Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է խնդիրը գործնականորեն ձևակերպելու և ռազմավարությունների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու ժամանակը. վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը

Նոյեմբեր 29,2019 15:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ:

Մինչ քննարկման մեկնարկը վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում մեր երկրի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին և մի շարք արձանագրումներ արել: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.
 «Հարգելի գործընկերներ,

առաջին արձանագրումը հետևյալն է, որ մենք առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրենք ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքների վրա: Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել: Հիմա կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք:

Ինչո՞ւ ենք արձանագրում, որ այդ անցումային շրջանն այլևս համարում եմ ավարտված: Առաջինը կապված է տնտեսության և մեր տնտեսության արդի իրավիճակի, մակրոտնտեսական իրավիճակի հետ: Գիտեք, որ առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի աճը, ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք: Ոչ միայն լուծել ենք տնտեսության կայունացման  հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը:

 Հաջորդ խնդիրը, որ կարևոր է այս համատեքստում՝ վերջին 1.5 տարվա ընթացքում մեզ հաջողվել է լուծել մեր արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում:

 Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պետք է անեմ, հետևյալն է. մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը և ապահովել ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատկերացումներին համապատասխան քաղաքական իրողություններ արձանագրելու կարողության վրա:

 Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ, ըստ էության, 2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարման պատասխանատվությունն ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան՝ կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, այլևս կայացած իրողություն է:

 Բայց շատ կարևոր է որպես այս ամենի ամփոփում ասել, որ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին: Եվ հիմա եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է՝ որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր, դնենք մեր հետագա գործունեության հիմքում»:

Անդրադառնալով ՀՀ հետագա զարգացման ռազմավարության անհրաժեշտության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք 2018 թվականի քաղաքական պրոցեսներով արձանագրեցինք, որ երկրում անկախությունից ի վեր քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հասունացել է համակարգային ճգնաժամ, որն իր հերթին նաև ռազմավարական ճգնաժամ էր, և ինչո՞վ է դա արտահայտվել: Դա արտահայտվել է նրանում, որ այդ թվում օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների և պատճառների բերումով – ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ դրա համար  գոյություն են ունեցել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ – մեր պետականության կերտման առաջին օրերին, առաջին շրջանում, նաև հետագայում չի կատարվել այդ ռազմավարական աշխատանքը՝ պատասխանելու մի պարզ հարցի՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատկերացումներով, Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատկերացումներով  Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին, 2020 թվականին: Եվ հետևաբար, կառավարության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տրամաբանությունը պետք է ամբողջությամբ կառուցված լիներ այդ ռազմավարական տրամաբանության վրա, այսինքն՝ բոլորս տեսնեինք 10 տարվա, 20 տարվա, եթե հնարավոր է, ավելի երկարաժամկետ, մեր հորիզոնը, որպեսզի պետական կառավարման մարմիններն  աշխատեին այդ տրամաբանությամբ: Այսինքն՝ նաև հանրությունը, մենք հասկանայինք, թե ինչ խնդիրներ ենք մենք դրել, ինչ ուղենիշների ուղղությամբ ենք շարժվում, և մեր ամենօրյա աշխատանքն ըստ այդմ պիտի կարգաբերենք, ըստ այնմ, թե ինչքանով է մեր գործունեությունը տանում մեզ մեր ցանկալի նպատակների:

Հետևաբար, մենք այս փուլում պետք է արդեն ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5, 10, 20, 30 տարի հետո և եթե հնարավոր է, ավելի շատ Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի երկիր պետք է լինի մեր պատկերացմամբ: Այս արձանագրումը, իհարկե, լավ է, բայց ժամանակակից աշխարհում և իրողություններում մենք այս խնդրի լուծման համար ունենք մի շատ կարևոր մարտահրավեր. ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նպատակին հասնելու միջոցները կարող են շատ  լուրջ  փոփոխություններ կրել: Եթե ենթադրենք, որ 1991 թվականին մենք հստակ ձևակերպած լինեինք, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, անվտանգային միջավայրի, արտաքին քաղաքականության առումով, բայց համաձայնեք, որ դժվար կլիներ կանխատեսել 1991 թվականին, որ, օրինակ՝ 2000-ական թվականներին հայտնվելու են նոր տեխնոլոգիաներ՝ այֆոնից սկսած սոցիալական ցանցերով ավարտված, որոնք էական ազդեցություն են ունենալու այդ նպատակներին հասնելու և նույնիսկ նպատակների ձևակերպման մեր գործիքակազմի վրա:

