են կնքել «Բայազետ-96» ՍՊԸ-ի հետ, որի խանութ սրահից էլ,  բանկային փոխանցումների միջոցով կատարված վճարմամբ, ձեռք են բերել դպրոցական պարագաները: Միաժամանակ պարզվել է, որ «Բայազետ-96» ՍՊԸ-ն պատկանում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբորը, իսկ ընկերությունը ապրանքներ է մատակարարել նաև Գավառի թիվ 1 հատուկ դպրոցին, որի տնօրենը հանդիսանում է նրանց քույրը:

Ըստ նախապատրաստված նյութերի՝ ընկերությունը մրցութային ընթացակարգով Գավառի թիվ 1 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, գրենական պիտույքներից բացի, մատակարարել է նաև տնտեսական ապրանքներ և սննդամթերք՝ պայմանագրով նախատեսված տեխնիկական-բնութագրին, գնման ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:

Ելնելով դրանից՝ հետաքննության մարմինը եզրակացրել է, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք չեն բերվել տվյալներ առ այն, որ ընկերության և մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող մի շարք դպրոցների միջև պայմանագրերի կնքման գործընթացում ընկերության տնօրենի և Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբայրներ լինելու հանգամանքը որևէ ազդեցություն է ունեցել և գնումների գործընթացում չարաշահումներ են եղել:  Արդյունքում  կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Սակայն Գեղարքունիքի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրման և կայացված վերոնշյալ դատավարական որոշման օրինականության  ստուգման արդյունքում դատախազը հանգել է եզրակացության, որ նախ՝ հետաքննության մարմնի տրամադրության տակ չեն եղել նման եզրահանգման գալու համար բավարար փաստական տվյալներ: Բացի այդ, նկատի ունենալով հատկապես, որ գրենական պիտույքներից բացի, ի տարբերություն այլ դպրոցների, սննդամթերք, տնտեսական այլ ապրանքներ մատակարարելու պայմանագրեր են կնքվել փոխկապակցված անձանց կողմից ղեկավարվող այս դպրոցի և նման ուղղվածություն չունեցող ՍՊԸ-ի միջև,  նյութերի նախապատրաստման սահմանափակ դատավարական ժամկետների պատճառով բավարար ստուգման չի ենթարկվել գնման գործընթացում օրենսդրական պահանջների պատշաճ կատարման հանգամանքները:

Ելնելով դրանից՝ դատախազը գտել է, որ իրականացված գնման գործընթացների օրինականությունը, մատակարարման գործըթնացի կազմակերպման վրա դպրոցի և մատակարար ընկերության ղեկավարների փոխկապակցված լինելու հանգամանքների ազդեցությունը հնարավոր է պարզել և առկա կասկածները փարատել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում առավել լայն քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական  միջոցառումների գործիքակազմի կիրառման պայմաններում, դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930