«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը մի շարք պարզաբանումներ ներկայացրեց իր հեղինակած օրինագծի վերաբերյալ, որը սոցցանցերում քննարկումների եւ քննադատությունների առիթ է տվել: Պատգամավորը նախ տեղեկացրեց, որ իր հեղինակած օրինագիծը, որը դեռեւս չի քննարկվել ԱԺ համապատասխան հանձնաժողովում, արտասահմանում գտնվողներին հնարավորություն է տալիս մինչեւ 27 տարեկանը լրանալը վերադառնալ ՀՀ, վճարել 10 միլիոն դրամ եւ անցնել արագացված՝ մեկամսյա զինվորական ծառայություն՝ այդ կերպ հաշվառվելով պահեստազորում, եւ, ըստ այդմ, խուսափել քրեական պատասխանատվությունից:
Ըստ Հայկ Սարգսյանի՝ նշյալ գումարի մի մասը պետք է ուղղվի բանակում պայմանագրային զինծառայողների ներգրավմանը, մասնավորապես՝ նրանց վարձատրությանը, եւ այս օրինագիծը միտված է եւ ոչ միայն բանակում չծառայած հայերին մինչեւ 27 տարեկանը լրանալը հայրենիք վերադառնալու հնարավորություն տալուն, այլեւ մասնագիտացված բանակ ստեղծելուն: Հայկ Սարգսյանի խոսքով՝ այդ գումարի մի մասն էլ ծառայելու է զինծառայության պայմանների բարելավմանը, մասնավորապես՝ ամեն զորամասում սպորտային կենտրոնի կառուցմանը:
Հայկ Սարգսյանը նաեւ նշեց, որ իր օրինագիծն «Իմ քայլը» խմբակցությունում դեռեւս չի քննարկվել, սակայն գործընկերներից մեկը դեմ է արտահայտվել՝ քննարկելու նկատառմամբ, մի քանիսն էլ ողջունել են, որոշներն էլ զգուշացրել են, որ օրինագիծը շահարկումների տեղիք է տալու: Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