Հետևաբար, մենք ունենք 2 խնդիր՝ ձևակերպել մեր ռազմավարական պատկերացումները և միևնույն ժամանակ այդ ռազմավարությունների վերանայման և վերամշակման այնպիսի գործիքներ ներառել և ստեղծել, որոնք մեզ կօգնեն այդ ռազմավարական պատկերացումները զարկերակային կապի մեջ պահել իրականության հետ, որպեսզի ռազմավարական մեր մշակումները, մեր փաստաթղթերը չկորցնեն կապն իրականության հետ, չկորցնեն ապրելու, կենդանի մնալու, իրականությունից ազդվելու և իրականության վրա ազդելու իրենց ընդունակությունը:  

Այսպիսով, մենք արդեն ավելի ընդլայնված ֆորմատով սկսում ենք մեր աշխատանքները ռազմավարությունների շուրջ: Այսօր սկսում ենք Ազգային անվտանգության ռազմավարությունից, որն առանցքային ռազմավարություններից է: Իհարկե, մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք նաև մեր պատկերացումը ռազմավարությունների, այսպես ասած՝ սուբորդինացիոն համակարգի  վերաբերյալ: Պետք է հասկանանք մեր ռազմավարությունների գագաթը և առաջին կամ հիմնական ռազմավարությունը ո՞րն է, որին պետք է համապատասխանացվեն մյուս ռազմավարությունները կամ այսպիսի  խնդիր ընդհանրապես կա՞, թե՞ չկա:  

Կարծում եմ, որ այսօրվա քննարկումը պետք է իրականացնենք այդ տրամաբանությամբ և նաև պայմանավորվենք, որ յուրաքանչյուր ռազմավարություն պետք է մշակվի այնպես, որ ունենա գործնական արժեք և նշանակություն: Այսինքն՝ դրանք պետք է ոչ թե լինեն փաստաթղթեր, որոնք ընդունվում են և դրվում են դարակներում, այլ պետք է լինեն  փաստաթղթեր, որ ամեն օր մեր սեղաններին են՝ կախված տվյալ օրվա կամ տվյալ օրակարգային  առաջնահերթությունների տրամաբանությունից: Դրանք պետք է լինեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ընդհանուր առմամբ մեր հանրային, պետական կյանքի սինխրոնացման հիմնական գործիքը, որպեսզի, ինչպես ժողովրդական լեզվով է ասվում, մեր ամբողջ պետական համակարգը նույն մեխին խփի, նույն նպատակին մղվի և նույն գործիքակազմերով առաջնորդվի: Սա է մեր խնդիրը, որը բավական բարդ խնդիր է, բայց նաև այս 1.5 տարվա աշխատանքը ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք այդ խնդիրը լուծել: Եվ ուրեմն եկել է խնդիրը գործնականորեն ձևակերպելու, ընդունելու և ռազմավարական պատկերացումների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու և դրանք իրագործելու ժամանակը»:    

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը և դրանից բխող ոլորտային ռազմավարություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացին, ռազմավարությունների սուբորդինացիոն համակարգին, միմյանց համապատասխանեցման և փոխգործուն կապի ստեղծման, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման հարցերին:

Վարչապետը կարևորել է նախարարությունների և շահագրգիռ պետական մարմինների միջև համակարգված մշտական աշխատանքը, հանձնարարել ռազմավարությունների մշակման գործընթացը պահել ուշադրության կենտրոնում և ներկայացնել ռազմավարությունների աստիճանակարգության սխեմա:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930